ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑ
23 ապրիլի-20 մայիսի, 2026թ․
22 մայիսի, 2026թ.
I. ԱՄՓՈՓԱԳԻՐ
• 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններն անցկացվում են բևեռացված միջավայրում, որը ձևավորվել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հետ հրադադարի համաձայնագրի կնքումից և 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնյան գագաթաժողովին ևս Հայաստանի եվ Ադրբեջանի միջև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումից հետո տեղի ունեցած զարգացումների ազդեցության ներքո։ Ընտրական միջավայրը
պայմանավորված է եղել համաձայնագրի վավերացման և կիրարկման, սահմանադրական բարեփոխումների գործընթացի, երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման, կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդների միջև լարվածության,
ինչպես նաև վերջերս ընդդիմության հայտնի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական գործերի վերաբերյալ խնդիրներով։
• Ազգային ժողովի ընտրություններում կընտրվի առնվազն 101 պատգամավոր՝ հնգամյա ժամկետով, համամասնական ընտրակարգով, հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից՝ կուսակցությունների փակ ցուցակներով: Որոշ
փոփոխություններ համահունչ էին ԺՀՄԻԳ-ի նախկինում ներկայացրած առաջարկությունների հետ, այդ թվում՝ այն առաջարկությունների հետ, որոնք վերաբերում էին վարչական ռեսուրսների չարաշահման կանխարգելմանը, ընտրողների նկատմամբ ճնշումների և ձայների գնման համար նախատեսված պատասխանատվության միջոցներին, ընտրությունների հետ կապված քրեական իրավախախտումներին, ինչպես նաև
հաշմանդամություն ունեցող ընտրողների համար հասանելիության ապահովմանը: Սակայն մի շարք առաջարկություններ դեռևս շարունակում են մնալ չիրականացված, այդ թվում՝ հոգեկան առողջության հետ կապված ընտրական իրավունքի սահմանափակումների, ընտրողների տվյալների պաշտպանության, լրատվամիջոցների սեփականատերերի թափանցիկության, երկքաղաքացիների թեկնածու առաջադրվելու
իրավունքի և հասարակական կազմակերպությունների, որպես դիտորդական կազմակերպությունների հավատարմագրման վերաբերյալ առաջարկությունները։
Կարդացեք նաև
• Մինչ օրս ընտրությունների վարչարարությունը իրականացնող մարմինը պահպանել է տեխնիկական նախապատրաստական աշխատանքների առնչությամբ օրենքով սահմանված ժամկետները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կանոնավոր կերպով հրավիրել է նիստեր, որոնք հեռարձակվել են ուղիղ եթերով, և որոշումների մեծ մասն ընդունվել է միաձայն։ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի հետ հանդիպած զրուցակիցների մեծ մասը դրական է գնահատել ընտրությունների վարչարարությունը իրականացնող մարմնի ընդհանուր տեխնիկական կարողությունները:
Հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող կազմակերպությունները նշել են, որ ընտրատեղամասերի սահմանափակ մատչելիությունը
շարունակում է մնալ մտահոգիչ:
• Մայիսի 18-ի դրությամբ գրանցված ընտրողների թիվը կազմում է 2,483,520 ընտրող։ Օրենքի համաձայն՝ ընտրողների ցուցակները ապրիլի 28-ին հրապարակվել են առցանց, և ընտրողները մինչև մայիսի 26-ը կարող են դիմել ցուցակներում ընդգրկվելու, տվյալների
ճշգրտման կամ քվեարկության հասցեն փոխելու համար։ Արտերկրում քվեարկելու իրավունքը սահմանափակված է դիվանագիտական և զինվորական անձնակազմով․ արտերկրում բնակվող մյուս ընտրողները կարող են քվեարկել միայն ընտրության օրը Հայաստանում գտնվելու դեպքում։ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի զրուցակիցների մեծ մասն ընդհանուր առմամբ վստահություն է հայտնել ընտրողների ցուցակների ճշգրտության նկատմամբ, սակայն որոշները նշել են, որ տեղահանված հայ փախստականների քաղաքացիության դիմումների քննության ձգձգումները կարող են ազդել դիմորդների ընտրական իրավունքի իրացման վրա։
• Այս ընտրությունների համար որպես ընտրություններին մասնակցող կուսակցություն (կուսակցությունների դաշինքն) գրանցվելու հայտ են ներկայացրել թվով 17 քաղաքական կուսակցություն և 2 դաշինք և մինչև մայիսի 3-ը բոլոր հայտերը հաստատվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Ընտրություններին մասնակցում է ընդհանուր թվով 2,032 թեկնածու․ հինգ քաղաքական կուսակցություն ազգային
փոքրամասնությունների համար նախատեսված տեղերի համար ներկայացրել է նաև փոքրամասնությունների ցուցակներ։ Գրանցումից հետո 73 թեկնածու հանել է իր թեկնածությունը։ Անհատ թեկնածուները չեն կարող առաջադրվել ինքնուրույն, ինչը հակասում է ԵԱՀԿ պարտավորություններին։
• Հանրային և քաղաքական կյանքում կանանց մասնակցությունը, հատկապես ղեկավար պաշտոններում, շարունակում է մնալ ցածր՝ չնայած վերջին տարիներին քաղաքական կուսակցությունների համար ներդրված գենդերային քվոտայի և ֆինանսական խթաններին։
Մասնակցող կուսակցություններից ոչ մեկը չունի կին ղեկավար։ Ներկայումս ԿԸՀ-ի 7 անդամներից 4-ը հանդիսանում են կանայք, ինչը համապատասխանում է օրենքով սահմանված գենդերային պահանջներին: Կանայք կազմում են նաև տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների մոտ 47 տոկոսը։ Օրենքի համաձայն թեկնածուների ցուցակները պետք է ներառեն յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների առնվազն 30 տոկոսը. ներկայացված բոլոր ցուցակները համապատասխանում էին այս պահանջին։ Գրանցված թեկնածուների մոտ 37.8 տոկոսը կանայք են։ Միայն մեկ ցուցակ է գլխավորում կին։
• Շատ կուսակցություններ (կուսակցությունների դաշինքներ) իրենց քարոզչությունը սկսել են մինչև պաշտոնական քարոզչության ժամանակահատվածի մեկնարկը։ Քարոզչությունը ընթանում է ակտիվ և կենտրոնացած է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի,
արտաքին քաղաքականության, տնտեսության, զբաղվածության, իրավունքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերի վրա։ Քարոզչական խոսույթը ունի պառակտող և կոշտ բնույթ և աչքի է ընկնում պատերազմական հռետորաբանությամբ, հատկապես կառավարության «Իրական Հայաստան» ծրագրի, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակի և հնարավոր բարեփոխումների շուրջ։
Ընտրությունների նշանակման պահից ի վեր հարուցվել են ենթադրյալ ձայների գնման և բարեգործական կառույցների չարաշահման հետ կապված մի շարք քրեական գործեր, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցությունների անդամների նկատմամբ։ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի
ընդդիմադիր և քաղաքացիական հասարակության որոշ զրուցակիցներ մտահոգություններ են հայտնել վարչական ռեսուրսների չարաշահման և ընտրություններից կարճ ժամանակ առաջ ներդրված բյուջետային հավելավճարների վերաբերյալ։
• Առցանց քարոզչությունը բավականին տարածված է, սակայն շարունակում է մնալ չկարգավորված։ Որևէ կառույց չունի առցանց քարոզարշավի մշտադիտարկման լիազորություն, թեև վարչապետի աշխատակազմի ներքո գործող մի շարք ստորաբաժանումներ ստանձնել են որոշակի պատասխանատվություն՝ մանիպուլյատիվ տեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների հայտնաբերման և դրանց
արձագանքման ուղղությամբ։ Վերջին շրջանում հրապարակված հարթակների զեկույցները վկայում են Հայաստանի դեմ արտերկրից իրականացվող մի շարք համակարգված ազդեցության գործողությունների մասին։ Սոցիալական հարթակները մի շարք քայլեր են
ձեռնարկել իրենց համայնքային չափանիշները խախտող բովանդակությունը, այդ թվում՝ ընտրություններին առնչվող բովանդակությունը սահմանափակելու ուղղությամբ: Հաղորդված հիբրիդային սպառնալիքների և օտարերկրյա ազդեցության գործողությունների աճի պայմաններում կառավարությունը քայլեր է ձեռնարկել դիմակայունության ամրապնդման ուղղությամբ՝ օրենսդրական փոփոխությունների,
ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և արտաքին համագործակցության միջոցով։
• 2021 և 2024 թվականներին ընդունված փոփոխություններով բարձրացվել են նվիրատվությունների և քարոզչական ծախսերի սահմանաչափերը, վերաբաշխվել են վերահսկողական լիազորությունները և ընդլայնվել է քարոզչական ծախսերի սահմանումը։
Կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) կարող են ստանալ և ծախսել մինչև 800 միլիոն ՀՀ դրամ (1.86 միլիոն եվրո), մինչդեռ երրորդ կողմի կողմից իրականացվող քարոզչությունը կարգավորված չէ։ Մինչև մայիսի 8-ը բոլոր կուսակցությունները
