Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե երկիրը չի կարողանում կայուն կերպով ընդլայնել իր արտահանումը, ապա երկարաժամկետ հեռանկարում դժվար է պատկերացնել արագ տնտեսական զարգացում. «Փաստ»

Հունիս 23,2026 10:21 Share

Հայաստանի տնտեսության շուրջ վերջին տարիներին ձևավորված հանրային և հատկապես պաշտոնական լավատեսական պատկերը (թեկուզ առավելապես չարդարացված) գնալով բախվում է ավելի բարդ և բազմաշերտ իրականության հետ։ Եթե 20222025 թվականներին Հայաստանի տնտեսությունը գրանցում էր բարձր աճի ցուցանիշներ, ինչը հաճախ ներկայացվում էր որպես տնտեսական քաղաքականության հաջողության ապացույց, ապա արդեն 2026 թվականի կանխատեսումները ցույց են տալիս, որ այդ աճի ներքին և արտաքին հիմքերը զգալիորեն թուլանում են։ Հայաստանի Կենտրոնական բանկի վերջին գնահատականները փաստում են, որ առաջիկա տարիներին տնտեսությունը կանգնելու է այնպիսի մարտահրավերների առաջ, որոնք վերաբերում են ոչ միայն տնտեսական աճի տեմպերի դանդաղմանը, այլև տնտեսության կառուցվածքային խնդիրներին, արտաքին առևտրի նվազմանը, ներդրումային միջավայրի անորոշություններին, գնաճային ճնշումներին, ընթացիկ հաշվի խորացող անհավասարակշռություններին և տնտեսական զարգացման մոդելի սահմանափակումներին։

Առաջին հերթին ուշադրության է արժանի տնտեսական աճի կանխատեսումների կտրուկ վատթարացումը։ Եթե 2025 թվականին Հայաստանի տնտեսությունը գրանցել է 7,1 տոկոս աճ, ապա 2026 թվականի համար արդեն կանխատեսվում է ընդամենը 4,5-4,1 տոկոս աճ, իսկ 2027 թվականին՝ 4,7-3,7 տոկոս։ Թվերի այս տարբերությունը իրականում արտացոլում է տնտեսական զարգացման ամբողջ տրամաբանության փոփոխությունը։ Տնտեսության համար 7 տոկոսից բարձր աճը հնարավորություն է տալիս ստեղծել նոր աշխատատեղեր, ավելացնել բյուջետային եկամուտները, մեծացնել ներդրումների ծավալները և որոշ չափով մեղմել սոցիալական խնդիրները։ Սակայն 4 տոկոսի միջակայքում գտնվող աճն արդեն բոլորովին այլ իրականություն է։ Այդպիսի պայմաններում տնտեսությունը շարունակում է աճել, սակայն այդ աճն այլևս բավարար չէ բնակչության կենսամակարդակի արագ բարելավման, արտագաղթի զսպման, աղքատության կրճատման և պետական պարտքի հարաբերական բեռի էական նվազեցման համար։

Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ տնտեսական աճի դանդաղումը տեղի է ունենում ոչ թե արտաքին մեկանգամյա ցնցման հետևանքով, այլ արտացոլում է ավելի խորքային գործընթացներ։ Հայաստանի տնտեսության վերջին տարիների արագ աճի զգալի մասը պայմանավորված էր բացառիկ հանգամանքներով՝ տարածաշրջանային զարգացումներով, կապիտալի ներհոսքով, ծառայությունների արտահանման ընդլայնմամբ, վերաարտահանման աճով և ֆինանսական հոսքերի ակտիվացմամբ։ Այդ գործոնների ազդեցության թուլացման պայմաններում ակնհայտ է դառնում, որ տնտեսության իրական արտադրողական ներուժն ավելի համեստ է, քան վերջին տարիների ցուցանիշները կարող էին ենթադրել։

Կենտրոնական բանկի կանխատեսումներում առավել անհանգստացնող հատվածներից մեկը վերաբերում է արտաքին առևտրին։ Եթե նախկինում ակնկալվում էր արտահանման և ներմուծման աճի վերականգնում, ապա այժմ արդեն կանխատեսվում է, որ թե՛ արտահանումը, թե՛ ներմուծումը 2026 թվականին շարունակելու են մնալ անկման տիրույթում։ Սա չափազանց կարևոր ազդակ է, քանի որ Հայաստանն ունի փոքր և բաց տնտեսություն, որի զարգացման հիմնական շարժիչ ուժերից մեկը արտաքին շուկաների հետ կապն է։ Երբ արտահանումը նվազում է, դա նշանակում է, որ հայկական արտադրանքը, ծառայությունները կամ վերաարտահանվող ապրանքները կորցնում են իրենց նախկին պահանջարկը։ Արտահանման նվազումը անմիջական ազդեցություն է ունենում արտադրության, աշխատատեղերի, հարկային մուտքերի և արտարժութային հոսքերի վրա։

Հատկապես ուշագրավ է, որ արտահանման անկման տեմպերը գնահատվում են բավականին բարձր։ 2025 թվականին արդեն արձանագրվել է արտահանման զգալի նվազում, 2026 թվականին ևս սպասվում է անկման շարունակություն։ Սա նշանակում է, որ տնտեսության արտահանելի հատվածը բախվում է համակարգային խնդիրների։ Այստեղ արդեն հարցը միայն արտաքին շուկաների վիճակը չէ։ Խնդիրը վերաբերում է Հայաստանի արտադրական ներուժին, մրցունակությանը, լոգիստիկ սահմանափակումներին, տեխնոլոգիական հետամնացությանը և ներդրումային միջավայրին։ Եթե երկիրը չի կարողանում կայուն կերպով ընդլայնել իր արտահանումը, ապա երկարաժամկետ հեռանկարում դժվար է պատկերացնել արագ տնտեսական զարգացում։

Ներմուծման անկումը նույնպես երկակի նշանակություն ունի։ Մի կողմից՝ ներմուծման կրճատումը կարող է վկայել արտաքին առևտրային հաշվեկշռի որոշակի բարելավման մասին, սակայն մյուս կողմից՝ այն հաճախ արտացոլում է ներքին պահանջարկի թուլացում, ներդրումային ակտիվության նվազում և տնտեսական սպասումների վատթարացում։ Երբ բիզնեսը պակաս սարքավորումներ, հումք և տեխնոլոգիաներ է ներմուծում, դա կարող է նշանակել, որ տնտեսվարողները զգուշանում են ապագա ներդրումներից և արտադրության ընդլայնումից։

Հայաստանի տնտեսության առջև կանգնած հաջորդ կարևոր մարտահրավերը գնաճային միջավայրն է։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930