Արաբկիր վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում հերթական միջադեպը գրանցվեց։ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը մի քանի հարց հղեց Նիկոլ Փաշինյանին, որը վերածվեց վիճաբանության։ Նիկոլ Փաշինյանը սկսեց գոռգոռալ նրա վրա, ի վերջո նրա թիկնապահները հրելով հեռացրին Օսիպյանին Փաշինյանից։
Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանին հարցրեց․ «Տասնյակ միլիարդները, որ փոխանցել եք, չեք հետևե՞լ՝ էդ փողերն ո՞ւր են գնացել։ Կլանի դեմ, որ պայքարում էինք, էդ կլանի միլիոններից սնվել էիք, եկել էիք Ղարաբաղ, համագործակցել կոռուպցիայի հետ՝ Արայիկին բերելով իշխանության։ Դուք չե՞ք աջակցել ու Արայիկի համար փող եք բաժանել, չխառնվեիք։ Ընտրությունների ժամանակ, երբ թալանչիների կլանի դեմ էինք պայքարում, աչք եք փակել Արայիկի՝ փող բաժանելու վրա»։
Նիկոլ Փաշինյանը հակադարձեց․ «Կա քաղաքական համակարգ և այդ քաղաքական համակարգի հետ աշխատել ենք։ Չէի գալու, Ղարաբաղում իշխանափոխություն անեի»։ Արթուր Օսիպյանն ասաց՝ որ Արայիկի միջոցով փող չբաժանեիք, կվերընտրվեինք ու շարունակեց․ «150 միլիոն ուղարկել եք Ղարաբաղ, չեք էլ հետևել, թե ինչ են եղել այդ գումարները»։
Նիկոլ Փաշինյանին հունից հանեց այն, որ Արթուր Օսիպյանը խոսեց 300 հազար ադրբեջանցի փախստականների մասին․ «Ասում եք՝ ՀՀ անվտանգության գլխավոր երաշխիքը լեգիտիմությունն է։ Մինսկի խումբը լուծարեցիք, Ադրբեջանը պահանջ է դնում, ասում է՝ Ադրբեջանի փախստականները պետք է վերադառնան»։ Նիկոլ Փաշինյանը սկսեց գոռգոռալ․ «Իր ասելով չի, մեր օրակարգում տենց հարց չկա։ Ի՞նչ ես եկել, ստեղ ադրբեջանական նարատիվներ տանում»։
Կարդացեք նաև
Արթուր Օսիպյանին ուժով, հրելով հեռացրին Փաշինյանից։
Փաշինյանն էլ հայտարարեց․ «Ո՞վ եք դուք արա, ասում է՝ Արթուր Օսիպյանն եմ, գլուխդ պատին ես տվել, թալանչի անասուն»։
Հետո էլ Ալեն Սիմոնյանն իր հեռախոսով ցույց տվեց Արթուր Օսիպյանի գրառումը, որն արել էր մինչ Նիկոլ Փաշինյանին մոտենալը, որում մասնավորապես նշված է․ «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք, բռնցնեմ, բմբուլները հանեմ օդ»։ Փաշինյանն էլ նյարդային արձագանքեց․ «Հլը տես, թե ֆեյսբուքում ինչ է գրել․․․բա որ հիմա թողեինք բմբուլները քամուն տային, մեծ կտոր ականջն էր մնալու։ Լակոտ, ոտքի տակ չընկնես»։
Հետո պարբերաբար անդրադառնում էր Արթուր Օսիպյանին․ «Էդ լակոտները, որ գալիս մեծ-մեծ բրդում են, թող բացատրեն՝ ինչի՞ են իրենք կենդանի և մեր տղերքը զոհված։ Իրենք իրավունք չունենք գան ստեղ, խոսեն։ Իրենք պետք է վեր ընկեն տեղները։ Թող Արթուր Օսիպյանը բացատրի՝ ինքն ինչի՞ է կենդանի, զոհված չի, հիմա էլ մեզ ասում են՝ 5000 զոհ։ Թիկունքում «պայո՞կ» էր ուտում, մի հատ էլ եկել, ԵԱՀԿ Մինսկի խումբ է ասում։ Չկա Ղարաբաղի հարց, ով ուզի Ղարաբաղի հարց բացել Հայաստանի ժողովրդի հետ, ինձ հետ է գործ ունենալու։ Չկա Ղարաբաղի հարց, Ղարաբաղի հարցը փակված է։ Էս ովքեր են Ղարաբաղի պսևդո էլիտարները, ռադներդ քաշեք։ Արթուր Օսիպյան, գլուխդ պատին ես տվել, գնայիր, մեր էրեխեքի տեղը զոհվեիր, թալանչի անասուններ։ Դուք Ղարաբաղի ժողովրդին եք պատանդ վերցրել։ Ղարաբաղի հարցը, որ կար, գնայիք, զոհվեիք, դու ինչի՞ ես կենդանի, որ մի հատ էլ 5000 զոհի մասի ես խոսում։ Ձեր՝ ԱԺ պատգամավորներ կոչվածներդ, ինչի՞ եք կենդանի, ինչի՞ չեք զոհվել, ո՞վ է ձեզ ընդհանրապես պահել, այ ստահակներ։ Այ փախածներ, չհամարձակվեք գաք, ստեղ մատ թափ տակ ընդհանրապես։ Ձեզ Հայաստանից արմատախիլ եմ անելու։ Դուք պիտի բացատրություն տաք, թե ինչի եք կենդանի»։
Արաբկիրում ՔՊ-ի քարոզարշավն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