(կուսակցությունների դաշինքները) բացել են նախընտրական հիմնադրամներ: Օրենքով սահմանված կարգով բանկերը եռօրյա պարբերականությամբ ներկայացնում են քաղվածքներ հատուկ հաշվի մուտքերի և ելքերի վերաբերյալ: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի տարբեր զրուցակիցներ մտահոգություններ են հայտնել նախընտրական ֆինանսավորման թափանցիկության վերաբերյալ, այդ թվում՝ նախընտրական հիմնադրամների բացումից առաջ կատարված ծախսերի, իրավաբանական անձանց կողմից արգելված բնեղեն նվիրատվությունների և երրորդ կողմի կողմից իրականացվող քարոզչության, ինչպես նաև ենթադրյալ իրավախախտումների քննության հետևողականության վերաբերյալ։
• Լրատվական միջավայրը բազմակարծիք է, սակայն փոքր և շարունակաբար կրճատվող գովազդային շուկայի պատճառով առավել խոցելի է դառնում քաղաքական ազդեցության նկատմամբ։ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի մի շարք զրուցակիցներ մտահոգություններ են հայտնել մամուլի ազատության միջավայրի թուլացման, ինչպես նաև առցանց լրատվամիջոցների և բլոգերների դեմ դատական հայցերի վերաբերյալ, որոնք հիմնականում նախաձեռնվել են բարձրաստիճան պետական պաշտոնյաների կողմից։ Օրենքը պահանջում է քարոզարշավի
հավասարակշռված լուսաբանում, սակայն ԺՀՄԻԳ ԸԴԱ որոշ զրուցակիցներ հանրային հեռարձակողին ընկալում են որպես կառավարությանը աջակցող։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը լիազորված է մշտադիտարկում իրականացնել հեռարձակողների
նկատմամբ և մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկն արդեն նախազգուշացումներ է տվել երկու հեռուստաալիքի։
• Ընտրական վեճերի վերաբերյալ իրավական դաշտը նախորդ ընտրություններից ի վեր մնացել է անփոփոխ և նախատեսում է ընտրական հանձնաժողովների կողմից վարչական վերանայում և բողոքարկում վարչական դատարանում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վերջնական որոշումը կարող է բողոքարկվել Սահմանադրական դատարանում։ Մինչ օրս ընտրությունների հետ կապված ներկայացվել են քիչ թվով բողոքներ և դիմումներ․ ԿԸՀ-ն մերժել է ընդհանուր թվով երկու բողոք․ մեկը՝ կուսակցություններից մեկի գրանցման վերաբերյալ, իսկ մյուսը՝ դիտորդների խմբի վերաբերյալ: Վարչական դատարան է ներկայացվել ութ բողոք՝ հիմնականում թեկնածուների և դիտորդների գրանցման վերաբերյալ, որոնցից երեքը մերժվել են, երկուսը՝ բավարարվել, իսկ երեքը վերադարձվել են թերությունները վերացնելու նպատակով։
• Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 13 դիտորդական խումբ, որոնցից մինչ այժմ հավատարմագրվել է 1285 դիտորդ, ինչպես նաև 8 միջազգային դիտորդական կազմակերպություն։ 2026 թվականի հունվարի փոփոխություններով ներդրվել են հավատարմագրման լրացուցիչ պահանջներ, այդ թվում՝ գործունեության հաշվետվությունների և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ տեղեկատվության
ներկայացման պահանջը։ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ զրուցակիցները դրական են գնահատել փոփոխությունները՝ դրանք դիտարկելով որպես դիտորդի կարգավիճակի չարաշահման դեմ երաշխիքներ։
II. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ազգային Ժողովի ընտրությունները գնահատելու ՀՀ իշխանությունների հրավերով և հիմնվելով Կարիքների գնահատման առաքելության հանձնարարականների հիման վրա և իր մանդատին համապատասխան, ԺՀՄԻԳ-ն ապրիլի 22-ին (1) մեկնարկել է Ընտրությունների Դիտորդական Առաքելություն (ԸԴԱ)։ Յանես Լանարչիչի գլխավորած առաքելությունը բաղկացած է Երևանում տեղակայված 13 անդամից կազմված հիմնական թիմից և 30 երկարաժամկետ դիտորդներից, որոնք մայիսի 1-ից տեղակայվել են երկրի տարբեր մասերում: Առաքելության անդամները, որոնցից 40 տոկոսը կանայք են, ներկայացնում են ԵԱՀԿ 28 մասնակից պետությունները։
III. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏ
Հայաստանը հանդիսանում է խորհրդարանական հանրապետություն, որտեղ օրենսդիր իշխանությունը վերապահված է միապալատ խորհրդարանին։ Գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ։ Վարչապետ Նիկոլ
Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2018 թվականից ի վեր ունի խորհրդարանական մեծամասնություն և զբաղեցնում է 107 մանդատից 69-ը։ Գործող խորհրդարանում ընդդիմությունը ներկայացնում էր «Հայաստան» դաշինքը՝ 28 մանդատով, և «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 6 մանդատով։ Փետրվարի 6-ին ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանը նշանակել է խորհրդարանական ընտրություններ՝ 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններն անցկացվում են բևեռացված և հուզական առումով բավականին լարված միջավայրում, որը մեծապես պայմանավորված է հարևան Ադրբեջանի հետ 2023 թվականի սեպտեմբերին կնքված հրադադարի համաձայնագրից հետո տեղի ունեցած զարգացումներով։ 2025 թվականի օգոստոսին երկու երկրները
նախաստորագրել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որով սահմանվում է հարաբերությունների կարգավորման շրջանակը։ (2)
Համաձայնագրի վավերացման և իրականացման հետ կապված հարցերը շարունակում են ձևավորել քաղաքական բանավեճ և մնալ մարտահրավեր ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացի համար։ (3)
Ավելի լայն քաղաքական համատեքստը բնորոշվում է կառավարության և Հայ ԱռաքելականԵկեղեցու առաջնորդության միջև առկա լարվածությամբ, որին հրապարակայնորեն աջակցում են մի շարք հիմնական ընդդիմադիր կուսակցություններ։ (4) Ընտրությունների նշանակման նախաշեմին մի շարք նախկին պաշտոնյաների, եկեղեցական առաջնորդների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի նկատմամբ, որը գտնվում է տնային կալանքի տակ։ Ընդդիմադիր կուսակցությունները նշված գործերը բնութագրում են որպես քաղաքական շարժառիթներով պայմանավորված, մինչդեռ
իշխանությունները և իշխող կուսակցությունը պնդում են, որ քննություններն իրականացվում են օրենքին համապատասխան և ուղղված են կոռուպցիայի կանխարգելմանը։ (5)
2023 թվականից ի վեր տեղի ունեցած տարածաշրջանային զարգացումները նույնպես արագացրել են Հայաստանի աշխարհաքաղաքական վերակողմնորոշումը, ինչը էլ ավելի է բևեռացրել ընտրական դաշտը։ (6)
Մինչ մի շարք քաղաքական կուսակցություններ հանդես են գալիս Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերության պահպանման կամ ամրապնդման օգտին, կառավարությունը և որոշ կուսակցություններ առաջ են տանում իրենց բնորոշմամբ հավասարակշռված արտաքին քաղաքականության ամրապնդումը, Եվրոպական միության հետ առավել սերտ հարաբերությունները և հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը։ Այս միմյանց հետ մրցակցող ուղղվածությունները հաճախ
ուղեկցվում են արտաքին միջամտության վերաբերյալ փոխադարձ մեղադրանքներով։(7) Կանանց մասնակցությունը հանրային և քաղաքական կյանքում շարունակում է մնալ ցածր՝ պայմանավորված արմատացած գենդերային նորմերով և տղամարդկանց գերակշռությամբ բնորոշվող քաղաքական գործելակերպով։ Կառավարության 12 նախարարներից 4-ը և գործող խորհրդարանի պատգամավորների 39 տոկոսը կանայք են։ Մարզպետների թվում կին չկա։ Չնայած գենդերային քվոտաներին և կուսակցությունների ղեկավար մարմիններում գենդերային
հավասարակշռությունը պահպանելու համար վերջերս ներդրված ֆինանսական խթաններին՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններից ոչ մեկը չունի կին ղեկավար։ (8)
IV. ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԵՎ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Խորհրդարանական ընտրությունները կարգավորվում են 1995թ. Սահմանադրությամբ, 2016թ. Ընտրական օրենսգրքով, 2016թ. «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքով ևայլ օրենքներով:(9) ԿՀԿ որոշումները նույնպես հանդիսանում են իրավական դաշտի բաղկացուցիչ մասը։ Նախորդ ընտրություններից ի վեր ընտրություններին վերաբերող իրավական դաշտը ենթարկվել է էական փոփոխությունների։ 2021 թվականի մայիսին ընդունված ընտրական օրենսգրքի փոփոխությունների համաձայն, որոնց մեծ մասն առաջին անգամ կկիրառվի այս ընտրություններում, վերանայվել են մանդատների բաշխման և կայուն մեծամասնության համար նախատեսված շեմերը, երկարացվել է հնարավոր երկրորդ փուլի անցկացման ժամկետը, ինչպես նաև փոփոխվել են նախընտրական ֆինանսավորման, ավանդական և առցանց լրատվամիջոցներով քարոզչության լուսաբանման, ընտրողների և թեկնածուների գրանցման, ինչպես նաև քվեաթերթիկների վավերականության որոշման կարգավորումները։ 2022 թվականի հուլիսին ընդունված հետագա փոփոխությունները վերաբերում էին քվեարկության և ձայների հաշվարկի տեսաձայնագրմանը, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների դաշինքների անվանումներին։ (10) 2024 թվականի դեկտեմբերին ընդունվել են Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների էական փոփոխություններ, որոնք վերաբերում էին թեկնածուների գրանցումը ուժը կորցրած ճանաչելուն, թույլատրելի քարոզչական նյութերին, ընտատեղամասերի հասանելիության ապահովման միջոցառումներին, վերահաշվարկի ընթացակարգերին և նախընտրական ֆինանսավորման վերահսկողությանը։ (11) 2024 թվականի փոփոխություններով լրացվել, վերաձևակերպվել կամ ուժը կորցրած են ճանաչվել 2021 և 2022 թվականներին ներդրված բազմաթիվ դրույթներ։
