«Ովքեր քննարկում են, թե Փաշինյանն ինչպես կկազմակերպի ընտրությունները, ասեմ, որ ընտրություններն արդեն կեղծվում են։ Եթե հիմնական բոլոր դերակատարներին փորձում են խոչընդոտել, ազատությունից զրկել, ինչի՞ մասին է խոսքը։ Իսկ Արմեն Աշոտյանի պարագայում դա արդեն անձնական վենդետա է։ ՀՀԿ փոխնախագահը գրեթե երկու տարի անցկացրել է անազատության մեջ՝ տնային կալանքով, սահմանափակումների տակ»,- Քննչական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա հիշեցնում է՝ Հայաստանում 50-ից ավելի քաղբանտարկյալ կար դեռ ընտրական գործընթացը սկսելուց առաջ․ այս պահին արդեն այդ թիվը կրկնապատկվել է։
Հաշվի առնելով Արմեն Աշոտյանի ակտիվությունը և նախորդ օրը իր և Էդուարդ Շարմազանովի ուղիղ եթերը՝ Հայկ Մամիջանյանն ակնհայտ է համարում նման հերթական «ջղաձգումների դրսևորումները»։ Վստահեցնում է՝ ոչինչ չէր կարող կոտրել Արմեն Աշոտյանին, նա շարունակում էր իր ակտիվ գործունեությունը։
«Բոլոր այլախոհներին, ներառյալ Արման Սահակյանին, քաշքշում էին, ձերբակալում և այլն, և բոլորի դրդապատճառը նույնն է՝ Փաշինյանի վախերը»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ բոլոր գործերը դատարաններում փլվում են, իսկ իշխանության նպատակը մինչդատական փուլում քաղաքական գործիչներին անազատության մեջ պահելն է՝ կալանքը որպես պատիժ կիրառելը։
Կարդացեք նաև
Հայկ Մամիջանյանը հիշեցրեց նաև՝ Արմեն Աշոտյանի մասով կա ԵԺԿ-ի հատուկ բանաձևը, որտեղ քաղբանտարկյալների առկայության դատապարտման համատեքստում հատուկ նշվում է Արմեն Աշոտյանի անունը։ Հավելեց՝ այդ կուսակցությունը ԵՄ-ում կառավարող է․ «Իսկ Նիկոլ Փաշինյանը ձգտում է անդամակցել ԵԺԿ կուսակցությանը, որը ճանաչում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք, այսօր առավոտից պարզ դարձավ, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է։ Նույն գործով ձերբակալվել են նաև Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը, պրոռեկտոր Արթուր Այվազյանը, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, նրա որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ևս մեկ անձ՝ Հարություն Թադևոսյանը։ ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվել է։ Մեղադրանք է առաջադրվել նաև գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային

















































