«2018-ից ՀՀ-ն զավթված է, դա նշանակում է՝ ՀՀ-ում չկա իշխանությունների տարանջատման սկզբունք, չկա արդարադատության համակարգ։ Կա նիկոլաստրուկ համակարգ, որը հպատակեցվել է պարգևավճարներով, SMS-ներով, թուրք-ադրբեջանական գործակալներով և ոչ միայն ազդեցության, այլ ուղիղ գործակալական ցանցի միջոցով»,- Քննչական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և առավոտից սկսված մյուս ձերբակալություններին։
Ըստ բանախոսի՝ ՀՀ-ում քաղաքացիները չունեն իրավունքներ և ազատություններ, և այն քաղաքացիները, ովքեր կցանկանան իրացնել իրենց իրավունքները՝ ազատ խոսքի, պետություն ունենալու պահանջի և այլն, խստագույնս կպատժվեն, ընդհուպ մինչև կալանավորվելով։
Աննա Մկրտչյանը հիշեցնում է՝ Հանրային հեռուստաընկերության երեկվա բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանը միայն մի բան էր խոսում՝ ասում էր՝ «ով և ինչքան ժամանակով է նստելու»։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անընդհատ իր հեռախոսն էր օգտագործում և հիմնավոր կասկած հայտնեց, որ նույն պահին հրահանգներ էր տալիս։
«Նիկոլը գնում է ՀՀ-ի ապամոնտաժմանը»,- ասաց Աննա Մկրտչյանը՝ հավելելով․ «Իրենք բոլորիս համար ունեն մեկ պլան և ծրագիր՝ վերացնել հայերին և ՀՀ-ն»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում։
«ՀՀԿ-ականները չեն վախենում ձերբակալություններից և կալանավորումներից, ՀՀԿ-ի պայքարը հայի ինքնության, պետության և հայրենիքի համար է։ Արմեն Աշոտյանն ամեն ինչ անում է, որպեսզի թույլ չտա ՀՀ-ի անկումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Հենրիխ Դանիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։
Հիշեցնենք, այսօր առավոտից պարզ դարձավ, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է։ Նույն գործով ձերբակալվել են նաև Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը, պրոռեկտոր Արթուր Այվազյանը, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, նրա որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ևս մեկ անձ՝ Հարություն Թադևոսյանը։ ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվել է։ Մեղադրանք է առաջադրվել նաև գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին։ Ձերբակալվել է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Լուսանկարը իր ֆեյսբուքյան էջում երեկ գիշեր հրապարակել էր Արմեն Աշոտյանը՝ գրելով. «Արման ջան, սա էլ կանցնի, ախպերս։ Կասկածից վեր են թե քո ուժը, թե քո կամքը, թե քո խիղճը։ Բարին հաղթում է, երբ ուժեղ է։ Իսկ դու եւ բարի ես, եւ ուժեղ։ Պինդ կաց, ընկերս»։

















