2026 թվականին ընդունվել են փոփոխությունների երկու փաթեթներ: Յուրաքանչյուր փաթեթի շուրջ խորհրդարանական քննարկումները իրականացվել են 24 ժամվա ընթացքում: ԺՀՄԻԳ ԸԴԱի որոշ զրուցակիցներ նշել են, որ, ի տարբերություն նախորդ փոփոխությունների, հունվարին կատարված փոփոխություններին նախորդած քննարկումները համապարփակ չէին և ամբողջությամբ չէին արտացոլում ընդդիմության տեսակետները, մինչդեռ ապրիլյան փոփոխություններին շուրջ հանրային քննարկումներ չեն կազմակերպվել: Հունվարին ընդունված փոփոխություններով ներդրվել են դիտորդների հավատարմագրման նոր պահանջներ, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին վերապահվել է որոշ խախտումների դեպքում դիտորդների հավատարմագրումը ուժը կորցրած ճանաչելու լիազորություն։ (12)
Ապրիլին ընդունված հետագա փոփոխություններով մանրամասնորեն ներկայացվում են քվեաթերթիկների վավերականության պահանջները, ինչպես նաև վերականգնվել են այն դրույթները, որոնք ներդրվել էին 2022 թվականին և 2024 թվականին, սակայն օրենսդրական ձևակերպումների որոշ թերությունների պատճառով ուժը կորցրած էին ճանաչվել, և որոնք արգելում են անձնանունների օգտագործումը դաշինքների անվանումներում: Թեև նման արգելքներ քաղաքական կուսակցությունների անվանումների համար արդեն իսկ սահմանված էին «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով, ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի որոշ ընդդիմադիր զրուցակիցներ քննադատել են փոփոխությունը՝ այն գնահատելով ուշացած և «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավի վրա բացասաբար ազդող։ (13)
Վերջին ընտրություններից ի վեր օրենսդրական փոփոխությունները համապատասխանում էին ԺՀՄԻԳ մի շարք նախկինում ներկայացրած առաջարկություններին, մասնավորապես այն հարցերին, որոնք վերաբերվում էին վարչական ռեսուրսների չարաշահմանը, ընտրողների վրա
ճնշման և ձայների գնման համար նախատեսվող պատասխանատվության միջոցներին, ընտրությունների հետ կապված քրեական հանցագործություններին և հաշմանդամություն ունեցող ընտրողների համար հասանելիությանը: Այնուամենայնիվ, նախկինում ներկայացված
որոշ առաջարկություններ շարունակում են մնալ չիրականացված, այդ թվում՝ հոգեկան առողջության հիմքով ընտրական իրավունքի սահմանափակումների, ընտրողների անձնական տվյալների պաշտպանության, լրատվամիջոցների սեփականատերերի թափանցիկության,
երկքաղաքացիների՝ թեկնածու առաջադրվելու իրավունքի, նախընտրական քարոզարշավի պաշտոնական ժամանակահատվածից առաջ նախընտրական ֆինանսավորման հաշվետվողականության, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների որպես
դիտորդական կազմակերպությունների հավատարմագրման սահմանափակումների վերաբերյալ առաջարկությունները։
Ընտրողները կընտրեն առնվազն 101 պատգամավոր՝ հնգամյա ժամկետով, համամասնական ընտրակարգով, հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից՝ կուսակցությունների փակ ցուցակներով: (14) Կուսակցությունները մանդատների բաշխմանը մասնակցելու համար պետք է ստանան տրված ձայների առնվազն չորս տոկոսը, իսկ դաշինքները՝ առնվազն ութ տոկոսը։ (15) Ըստ Սահմանադրության, կառավարություն կազմելու համար անհրաժեշտ է կայուն խորհրդարանական մեծամասնություն՝ մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսի չափով: Եթե կուսակցությունը (կամ կուսակցությունների դաշինքը) ստանում է մանդատների բացարձակ մեծամասնություն, սակայն չի հասնում նշված շեմին, ապա այդ կուսակցությունը ստանում է այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որոնց արդյունքով այդ կուսակցության մանդատների քանակը տոկոսային արտահայտությամբ կլինի ոչ պակաս, քան սահմանված շեմը: Եթե որևէ կուսակցություն (կամ կուսակցությունների դաշինք) չի ստանում մանդատների բացարձակ մեծամասնություն, հարաբերական մեծամասնություն ստացած կուսակցությունը կարող է ինը օրվա ընթացքում այլ կուսակցությունների հետ կազմել քաղաքական
կոալիցիա։ Եթե քաղաքական կոալիցիա կազմելու ճանապարհով կայուն մեծամասնություն չի ձևավորվում, ապա ցանկացած կուսակցություն հնգօրյա ժամկետում կարող է կազմել կայուն մեծամասնություն ապահովող կոալիցիա։ Եթե որևէ քաղաքական կոալիցիա չի ձևավորվում, ապա
քվեարկության օրվանից 35 օր հետո անցկացվում է ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ՝ երկու առավելագույն ձայներ ստացած կուսակցությունների միջև, և հաղթողին տրվում են լրացուցիչ մանդատները։
V. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ընտրությունների վարչարարությունն իրականացվում է եռաստիճան համակարգով, որը կազմված է ԿԸՀ-ից, 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից (ԸԸՀ) և 2005 տեղամասային ընտրական հանձնաժողովներից (ՏԸՀ): ԿԸՀ-ն կազմված է յոթ անդամներից, ովքեր ընտրվում են վեցամյա ժամկետով Ազգային ժողովի քվեարկության արդյունքում՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, առավելագույնը երկու՝ իրար հաջորդող ժամկետով: ԸԸՀ-ները հանդիսանում են մշտական մարմիններ և կազմված են յոթ անդամից, որոնք նշանակվում են ԿԸՀ-ի կողմից վեց տարի ժամկետով։ Օրենքի պահանջի համաձայն՝ ԿԸՀ-ն և ԸԸՀ-ները պետք է ներառեն յուրաքանչյուր սեռի առնվազն երեք ներկայացուցիչ․ ԿԸՀ անդամներից չորսը և ԸԸՀ անդամների 47 տոկոսը կանայք են։ (16)
ԿԸՀ-ն պատասխանատու է ընտրությունների ընդհանուր կազմակերպման համար։ Մինչ օրս այն պահպանել է օրենքով սահմանված բոլոր ժամկետները, և նախապատրաստական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամկետներին համապատասխան։ ԿԸՀ-ն
պարբերաբար անցկացրել է հանրային նիստ, որոնք հեռարձակվում են ուղիղ եթերով։ Ընտրությունների նշանակման պահից ի վեր ԿԸՀ-ն ընդունել է ավելի քան 160 որոշում՝ հիմնականում միաձայն։ Որոշումները վերաբերել են տեխնիկական նախապատրաստական
աշխատանքներին, թեկնածուների և դիտորդների գրանցմանը, ինչպես նաև օրենսդրության մեկնաբանմանը։ ԿԸՀ-ն նաև ստեղծել է վերապատրաստման և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հետ հարաբերությունների նոր բաժիններ՝ ստորադաս հանձնաժողովների կարողություններն ամրապնդելու և ներքին հաղորդակցությունը բարելավելու նպատակով։
ԸԸՀ-ը վերահսկում են ՏԸՀ-ի ձևավորումը և աշխատանքը, իրականացնում վերահաշվարկներ և ամփոփում արդյունքները իրենց համապատասխան տարածքներում։ Վերջին օրենսդրական փոփոխություններին համապատասխան ՏԸՀ-ի բոլոր անդամներն անցել են ատեստավորում և վերապատրաստում։ Ընտրական ժամանակահատվածում ԸԸՀ-ների նիստերը հեռարձակվում են առցանց, իսկ նիստերի արդյունքում կայացրած որոշումները հրապարակվում են ԿԸՀ կայքում։
ՏԸՀ-ը, որոնք պատասխանատու են ընտրության օրվա գործընթացների կազմակերպման համար, յուրաքանչյուր ընտրության համար ձևավորվում են նոր կազմով և բաղկացած են ութ անդամից․ երկուական անդամ նշանակվում է խորհրդարանական երեք խմբակցություններից յուրաքանչյուրի կողմից, ևս երկուսը՝ համապատասխան ԸԸՀ-րի կողմից։17 Բոլոր ՏԸՀ-ը նշանակվել են օրենքով սահմանված ժամկետներում, այն է՝ մինչև մայիսի 13-ը: ԿԸՀ-ն առաջին անգամ ՏԸՀ կարողություններն ամրապնդելու նպատակով ԸՀ անդամների համար
մեկնարկել է վերապատրաստողների վերապատրաստման ծրագիր: ԿԸՀ-ն նաև մշակել է ընտրողների կրթությանն ուղղված տարբեր նյութեր՝ ընտրողների գրանցման, ընտրական համակարգի և քվեարկության ընթացակարգերի վերաբերյալ: Նյութերը ուղեկցվում են ժեստերի
լեզվով կամ փակ ենթագրերով։ Հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացնող կազմակերպությունները դրական են գնահատել նյութերի հասանելիությունը բարելավելու ԿԸՀ-ի ջանքերը, այդ թվում քվեաթերթիկների համար Բրալյան կաղապարի ներդրումը։ Այնուամենայնիվ, նշված կազմակերպությունները արձանագրել են նաև, որ ընտրատեղամասերի սահմանափակ հասանելիությունը, որը, ԿԸՀ տվյալների համաձայն, կազմում է 31 տոկոս, շարունակում է խոչընդոտել ինքնուրույն մասնակցությանը։ ԺՀՄԻԳ ԸԴԱ զրուցակիցների մեծ մասը, այդ թվում՝ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, դրական են գնահատել ընտրությունների վարչարարությունը իրականացնող մարմինների ընդհանուր տեխնիկական կարողությունները և հույս հայտնել, որ ՏԸՀ-ի անդամների բարելավված վերապատրաստումը մեծապես կլուծի նախորդ ընտրությունների ընթացքում արձանագրված մտահոգությունները, որոնք վերաբերում էին նրանց տեխնիկական կարողություններին:
