«Եթե մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը, որպես նախադասություն կարող էր դիտարկվել իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ, շնչել-արտաշնչելը ևս կարող է դիտարկվել որպես իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ։ Բովանդակային իմաստով, իհարկե, որևէ արտառոց, ռիսկային միտք դրանում չկա։ Ցանկացած ուժ ունենում է իր առջև խնդիր, եթե այն բացառություններից չէ, որը տեսել ենք նաև Սահմանադրական դատարանում. առանց որևէ ուժի պիտակավորելու, բայց իր առջև խնդիր է դնում իշխանափոխության»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք Սամվել Կարապետյանի՝ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենալու մասին հայտարարությունը չի՞ դառնա հերթական քրեական վարույթի հիմք։
Անդրադառնալով Սահմանադրական դատարանում արդեն 5-րդ օրը շարունակվող ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի քննությանը՝ Վարդևանյանն ասաց. «Դատավորների հարցեր կային, որոնք իսկապես բխում էին դիմումներում ներկայացված խնդիրներից, կային հարցեր, որոնք ընդհանրապես չէին վերաբերում սահմանադրական արդարադատությանը, կոնկրետ վեճի առարկային։ Դրանք իրենց բովանդակության մեջ ավելի շատ նման էին երրորդ անձի կողմից հակափաստարկ ներկայացնելուն»։
Ինչ վերաբերում է այսօր գաղտնի ռեժիմով ընթացած քննությանը՝ Վարդևանյանն ասաց՝ մանրամասներ չի կարող ասել, բայց մի քանի հանգամանք կնշի. «Մեր կողմից ներկայացվել էր մոտ 79.000 քաղաքացիների քվեների վերաբերյալ հանգամանքը, որտեղ անձնագրերը, այսպես ասած, աշխատող չէին, կամ վերիֆիկացնող սարքը չաշխատող էր։ Դրա վերաբերյալ համոզիչ հակափաստարկ չլսեցինք։
Մենք ՆԳՆ ներկայացուցչի կողմից լսեցինք, որ սա ռեկորդային նվազ թիվ է՝ համեմատած այլ ընտրությունների։ Կարո՞ղ եմ հետևություն անել, որ այդ թիվը կարող էր լինել զրո, հարյուր, բայց ոչ 79.000։ Ինչ վերաբերում է զինծառայողների կամ գաղտնի ցուցակներով քվեարկության հարցին, այն մտահոգությունները, որ ունեինք, որ սահմանադրական դատարանը մասնակի ընդունելով արձանագրեց, որ նշված հարցը դռնփակ քննարկվի, ես գտնում եմ, որ դրանք չեն փարատվել»։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































