Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ եկել ձանձրալի տեքստեր ասելու». Չեխիայի դեսպանի խոստացած ռեկորդը և անակնկալները

Սեպտեմբեր 29,2026 22:55 Share

«Բարի գալուստ Չեխիայի պետականության տոնին: Ես կփորձեմ մարտահրավեր դնել իմ առջև և ընդունելության ժամանակ դեսպանի ամենակարճ ելույթի ռեկորդ սահմանել… Իսկ երկկողմ հարաբերությունների մասին կասեմ, որ գերազանց են»,- Չեխիայի Հանրապետության ազգային տոնի առիթով կազմակերպված ընդունելության ժամանակ ասաց Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը:

«Ես չեմ եկել այստեղ ձանձրալի տեքստեր ասելու: Ես եկել եմ ներկայացնելու մեկին, ով ինձանից ավելի կարևոր է, դա Չեխիայի հովանավոր Սուրբ Վացլավն է»,- ասաց դեսպանը: Նշենք, որ Սուրբ Վացլավը չեխ ժողովրդի գլխավոր հովանավոր սուրբն է, Չեխիայի պետականության և ազգային ինքնության խորհրդանիշը:

Չեխ օպերային երգչուհի Թերեզա Մատլովայի կատարմամբ հնչեցին Չեխիայի և Հայաստանի Հանրապետությունների օրհներգերը: Այնուհետև դեսպանը բեմ հրավիրեց անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին: «Ցանկանում եմ այս բեմ հրավիրել մի մարդու, ում շատ եմ հարգում և հիանում եմ: Նա Հայաստանի ամենասիրված կոմպոզիտորներից է: Ավելի քան կես դար գրում է երգեր, որոնք դուք՝ մեր հայ բարեկամները, շատ լավ գիտեք: Նա երաժշտություն է գրել 16 ֆիլմի, 30 մուլտֆիլմի համար, նաև Հայաստանում առաջին մյուզիքլի հեղինակն է: Ռոբերտ Ամիրխանյանը՝ որպես Կոնսերվատորիայի պրոֆեսոր, կրթել է կոմպոզիտորների նոր սերունդների»,- ասաց պարոն Պիրունչիկը:

Դեսպանի խոսքով. «Սովորաբար ստանդարտ դիվանագիտական ընդունելությունների ժամանակ ելույթներ են ունենում նախարարներ կամ փոխնախարարներ: Այսօր Ռոբերտ Ամիրխանյանն է լինելու… Իսկ արարողակարգի առումով ամեն ինչ կարգին է, ստուգել եմ՝ պարտադիր չէ, որ քաղաքական գործիչ լինի»:

Ռոբերտ Ամիրխանյանն ասաց, որ պահն այնքան մոգական է, որ չի կարող ազատ արտահայտվել. «Ես գլխավոր խոսքը կուզենայի առաջ քաշել որպես ապրելու գաղափար՝ հիացումը՝ հիացում աշխարհով, հիացում կողքիդ ապրող մարդկանցով, հիացում այն մթնոլորտով, ինչ քո հպարտության արգասիքն է իր մեջ պարունակում: Ես այսօր պետք է ներկայացնեմ մի ստեղծագործություն, որ գրել եմ 60 տարի առաջ, երբ առաջին անգամ այցելել էի Չեխիա: Այդ ստեղծագործությունը ծնվեց իբրև այն ռեակցիայի արդյունք, որն ունեցա այն ժամանակ, իսկ ես հիացում ունեցա Չեխիայից…»:

Ռոբերտ Ամիրխանյանն առաջին անգամ նվագեց իր՝ Չեխիայում ծնված ստեղծագործությունը, իսկ չեխ հայտնի սոպրանո Թերեզա Մատլովան երգեց: Երեկոյին մասնակցում էր նաև չեխ հանրահայտ սաքսոֆոնահար, կոմպոզիտոր և դիրիժոր Ֆելիքս Սլովաչեքի որդին՝ Ֆելիքս Սլովաչեք կրտսերը:
Չեխիայի պետականության տոնի առիթով կազմակերպված ընդունելությունը ջերմ էր, ներկա էին դիվանագետներ, քաղաքական գործիչներ, մշակույթի, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ և Չեխիայի բարեկամներ:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Չեխոսլովակիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992թ. մարտի 30-ին: Չեխոսլովակիայի բաժանումից հետո՝ 1993թ. հունվարի 5-ին, Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չեխիայի Հանրապետության հետ։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930