VI. ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Ընտրությունների օրը 18 տարին լրացած բոլոր քաղաքացիներն ունեն ընտրելու իրավունք, բացառությամբ ծանր հանցագործությունների համար ազատազրկված կամ դատարանի որոշմամբ անգործունակ ճանաչված անձինք: Մտավոր հաշմանդամության հիմքով ընտրական իրավունքի այս սահմանափակումները հակասում են միջազգային ստանդարտներին: (18) Ընտրողների ռեգիստրը վարում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա, և այն ներառում է մշտական բնակության իրավունք ունեցող այն քաղաքացիներին, որոնք ընտրության օրվան նախորդող վեց ամիսների ընթացքում ունեցել են վավեր անձը հաստատող փաստաթուղթ։
Ապրիլի 28-ին, ըստ օրենքի պահանջի, ընտրատեղամասային մակարդակով ընտրողների ցուցակները ներբեռնվող և որոնելի ձևաչափով հրապարակվել են առցանց։ Ընտրողները մինչև մայիսի 26-ը կարող են անձամբ կամ առցանց դիմել տվյալների ճշգրտման կամ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու համար: (19) Ընտրելու իրավունք ունեցող, սակայն ընտրողների ցուցակներում չներառված ընտրողները կարող են ընդգրկվել լրացուցիչ ընտրողների ցուցակներում, այդ թվում՝ ընտրության օրը։ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի զրուցակիցների մեծ մասն ընդհանուր առմամբ վստահություն է հայտնել ընտրողների ցուցակների ճշգրտության նկատմամբ։ Ներքին գործերի նախարարությունը ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին տեղեկացրել է, որ վերջերս քաղաքացիություն ստացած շուրջ 20,000 տեղահանված հայ փախստականներ կարող են մասնակցել քվեարկությանը։ Սակայն որոշ զրուցակիցներ նշել են, որ քաղաքացիության վերաբերյալ դեռևս քննվող դիմումների մշակման ձգձգումները կարող են ազդել դիմորդների ընտրական իրավունքի իրացման վրա։ (20) ՆԳՆ տվյալների համաձայն շուրջ 7,000 դիմում դեռևս գտնվում է քննության փուլում։
Մայիսի 18-ի դրությամբ՝ գրանցված ընտրողների թիվը կազմել է 2,483,520 ընտրող։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ընտրություններից երեք օր առաջ վերջնական ցուցակները կներկայացնի ՏԸՀ-ին: Ընտրության օրը ընտրողների նույնականացումն իրականացվելու է ընտրողների նույնականացման սարքերի միջոցով, որոնք պարունակում են ընտրողների ցուցակների էլեկտրոնային պատճենները։ Ընտրությունների օրվանից հետո թափանցիկության բարձրացման և ընտրակեղծիքների կանխարգելման նպատակով ստորագրված ընտրողների ցուցակները, բացառությամբ զինվորական հաստատությունների, ձերբակալված անձանց պահելու վայրերի և քրեակատարողական հիմնարկների ցուցակների, կհրապարակվեն առցանց, ինչը հակասում է ընտրողների տվյալների պաշտպանության և քվեարկելու կամ չքվեարկելու ընտրության գաղտնիության պահպանման վերաբերյալ ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում ներկայացված առաջարկություններին:
VII. ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր անձ: (21) Այլ պետության քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող առաջադրվել, ինչը հակասում է ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում տրված առաջարկությանը:
Թեկնածուներ կարող են առաջադրել քաղաքական կուսակցությունները կամ դաշինքները․ անձը չի կարող առաջադրվել որպես անհատ, ինչը հակասում է ԵԱՀԿ պարտավորություններին։ (22)
Ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կամ կուսակցությունների դաշինքները) պարտավոր են առաջադրել թեկնածուների մեկ համապետական ընտրական ցուցակ, որը կարող է կազմված լինել 80-ից մինչև 300 թեկնածուից բաղկացած ցուցակի առաջին մասից: Ընտրական ցուցակի առաջին մասում կարող են ընդգրկվել նաև կուսակցության (կուսակցության դաշինքի) անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը: Ընտրական ցուցակը կարող է ունենալ երկրորդ մաս, որում կարող են ընդգրկվել չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Թեկնածուների ցուցակները պետք է ապահովեն յուրաքանչյուր սեռի առնվազն 30 տոկոս ներկայացվածություն, և յուրաքանչյուր ցուցակի առաջին 30 թեկնածուները պետք է հաստատվեն և առաջադրվեն կուսակցության համագումարի որոշմամբ: (23) Օրենքը սահմանում է
նաև տարբեր ընթացակարգային պահանջներ և թեկնածուների ցուցակների գրանցման համար վճարվող գրավի չափի վերաբերյալ դրույթներ: (24)
ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի զրուցակիցների մեծ մասը գոհունակություն է հայտնել թեկնածուների գրանցման գործընթացի կազմակերպման վերաբերյալ։ Մինչև ապրիլի 23-ի վերջնաժամկետը 17 քաղաքական կուսակցություն և 2 դաշինք ԿԸՀ են ներկայացրել գրանցման հայտեր, և մինչև մայիսի 3-ը բոլոր հայտատուները գրանցվել են։ (25) Ընտրություններին մասնակցում է ընդհանուր թվով 2,032 թեկնածու, այդ թվում՝ 768 կին (37.8 տոկոս), և բոլոր ցուցակները համապատասխանում են գենդերային պահանջներին։ Կին թեկնածու գլխավորում է միայն մեկ ցուցակ: Հինգ քաղաքական կուսակցություն ներկայացրել է ազգային փոքրամասնությունների ցուցակներ, որոնք ներառում են 21 թեկնածու։ Գրանցումից հետո 12 կուսակցությունից (կուսակցության դաշինքից) 73 թեկնածու, այդ թվում՝ 26 կին ներկայացրել են ինքնաբացարկի դիմում: Գենդերային քվոտան կիրառվում է միայն թեկնածուների ցուցակների գրանցման փուլում․ օրենքը չի պահանջում գենդերային քվոտայի պահպանումը թեկնածուների կողմից իրենց թեկնածությունը հետագայում հանելու դեպքում։
VIII. ՔԱՐՈԶԱՐՉԱՐՇԱՎԻ ՄԻՋԱՎԱՅՐԸ
Պաշտոնական նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և ավարտվում է ընտրությունների օրվանից մեկ օր առաջ։ Օրենքը չի արգելում նշված ժամկետից շուտ քարոզչություն իրականացնելը, և շատ կուսակցություններ (կուսակցությունների դաշինքներ) քարոզչությունը իրականացրել են պաշտոնական նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ։ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի մի շարք զրուցակիցներ մտահոգություններ են հայտնել այդ միջոցառումներից որոշներում պետական պաշտոնական գործունեության և նախընտրական քարոզչության միջև հստակ տարանջատման բացակայության վերաբերյալ: (26) Քարոզարշավին վերաբերող կարգավորումների մեծ մասը գործում է միայն պաշտոնական նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում, սակայն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) և նրանց հետ փոխկապակցված կառույցների բարեգործական գործունեությունն արգելվում է հենց ընտրությունների նշանակման պահից։
Քարոզարշավի հիմնական թեմաներն են խաղաղությունը և տարածաշրջանային կայունությունը, որոնք հիմնականում կապված են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի, տեղահանված հայ փախստականների կարգավիճակի, Ադրբեջանում պահվող հայ կալանավորված անձանց վիճակի, ինչպես նաև կենսամակարդակի, տնտեսության, իրավունքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերի հետ։ Քարոզարշավը բավականին ակտիվ է․ ընտրության կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) օգտագործում են թվային և տպագիր գովազդային վահանակներ, տպագիր քարոզչական նյութեր, լրատվամիջոցներ և առցանց իրազեկման հարթակներ, ինչպես նաև անցկացնում են անմիջական հանդիպումներ։ (27)
Հանրային խոսույթը հաճախ ունի պառակտող բնույթ և ուղեկցվում է պատերազմական հռետորաբանությամբ, հատկապես կառավարության «Իրական Հայաստան» ծրագրի շուրջ, որը կարևոր տեղ է զբաղեցնում քարոզարշավում, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակի և առաջարկվող բարեփոխումների վերաբերյալ հարցերում։ (28) «Ուժեղ Հայաստան»- ի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց անդամների նկատմամբ վերջերս հարուցված ձայների գնման և բարեգործական գործունեության չարաշահման հետ կապված քրեական գործերը խոչընդոտում են իրենց քարոզչական գործունեությանը։ (29)
Օրենքն արգելում է վարչական ռեսուրսների օգտագործումը նախընտրական քարոզչության նպատակներով, իսկ 2021 և 2024 թվականների փոփոխություններով առավել հստակեցվել են նման չարաշահման ձևերը և ընդլայնվել է քարոզչական գործունեությանը մասնակցելու իրավունք չունեցող սուբյեկտների ցանկը։ ԺՀՄԻԳ ԸԴ-ի զրուցակիցները մի շարք մարզերում հայտնել են այս կանոնների խախտումների առկայության մասին։ (30) Մի շարք զրուցակիցներ նաև քննադատել են ընտրությունների նախաշեմին սոցիալական և տնտեսական միջոցառումների իրականացումը կամ նման ծրագրերի մասին հայտարարությունները, որոնք, նրանց գնահատմամբ, շահեկան են գործող
իշխանություններին։ (31)
