Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այդ անկլավները ՀՀ 29 743 քառակուսի կմ-ի մեջ են մտնում, մի միլիմետր հող չի հանձնվելու, հասկանո՞ւմ եք դուք»․ Էդվարդ Ասրյան

Հունիս 09,2026 15:16 Share

«ՀՀ տարածքը հայտարարված է 29 743 կմ տարածք, ոչ մի թիզ հող չի հանձնվելու»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Հարցին՝ այսպես կոչված «անկլավները» հանձնվելո՞ւ են, Ասրյանը պատասխանեց․ «Ի՞նչ անկլավների մասին է խոսքը, եթե այդ անկլավները ՀՀ 29 743 քկմ-ի մեջ են մտնում, մի միլիմետր հող չի հանձնվելու, հասկանո՞ւմ եք դուք։ Այդ 29 743 քկմ-ն չզիջելու մեջ նաեւ հասկացեք տարածքները վերականգնելու գործընթացը՝ սահմանազատման արդյունքում»։

Հարցին, թե ադրբեջանական զորքը Ջերմուկի բարձունքներում ամրաշինական մեծ աշխատա՞նք է կատարել, Ասրյանը պատասխանեց․ «Ամրաշինական աշխատանքների իրականացումն ինժեներական ապահովման բաղկացուցիչ մաս է, որը զորքն այս կամ այն վայրում տեղակայելիս պետք է իրականացնի։ Իսկ մեր պարտականությունն է, որ ՀՀ տարածքում ադրբեջանական զինուժի կողմից աշխատանքներ իրականացնելուց մենք էլ ահազանգենք։ Մենք դա ահազանգում ենք համապատասխան ճանապարհներով։ Մտահոգիչն այն է, որ իրենք գտնվում են ՀՀ տարածքում։ Բազմիցս ասել ենք, որ մենք աշխատելու ենք, որ սահմանազատման-սահմանագծման արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքի ամբողջականությունը վերականգնվի»։

2022 թվականի սեպտեմբերյան հարձակումից հետո Էդվարդ Ասրյանը հայտարարել էր, որ Ջերմուկի բարձունքները բռնազավթած ադրբեջանցիները կսովածանան, կգնան։ Այսօր լրագրողները նրան հարց ուղղեցին՝ ինչո՞ւ են ադրբեջանցիները մինչեւ հիմա ՀՀ տարածքում։

«Ես խնդրում եմ՝ այդ հարցին չանդրադառնալ։ Այո, ես եմ ասել, այդ պահին պետք էր դա ասել, եւ ես չեմ բարձրաձայնի հանրության առջեւ՝ ինչու եմ ասել։ Ես եմ ասել, ես չեմ զլանում դա հաստատել, որ ասել եմ։ Դա պետք էր այդ պահին ասել, իսկ թե ինչու՝ ես դա չեմ ասի, դա կմնա իմ մեջ»,- արձագանքեց Ասրյանը։

Անդրադառնալով հարցին, որ, օկուպացնելով ՀՀ անտառները, ադրբեջանցիները հատում են ծառերը, ԳՇ պետն ասաց․ «Երբ ինժեներական կառույց է սարքվում, այնտեղ, որտեղ ծառը պետք է հատել, հատվում է»։ Հարցին՝ ինչո՞ւ չեն դատապարտում Ադրբեջանի այդ գործողությունները, նա պատասխանեց, որ ԳՇ պետը եւ ԳՇ-ին ենթակա ոչ մի զինվորական ադրբեջանական զինուժի զինծառայողների հետ կապ չեն պահպանում։

Անդրադառնալով հարցին, որ Նիկոլ Փաշինյանն արցախցիներին ասում է՝ «ինչո՞ւ չեք զոհվել», ինքն էլ արցախցի, բայց չի զոհվել, բարձր պաշտոն է զբաղեցնում Հայաստանում, ինչպե՞ս կարձագանքի Փաշինյանի այդ հայտարարությանը, Էդվարդ Ասրյանը պատասխանեց․ «Ես առաջարկում եմ, որպեսզի ոչ ինձ, ոչ մյուսներին, ոչ գյումրեցուն, ոչ լոռեցուն, ոչ էլ ղարաբաղցուն չասեք՝ դու գյումրեցի ես, դու ղարաբաղցի ես։ Ես հայ եմ, զբաղեցնում եմ բարձր պաշտոն ու կատարում եմ իմ առջեւ դրված խնդիրները։ ՀՀ վարչապետն այդպիսի բան չի ասել, որ դու արցախցի ես։ Խնդրում եմ՝ ինձ այդ հարցերը մի ուղղեք, որպես պետական պաշտոնատար անձ, ռազմական գործիչ՝ ես կատարում եմ իմ աշխատանքը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Նկարը՝ Ռուբեն ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930