Սոցիալական ցանցերը հանդիսանում են քաղաքական տեղեկատվության հիմնական աղբյուրները, սակայն մեդիագրագիտության մակարդակը շարունակում է մնալ ցածր։ (32) «Facebook»-ը ամենալայն տարածում ունեցող հարթակն է, մինչդեռ կուսակցությունների մեծ մասն ակտիվ է նաև «Instagram»-ում և «Telegram»-ում։ Կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) մեծ մասը մեծ ուշադրություն է դարձնում թվային քարոզչությանը, այդ թվում՝ «Meta»- ի և «Google»-ի հարթակներում վճարովի քաղաքական գովազդի միջոցով իրականացվող
քարոզչությանը։ Սոցիալական ցանցերում իրականացվող քարոզչությունը հիմնականում կարգավորված չէ, բացառությամբ այն պահանջի, որ պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածում քարոզչական բովանդակությունը և առցանց քաղաքական գովազդը պետք է ունենա հատուկ նշում: (33)
Պետական մարմինների տվյալների համաձայն վերջին տարիներին Հայաստանը բախվել է հիբրիդային սպառնալիքների և օտարերկրյա ազդեցության գործողությունների աճի։ (34) Դրան ի պատասխան 2025 թվականին ընդունված կիբեռանվտանգության, անձնական տվյալների
պաշտպանության և հանրային տեղեկատվության կառավարման վերաբերյալ օրենսդրական փաթեթի միջոցով կառավարությունն ուժեղացրել է այդ սպառնալիքներին արձագանքելու պատրաստվածությունը, ինչպես նաև ամրապնդել է կիբերանվտանգության համար պատասխանատու Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) կարողություննեըր: Ընտրություններից առաջ ԵՄ-ն աջակցել է իշխանություններին՝ տեղակայելով Հիբրիդային արագ արձագանքման թիմ՝ ռիսկերը գնահատելու և հիբրիդային սպառնալիքներին
հակազդելու վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով։ (35) ԺՀՄԻԳ ԸԴԱ զրուցակիցների մեծ մասը դրական է գնահատել օրենսդրական փոփոխությունները, սակայն որոշները մտահոգություն են հայտնել, որ արտաքին աջակցությունը կարող է ընկալվել որպես ոչ
պատշաճ ներգրավվածություն ընտրական գործընթացում։ Որևէ հաստատության չունի առցանց քարոզարշավի մշտադիտարկման պաշտոնական լիազորություն, սակայն մի շարք պետական մարմիններ ընտրությունների ժամանակահատվածում ստանձնել են հիմնական սպառնալիքներին հակազդելու որոշ գործառույթներ։ Հայաստանի Հանրապետության Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ը ԺՀՄԻԳ ԸԴ-ին տեղեկացրել է մանիպուլյատիվ տեղեկատվության մշտադիտարկման և Վարչապետի աշխատակազմի Ռազմավարական հաղորդակցության վարչության հետ համատեղ, կառավարության արձագանքը համակարգելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին։ ՀՏՀԳ-ն նույնպես տեղեկացրել է ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին, որ մշտադիտարկում է իրականացնում համակարգված ոչ իրական վարքագծի նկատմամբ, ինչպես նաև հայտնաբերում է կիբեռսպառնալիքները և արձագանքում դրանց։ (36)
Սոցիալական հարթակները չունեն պետական մարմիններին որևէ տեղեկատվություն տրամադրելու իրավական պարտավորություն,
այնուամենայնիվ ԿՀԸ-ն հանդիսանում է «Meta» և «TikTok հարթակների հետ հաղորդակցության հիմնական կապող օղակը։ Վերջին զեկույցները վկայում են Հայաստանի դեմ ուղղված մի շարք համակարգված ազդեցության գործողությունների մասին․ սոցիալական հարթակները ձեռնարկել են մի շարք միջոցներ՝ իրենց համայնքային չափանիշները խախտող բովանդակությունը, այդ թվում՝ ընտրություններին առնչվող նյութերը, սահմանափակելու ուղղությամբ։ (37) Որոշ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ հիբրիդային սպառնալիքների և խտրական հռետորաբանության բացահայտման նպատակով նույնպես մշտադիտարկում են առցանց միջավայրը։ (38)
Թեպետ մի շարք դերակատարներ ակտիվ քարոզչություն էին իրականացնում դեռևս մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, քարոզարշավի առաջին շաբաթներից ընտրություններում մասնակցողբոլոր կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) ակտիվացրել են իրենց գործունեությունը սոցիալական ցանցերի հարթակներում։ Քարոզարշավի սկզբում սոցիալական ցանցերում, այդ թվում՝ պետական պաշտոնյաների կողմից, արձանագրվել են վիրավորական, խտրական և պառակտող խոսույթի կիրառման դեպքեր: (39)
ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն սկսել է մշտադիտարկել ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների առցանց գործունեությունը, ներառյալ նրանց ղեկավարների և որոշ առանցքային թեկնածուների գործունեությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով նրանց հաղորդագրությունների բովանդակությանը և հնչերանգին։ (40)
IX. ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Նախընտրական քարոզչության ֆինանսավորումը կարգավորվում է Ընտրական օրենսգրքով և «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքով։ 2021 և 2024 թվականներին ընդունված փոփոխություններով, ի թիվս այլ փոփոխությունների, բարձրացվել են նվիրատվությունների և քարոզչական ծախսերի սահմանաչափերը, վերաբաշխվել են վերահսկողություն իրականացնող մարմինների լիազորությունները և, ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում ներկայացված առաջարկության համապատասխան, ընդլայնվել է քարոզչական ծախսերի սահմանումը՝ ներառելով նաև
կազմակերպչական ծախսերը, ինչպիսիք են գրասենյակային տարածքի, տրանսպորտի, կապի միջոցների և քարոզարշավի աշխատակազմի հետ կապված ծախսերը։ (41)
Խորհրդարանում ներկայացված չորս քաղաքական կուսակցություններ և դաշինքները ստանում են տարեկան պետական ֆինանսավորում՝ վերջին ընտրություններում ստացած ձայների թվին համամասնորեն։ (42) Քարոզարշավների համար առանձին պետական ֆինանսավորում
նախատեսված չէ։ Կուսակցությունները կարող են ֆինանսավորվել նաև անդամավճարների, քաղաքացիների նվիրատվությունների, վարկերի և կուսակցական գործունեությունից ստացված եկամուտների հաշվին, ընդ որում՝ տարեկան ընդհանուր եկամուտը սահմանափակվում է 1
միլիարդ ՀՀ դրամով (2.33 միլիոն եվրո)։ Ընտրողները կարող են տարեկան կտրվածքով մինչև 10 միլիոն ՀՀ դրամ (23,500 եվրո) նվիրաբերել քաղաքական կուսակցությանը և չեն կարող անմիջականորեն նվիրատվություն կատարել նախընտրական քարոզարշավին, մինչդեռ
իրավաբանական անձանցից, օտարերկրյա և անանուն աղբյուրներից ստացված նվիրատվություններն արգելված են։ Ընտրություններին մասնակցող կուսակցությունը իրավունք ունի կուսակցության նախընտրական հիմնադրամի հաշվին փոխանցել ընդհանուր մինչև 800
միլիոն ՀՀ դրամ (1.86 միլիոն եվրո), որը նաև հանդիսանում է քարոզչական ծախսերի առավելագույն սահմանաչափը: (43) Նախընտրական հիմնադրամից վճարումները կատարվում են անկանխիկ եղանակով՝ հատուկ հաշիվների միջոցով: Կուսակցական հաշիվներին կարող են
կատարվել կանխիկ նվիրատվություններ: Երրորդ կողմի կողմից իրականացվող քարոզչությունը կարգավորված չէ:
ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը (ՎՎԾ) լիազորված է վերահսկել նախընտրական ֆինանսավորումը, մինչդեռ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վերահսկում է կուսակցությունների կանոնավոր ֆինանսավորումը։ Թեկնածուների գրանցումից հետո
խորհրդարանական յուրաքանչյուր կուսակցություն, օրենքի պահանջին համապատասխան, ՎՎԾում նշանակել է մեկ աուդիտոր։ Մինչև մայիսի 8-ը ընտրությունների բոլոր կուսակցությունները (կամ կուսակցությունների դաշինքները) բացել են նախընտրական հիմնադրամներ, և բանկերը սկսել էին յուրաքանչյուր երեք օրը մեկ ՎՎԾ-ին ներկայացնել հատուկ հաշիվներից քաղվածքներ: ՎՎԾ-ն և ԿԿՀ-ն պարտավոր են յուրաքանչյուր երեք օրը մեկ հրապարակել յուրաքանչյուր կուսակցության (կամ կուսակցության դաշինքի) ընդհանուր եկամուտները և ծախսերը՝ առանց նվիրատուների անունների կամ ծախսերի վերաբերյալ մանրամասն տվյալներ հրապարակելու։ (44)
Կուսակցությունները (կամ կուսակցությունների դաշինքները) պարտավոր են նախընտրական ֆինանսավորման հաշվետվություններ ներկայացնել մայիսի 17-ին, մայիսի 27-ին, ինչպես նաև հունիսի 11-ին, սակայն այդ հաշվետվություններում պարտավոր չեն բացահայտել
ֆինանսավորման աղբյուրները։ Հաշվետվությունները հրապարակվում են ԿԸՀ-ի կայքում դրանք ներկայացնելուց հետո երեք օրվա ընթացքում։ Առցանց ծախսերը ենթակա են հայտարարագրման: Ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից մեկ օր առաջ ԿԸՀ-ն պետք է հրապարակի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության աուդիտորական եզրակացությունները։
Խախտումների համար նախատեսված պատժամիջոցները ներառում են չհայտարարագրված կամ թերհայտարարագրված եկամուտների կամ ծախսերի, ինչպես նաև թույլատրելի սահմանաչափը գերազանցող գումարի եռապատիկի չափով տուգանքներ, ինչպես նաև այն կուսակցության (կամ կուսակցության դաշինքի) գրանցման անվավեր ճանաչում, որոնք չեն բացել նախընտրական հիմնադրամ կամ գերազանցել են ծախսերի առավելագույն սահմանաչափը ավելի քան 20 տոկոսով։
ԺՀՄԻԳ ԸԴԱ բազմաթիվ զրուցակիցներ մտահոգություններ են հայտնել նախընտրական հիմնադրամների բացումից առաջ կատարված ծախսերի, իրավաբանական անձանց կողմից իրականացված բնեղեն նվիրատվությունների և երրորդ կողմի կողմից իրականացվող քարոզչության, այդ թվում՝ բարեգործական կազմակերպությունների միջոցով իրականացվող քարոզչության թափանցիկության պակասի վերաբերյալ (տե՛ս նաև «Քարոզչության միջավայրը» բաժինը)։ Թեպետ Հակակոռուպցիոն կոմիտեն և Քննչական կոմիտեն իրականացրել են մի շարք քննություններ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ, ԺՀՄԻԳ ԸԴԱ բազմաթիվ զրուցակիցներ հաղորդել են ընտրողական և հնարավոր քաղաքական շարժառիթներով պայմանավորված մոտեցման մասին։
X. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐ
Լրատվական միջավայրը բազմակարծիք է, սակայն փոքր և շարունակաբար կրճատվող գովազդային շուկայի պատճառով այն առավել խոցելի է դառնում քաղաքական ազդեցության նկատմամբ։ Հեռուստատեսությունը շարունակում է մնալ քաղաքական տեղեկատվության կարևոր
աղբյուրը, թեև աստիճանաբար զիջում է իր լսարանը սոցիալական ցանցերին։ Հայաստանի հանրային հեռարձակողը, որը ԺՀՄԻԳ ԸԴԱ բազմաթիվ զրուցակիցների կողմից ընկալվում է որպես կառավարությանը աջակցող, գործում է երկու համապետական հեռուստաալիքներով՝ «Հ1-ով» և «Առաջինի լրատվական ալիքով», ինչպես նաև «Հայաստանի Հանրային ռադիոյով»։ (45)
Մի շարք զրուցակիցներ մտահոգություններ են հայտնել հեռարձակման ոլորտում բազմակարծության սահմանափակման վերաբերյալ՝ մատնանշելով ընդդիմության հետ փոխկապակցված «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների կողմից համապետական վերգետնյա հեռարձակման լիցենզիաների կորուստը, ինչպես նաև 2025 թվականի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի
փոփոխություններից հետո Հայ Առաքելական Եկեղեցու հետ փոխկապակցված «Շողակաթ» հեռուստաընկերության փակումը։
Սահմանադրությունը երաշխավորում է արտահայտվելու ազատությունը և մամուլի ազատությունը։ Զրպարտությունը և վիրավորանքը ապաքրեականացվել են 2010 թվականին։ Սակայն վերջին շրջանում առցանց լրատվամիջոցների և մի շարք բլոգերների նկատմամբ
ներկայացվել են խուլիգանության հոդվածով քրեական մեղադրանքներ՝ բարձրաստիճան պետական պաշտոնյաների նկատմամբ վիրավորական բովանդակության համար, ինչը հանգեցրել է մինչդատական կալանքների, իսկ մեկ դեպքում՝ նաև տեսանյութերի մոնտաժման
սարքավորումների խուզարկության և առգրավման։ (46)
ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի մի շարք զրուցակիցների գնահատմամբ՝ այս դեպքը, ինչպես նաև հիմնականում բարձրաստիճան պետական պաշտոնյաների կողմից նախաձեռնված քաղաքացիական զրպարտության վերաբերյալ դատական հայցերի աճող թիվը, թուլացրել են Հայաստանում մամուլի
ազատության միջավայրը։ (47)
Օրենքը պահանջում է, որպեսզի հեռարձակողները ապահովեն հավասարակշռված լուսաբանում։ ԿԸՀ-ի որոշման համաձայն՝ մայիսի 8-ից Հայաստանի հանրային հեռարձակողը յուրաքանչյուր կուսակցությանը (կամ կուսակցության դաշինքի) հատկացրել է օրական երեք րոպե անվճար հեռուստաեթեր՝ փրայմ թայմի ընթացքում, և օրական հինգ րոպե անվճար ռադիոժամանակ։ Հեռուստաեթերից օգտվել են բոլոր կուսակցությունները (կամ կուսակցությունների դաշինքները), իսկ ռադիոժամանակից՝ 14-ը։ Մասնավոր վերգետնյա հեռարձակողները պարտավոր են քարոզարշավի ընթացքում յուրաքանչյուր կուսակցությանը (կամ կուսակցությունների դաշինքին)տրամադրել 25 րոպե անվճար եթերաժամանակ, մինչդեռ վճարովի քաղաքական գովազդը պետք է առաջարկվի հավասար պայմաններով։ Հանրային հեռուստատեսությունը
պարտավոր է կազմակերպել առնվազն երեք բանավեճ, որոնք բաց կլինեն բոլոր կուսակցությունների (կամ կուսակցությունների դաշինքների) համար, այդ թվում՝ մեկ բանավեճ ցուցակների առաջնորդների միջև։ Առաջին բանավեճը, որին մասնակցել է վեց կուսակցություն
(կամ կուսակցությունների դաշինք), անցկացվել է մայիսի 17-ին: Մասնավոր հեռարձակողները նույնպես կազմակերպել են բազմաթիվ բանավեճեր:
Հեռարձակվող լրատվամիջոցների կարգավորող մարմինը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ), քարոզարշավի ընթացքում վերահսկում է լիցենզավորված հեռարձակողների կողմից կանոնների պահպանությունը։ Հայտնաբերված խախտումների դեպքում այն կարող է նախազգուշացումներ տալ, տուգանքներ կիրառել կամ կասեցնել լիցենզիաները։ (48)
Ապրիլին, մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, հանձնաժողովը նախազգուշացումներ է տվել «Կենտրոն» և «ԴԱՐ 21» հեռուստաընկերություններին՝ համապատասխանաբար «Բարգավաճ Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժերին նվիրված լրատվական լուսաբանման օրենքով թույլատրելի սահմանաչափը գերազանցելու համար։ (49)
Մայիսին, երկու կուսակցությունների կողմից ներկայացված բողոքների հիման վրա, ՀՌՀ-ն վարչական վարույթ է հարուցել «Ա-ԹԻՎԻ» և «Արմենիա TV» հեռուստաընկերությունների նկատմամբ՝ կուսակցություններին հատկացված անվճար եթերաժամանակի հասանելիությանը
խոչընդոտելու համար։ Իր ներքին մեդիա մշտադիտարկման հիման վրա ՀՌՀ-ն նաև վարույթներ է հարուցել «Շանթ» հեռուստաընկերության և «Գործարար Ալիք FM106.5»-ի նկատմամբ՝ գովազդով քարոզչական ծրագրերը ընդհատելու համար, ինչպես նաև «FastSports TV»-ի նկատմամբ՝ անվճար եթերաժամանակի հետ կապված խախտումների համար։ Պաշտոնական քարոզարշավի մեկնարկից հետո ԺՀՄԻԳ ԸԴԱ սկսել է իրականացնել յոթ հեռուստաալիքների քանակական և որակական մշտադիտարկում, ինչպես նաև չորս առցանց լրատվամիջոցի որակական գնահատում։ (50)
XI. ԸՆՏՐԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Ընտրական վեճերի վերաբերյալ իրավական շրջանակը նախորդ ընտրություններից ի վեր մնացել է անփոփոխ և նախատեսում է վարչական կարգով վերանայում ընտրական հանձնաժողովների կողմից, ինչպես նաև դատական բողոքարկում Վարչական դատարանում։ Բողոքներ
ներկայացնելու իրավունքը, մեծ մասամբ, սահմանափակվում է այն անձանցով, որոնց ընտրական իրավունքները անմիջականորեն տուժում են, ինչը հակասում է ԺՀՄԻԳ-ի նախկինում ներկայացված առաջարկություններին: Ընտրական հանձնաժողովների և դատարանների կողմից բողոքների զուգահեռ քննություն չի թույլատրվում, ընդ որում առաջնահերթությունը տրվում է դատական վարույթին։ Բողոքներն և դիմումները պետք է քննվեն բաց նիստերում՝ երեքից հինգ օր տևող արագացված ընթացակարգով․ որոշումները վերջնական են և ենթակա են հրապարակման Վարչական դատարանի կայքում դրանց ընդունման օրը: Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի վերջնական որոշումը կարող է բողոքարկվել Սահմանադրական դատարանում։ Ընտրությունների վարչարարությունը իրականացնող մարմինը մայիսի 18-ին գործարկել է ընտրությունների հետ կապված վարույթների հարթակ: Քարոզարշավի մեկնարկից ի վեր ԸԸՀ
որևէ բողոք չի ներկայացվել․ ԿԸՀ-ն քննել է երկու բողոք, մեկը՝ կուսակցություններից մեկի գրանցումը անվավեր ճանաչելու վերաբերյալ, իսկ մյուսը՝ հավատարմագրված դիտորդական կազմակերպություններից մեկի կողմից անաչառության պահանջը չպահպանելու վերաբերյալ։
Երկու բողոքն էլ մերժվել են: Վարչական դատարան է ներկայացվել ութ բողոք․ երեք բողոք, որը վերաբերում էր ՄՔԾ-ի կողմից բնակության կամ քաղաքացիության վերաբերյալ տեղեկանք տրամադրելու մերժումներին՝ մերժվել է։ Երկու բողոք բավարարվել է․ մեկի հիմքով՝ ԿԸՀ-ն պարտավորեցվել է հավատարմագրել մեկ կազմակերպություն, իսկ մյուսի հիմքով՝ ՄՔԾ-ն պարտավորեցվել է տրամադրել քաղաքացիության վերաբերյալ տեղեկանք։ Երեք բողոք վերադարձվել է դիմողներին՝ լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու կամ ընթացակարգային
թերությունները վերացնելու պահանջով։ ԺՀՄԻԳ ԸԴԱ մի շարք զրուցակիցներ մտահոգություններ են հայտնել դատարանների և իրավապահ մարմինների անաչառության վերաբերյալ։ (51)
XII. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ
Ընտրական օրենսգիրքը նախատեսում է ընտրությունների դիտարկում քաղաքացիական և միջազգային դիտորդների, ինչպես նաև կուսակցությունների (կամ կուսակցությունների դաշինքների)վստահված անձանց կողմից։ Քաղաքացիական դիտորդական
կազմակերպությունները կարող են ԿՀԸ ներկայացնել հավատարմագրում ստանալու հայտ՝ պայմանով, որ իրենց կանոնադրական նպատակներում ընտրությունների նշանակմանը նախորդող առնվազն մեկ տարվա ընթացքում ներառած լինեն ժողովրդավարությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչը հակասում է ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում ներկայացրած առաջարկությանը: 2026 թվականի հունվարի փոփոխություններով դիտորդների հավատարմագրման համար ներդրվել են չեզոքության ապահովման լրացուցիչ պահանջներ,52 այդ
թվում՝ գործունեության վերաբերյալ հաշվետվությունների և ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկությունների ներկայացման պահանջը։ ԺՀՄԻԳ ԸԴԱ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ զրուցակիցների մեծ մասն աջակցություն է հայտնել
օրենսդրական փոփոխություններին՝ նշելով անցյալում որոշ դիտորդական խմբերի անաչառության վերաբերյալ մտահոգությունները, մինչդեռ մի շարք կազմակերպություններ և ընդդիմությունը քննադատել են փոփոխությունները և դրանք գնահատել որպես հապճեպ ընդունված և իրենց տեսակետները ոչ բավարար չափով արտացոլող փոփոխություններ։
Դիտորդական դաշտը բավականին ակտիվ է։ Մինչև մայիսի 3-ի վերջնաժամկետը ԿԸՀ-ն գրանցել է 13 քաղաքացիական դիտորդական խումբ, որոնցից մինչ այժմ հավատարմագրվել է 526 դիտորդ, ինչպես նաև 8 միջազգային դիտորդական կազմակերպություն։53 «Ականատես» դիտորդական առաքելությունը և «Անկախ դիտորդ»-ը իրականացնում են երկարաժամկետ դիտարկում և պլանավորում են ընտրության օրը իրականացնել համապարփակ դիտարկում։ (54)
XIII. ԺՀՄԻԳ ԸԴԱ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն Երևանում պաշտոնապես բացվել է ապրիլի 23-ին։ Առաքելության շրջանակներում կանոնավոր կապեր են հաստատվել ԿԸՀ-ի, Արտաքին գործերի նախարարության և պետական այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև թեկնածուների և քաղաքական
կուսակցությունների այլ ներկայացուցիչների, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության և դիվանագիտական և միջազգային հանրության ներկայացուցիչների հետ։
ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի երկարաժամկետ դիտորդները 2026 թվականի մայիսի 1-ին իրենց տեղակայումից ի վեր, հանդիպումներ են անցկացնում մարզային և տեղական մակարդակների շահագրգիռ կողմերի հետ։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) հայտարարել են ընտրությունների օրվա համար դիտորդական պատվիրակություն ուղարկելու և ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի հետ համատեղ միջազգային ընտրությունների դիտորդական առաքելություն ձևավորելու իրենց մտադրության մասին։
Սույն զեկույցի անգլերեն թարգմանությունը միակ պաշտոնական փաստաթուղթն է:
Հայերենով առկա փաստաթուղթը հանդիսանում է ոչ պաշտոնական թարգմանություն:
1 Տե՛ս նաև Հայաստանում ընտրությունների վերաբերյալ ԺՀՄԻԳ-ի նախորդ դիտորդական առաքելությունների զեկույցները՝ https://www.osce.org/odihr/elections/armenia.
2 Համաձայնագրով կողմերը պարտավորվել են կարգավորել հարաբերությունները՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, հրաժարվելով տարածքային պահանջներից, ինչպես նաև ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից։ Նրանք նաև պարտավորվել են իրականացնել խաղաղության կառուցման միջոցառումներ, այդ թվում՝ հաստատել դիվանագիտական
հարաբերություններ, հարգել ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը և զարգացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Համաձայնագիրը 2025 թվականի օգոստոսի 8-ին նախաստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների պետությունների ղեկավարների ներկայությամբ, որոնք ստորագրել են Համատեղ հռչակագիրը:
3 Սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները սկսվել են 2020 թվականին՝ անկախ խաղաղության գործընթացից․ 2022 թվականին ստեղծվել է Բարեփոխումների նոր խորհուրդ՝ նոր Սահմանադրության նախագիծ մշակելու մանդատով։ 2025թ․ օգոստոսի համաձայնագրի նախաստորագրումից հետո Ադրբեջանը դրա իրականացումը պայմանավորել է Հայաստանի Սահմանադրությունից այն հղումների հեռացմամբ, որոնք, իր գնահատմամբ, տարածքային պահանջներ են պարունակում։ Ի պատասխան՝ Հայաստանի վարչապետը և արտաքին գործերի նախարարը նշել են, որ
սահմանադրական բարեփոխումները ներքին հարց են, սակայն միաժամանակ կարծիք են արտահայտել հօգուտ ընդունելու Սահմանադրություն, որը չի պարունակի վիճարկվող ձևակերպումների հղումներ։ 2026 թվականի մարտին արդարադատության նախարարը հայտարարել է, որ Սահմանադրության նոր նախագիծն ավարտված է և մինչև հրապարակումը կքննարկվի իշխող կուսակցության շրջանակներում։ Վարչապետը հայտարարել է, որ սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2027 թվականին։
4 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Ադրբեջանի հետ հրադադարի հայտարարության ստորագրումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ կոչ արեց վարչապետի հրաժարականին՝ նշելով, որ կառավարությունը, ենթադրաբար, չի պաշտպանել ազգային շահերը։ Նմանատիպ կոչեր հնչեցին նաև 2023 թվականի սեպտեմբերյան հրադադարի համաձայնագրից հետո, որոնք
գագաթնակետին հասան 2024 թվականի մայիսին որոշ բարձրաստիճան հոգևորականների գլխավորած զանգվածային հակակառավարական բողոքի ցույցերով, որոնց ընթացքում բազմաթիվ անձինք բերման են ենթարկվել։ 2025 թվականի հունիսին բարձրաստիճան հոգևորականներ և ընդդիմության ներկայացուցիչներ ձերբակալվել և քրեական հետապնդման են ենթարկվել տարբեր հիմքերով․ ձերբակալությունները շարունակվել են մինչև 2026 թվականի հունվարը։ 2026 թվականի փետրվարին Կաթողիկոսի նկատմամբ առաջադրվել են քրեական մեղադրանքներ և կիրառվել է երկրից դուրս գալու արգելք, որոնք ապրիլին դատարանի կողմից չեղարկվել են։ 2026 թվականի հունվարին վարչապետը, մի շարք հոգևորականների հետ միասին, կոչ է արել , որպեսզի Կաթողիկոսը տա հրաժարական և սկսել եկեղեցական բարեփոխումների արշավ, որը դարձել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ծրագրի մաս։ Եկեղեցին և մի շարք կուսակցություններ քննադատել են այս քայլը՝ այն գնահատելով որպես Սահմանադրությամբ պաշտպանված իր կարգավիճակի խաթարում։ Այս ընտրություններից առաջ «Ուժեղ Հայաստան»-ը և մի շարք
ընդդիմադիր ընտրական սուբյեկտներ, այդ թվում՝ «Հայաստան դաշինք»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը և «Միասնության թևեր»-ը շարունակում են հրապարակայնորեն աջակցություն հայտնել Եկեղեցուն։
5 Եկեղեցուն աջակցող հայտարարություններից հետո «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը 2025 թվականի հունիսին ձերբակալվել է իշխանությունը զավթելուն հրապարակայնորեն կոչ անելու մեղադրանքով․ հոկտեմբերին նրան առաջադրվել են նաև հարկերից խուսափելու և փողերի լվացման լրացուցիչ մեղադրանքներ։ 2025 թվականի դեկտեմբերին նա տեղափոխվել է տնային կալանքի, որը 2026
թվականի ապրիլին երկարաձգվել է ևս երեք ամսով։ Ընտրությունների հայտարարումից առաջ այլ աղմկահարույց քրեական քննությունների շրջանակում ներգրավված են երկու նախկին նախագահներ և ներկայիս կուսակցությունների ղեկավարներ՝ Ռոբերտ Քոչարյան-ը և Սերժ Սարգսյան-ը, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետը և Գյումրու գործող քաղաքապետը։
6 Հայաստանը 2024 թվականի փետրվարին դադարեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որը գլխավորում է Ռուսաստանի Դաշնությունը, թեև պաշտոնապես չի դուրս եկել կազմակերպությունից։ Եվրոպական միությունը 2023 թվականի հունվարին մեկնարկել է քաղաքացիական առաքելություն՝ սահմանամերձ շրջաններում կայունությանը նպաստելու նպատակով։ Խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել է ԵՄ ինտեգրման մասին ակտը, իսկ 2025 թվականի դեկտեմբերին՝ ԵՄ–Հայաստան ռազմավարական գործընկերության օրակարգը։ 2026 թվականի ապրիլին Հայաստանում ստեղծվել է ԵՄ գործընկերության առաքելություն՝ դիմակայունության և ճգնաժամային
կառավարման կարողությունների ամրապնդման նպատակով։ 2026 թվականի մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումից հետո, Երևանում տեղի է ունեցել Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովը։
7 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլյան այցի ընթացքում Մոսկվա, Վլադիմիր Պուտինը խոսել է երկու երկրների միջև առկա «հատուկ հարաբերությունների» մասին և մտահոգություն հայտնել այն կապակցությամբ, որ ռուսամետ դիրքորոշում ունեցող որոշ հայ քաղաքական գործիչներ գտնվում են կալանքի տակ։ Մայիսին տեղի ունեցած Հայաստան–ԵՄ գագաթնաժողովից հետո մի շարք պետությունների
ղեկավարներ աջակցություն են հայտնել վարչապետ Փաշինյանին, այդ թվում՝ Էմանուել Մակրոնը, որը մայիսի 5-ին վարչապետի հետ մասնակցել է Գյումրիում կազմակերպված լայնամասշտաբ հանրային միջոցառմանը։
8 Թեկնածուների ցուցակներից միայն մեկը՝ «Ընդդեմ բոլորի» ժողովրդավարական կուսակցությունն է գլխավորում կին։
9 Այդ թվում՝ Վարչական դատավարության օրենսգրքով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, Քրեական օրենսգրքով և «Խաղաղ հավաքների մասին» օրենքով։
10 2022 թվականին ներդրվել են նաև նոր վարչական իրավախախտումներ, այդ թվում՝ ընտրական ժամանակահատվածում կուսակցությունների հետ փոխկապակցված բարեգործական գործունեության, անօրինական քարոզչական նյութերի, ինչպես նաև գույքի և եկամուտների հայտարարագրեր չներկայացնելու համար։
11 Տե՛ս Վենետիկի հանձնաժողով-ի և Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ-ի 2023 թվականի Համատեղ կարծիքը՝ Ընտրական օրենսգրքում և հարակից օրենսդրությունում առաջարկվող փոփոխությունների նախագծի վերաբերյալ. մի շարք հանձնարարականներ հաշվի են առնվել 2024 թվականի դեկտեմբերին ընդունված օրենքում։
12 Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին տեղեկացրել է, որ փոփոխություններից առաջ անցկացրել է խորհրդակցություններ մի շարք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և միջազգային շահագրգիռ կողմերի հետ։ Ընդդիմությունը բոյկոտել է 2026 թվականի հունվարի 23-ի խորհրդարանական նիստը, որի ընթացքում Ընտրական օրենսգրքում փոփոխություններն ընդունվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայների մեծամասնությամբ։
13 Այս ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ը սկզբնապես իր գրանցման հայտը ներկայացրել էր «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» անվամբ․ փոփոխության ընդունումից հետո դաշինքը պարտավորվել է փոփոխել իր հայտը։
14 Բացի այդ, օրենքը նախատեսում է խորհրդարանում մինչև չորս վերապահված մանդատ՝ վերջին՝ 2022 թվականի մարդահամարի տվյալներով չորս խոշորագույն ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրի համար (եզդիներ, ռուսներ, ասորիներ և քրդեր)։
15 Օրենքի համաձայն, եթե անցողիկ շեմը հաղթահարում է երեքից պակաս կուսակցություն կամ դաշինք, ապա Խորհրդարան անցնում են ամենաշատ ձայներ ստացած երեք կուսակցությունները (կամ կուսակցությունների դաշինքները):
16 Թեև ընտրատարածքային հանձնաժողովներում քարտուղարների շուրջ 87 տոկոսը կանայք են, նրանց մասնակցությունը ղեկավար պաշտոններում սահմանափակ է․ նրանք զբաղեցնում են նախագահների պաշտոնների 16 տոկոսը և նախագահների տեղակալների պաշտոնների 18 տոկոսը։
17 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվում են խորհրդարանական խմբակցությունների միջև և նշանակվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից՝ յուրաքանչյուր կուսակցության զբաղեցրած մանդատների թվի, առկա պաշտոնների և ընտրատեղամասերի քանակի հիման վրա կիրառվող բանաձևի համաձայն։
18 Տե՛ս ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի (CRPD) 12-րդ և 29-րդ հոդվածները։ CRPD-ի վերաբերյալ 2014 թվականի թիվ 1 Ընդհանուր մեկնաբանության 48-րդ պարբերության համաձայն՝ «անձի որոշումներ կայացնելու կարողությունը չի կարող հիմնավորում հանդիսանալ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական իրավունքների իրականացման որևէ սահմանափակման համար, այդ թվում՝ ընտրելու իրավունքի, ընտրվելու իրավունքի և երդվյալ ատենակալ լինելու իրավունքի մասով»։
19 Հատուկ ընտրողների ցուցակներ կկազմվեն քրեակատարողական հիմնարկներում, կալանավայրերում, զինվորական և բժշկական հաստատություններում գտնվող ընտրողների համար։ Արտերկրում գտնվող դիվանագիտական և զինվորական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների համար նախատեսված է միայն առցանց քվեարկություն։
20 ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Գործառույթների տվյալների պորտալի տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից ի վեր տեղահանվել է ավելի քան 115,000 հայ։
21 Թեկնածուները պետք է թեկնածության գրանցման հայտը ներկայացնելուն նախորդող 1,461 օրերից առնվազն 731 օրը բնակվեն Հայաստանում։ Հայերենի իմացությունը հավաստվում է հայկական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթով, իսկ դրա բացակայության դեպքում՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից անցկացվող քննությամբ։
22 Տե՛ս 1990 թվականի Կոպենհագենի փաստաթղթի 7.5-րդ պարբերությունը, համաձայն որի մասնակից պետությունները պարտավորվում են «հարգել քաղաքացիների իրավունքը՝ անհատապես կամ քաղաքական կուսակցությունների կամ կազմակերպությունների ներկայացուցիչների միջոցով ձգտելու քաղաքական կամ պետական պաշտոնի»։
23 Բացի այդ, յուրաքանչյուր երեք հաջորդական թեկնածուներից կազմված խմբում պետք է ներկայացված լինեն երկու սեռերի ներկայացուցիչներ։
24 Կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) պարտավոր են ներկայացնել կուսակցության կանոնադրությունը, թեկնածուների ցուցակը հաստատող համագումարի որոշումը, թեկնածուների գրավոր համաձայնությունը, ինչպես նաև 7.5 միլիոն ՀՀ դրամ (17,500 եվրո) գրավ՝ կուսակցությունների համար, և 15 միլիոն ՀՀ դրամ (35,000 եվրո)՝ դաշինքների համար։ Գրավը վերադարձվում է, եթե կուսակցությունը կամ դաշինքը ստանում է մանդատներ խորհրդարանում կամ համապատասխանաբար հավաքում է առնվազն 2 կամ 4 տոկոս ձայն։
25 Ութ կուսակցություններից պահանջվել է 35 թեկնածուների վերաբերյալ ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր, և օրենքին համապատասխան նրանց տրամադրվել է 48 ժամ՝ բացթողումները վերացնելու համար․ արդյունքում այդ թեկնածուներից 23-ի գրանցումը մերժվել է՝ գրանցման պահանջները չկատարելու հիմքով։ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն և «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը Վարչական դատարանում բողոքարկել են մեկական թեկնածուի գրանցման մերժումը, սակայն երկու բողոքներն էլ մերժվել են։
26 Ապրիլի 19-ին Գյումրիում և ապրիլի 25-ին Երևանում անցկացվել են լայնամասշտաբ «Խաղաղության ձայն» համերգներ, որոնք համահունչ էին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական կարգախոսին՝ «Տե՛ր կանգնիր Խաղաղությանը»։ Վարչապետը մասնակցել է Գյումրիի համերգին, որը լայնորեն ընկալվել է որպես կուսակցության քարոզարշավի մեկնարկային միջոցառում։ Երկու համերգներն էլ հովանավորվել են Fast Bank-ի կողմից, իսկ «Անկախ դիտորդ» դաշինքը բողոք է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ քարոզարշավի ենթադրյալ ապօրինի ֆինանսավորման վերաբերյալ։ «Ականատես» քաղաքացիական դիտորդական խմբի տվյալներով՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզչական տարբերանշանը և կարգախոսը օգտագործվել են նաև 2026 թվականի ամանորյա միջոցառումների ընթացքում Երևանում, որոնք նույնպես ֆինանսավորվել էին «Fast Bank»-ի կողմից։
27 Մինչ օրս ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի երկարաժամկետ դիտորդները դիտարկել են 46 նախընտրական միջոցառում, հիմնականում՝ հանրահավաքներ, որոնց ամենամեծ մասնաբաժինը բաժին է ընկել Քաղաքացիական պայմանագիր-ին և «Ուժեղ Հայաստան»-ին, որոնց հաջորդել են «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Ելույթ ունեցողների մեծ մասը տղամարդիկ էին։ Դիտարկված
միջոցառումների ավելի քան 80 տոկոսը հասանելի էր ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար։
28 «Իրական Հայաստան» ծրագիրը, որը հաստատվել է 2025 թվականի հունվարին, կենտրոնացած է խաղաղության և տարածաշրջանային հարաբերությունների կարգավորման վրա, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով։ Վարչապետը բազմիցս ներկայացրել է ընտրությունները անվտանգության խիստ շեշտադրումներով․ պաշտոնական քարոզարշավից առաջ և դրա
ընթացքում նա հայտարարել է, որ ընդդիմության հաղթանակը կհանգեցնի պատերազմի, իսկ «Ուժեղ Հայաստան»-ի, «Բարգավաճ Հայաստան»-ի և «Հայաստան» դաշինքի առաջնորդներին բնութագրել է որպես «պատերազմի եռագլուխ կուսակցություն»։ Իր հերթին, ընդդիմության խոշոր կուսակցությունների մեծ մասը հանդես է գալիս Ադրբեջանի հետ հարաբերությունների ներկայիս ուղղության վերանայման, ինչպես նաև փախստականների լիարժեք ինտեգրման կամ «վերադարձի իրավունքի» օգտին։
29 Իշխանությունները նախաձեռնել են ձայների գնման և կաշառքի հետ կապված ավելի քան 54 քրեական վարույթ, որոնց մեծ մասը վերաբերում է «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցներին։ Չնայած ԺՀՄԻԳ ԸԴԱ-ը չկարողացավ համապատասխան մարմիններից ստանալ ներգրավված անձանց ճշգրիտ թիվը՝ կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են, որ այս մեղադրանքներով ձեռբակալվել կամ բերման է ենթարկվել ավելի քան 250 մարդ։ 2026 թվականի ապրիլին «Ուժեղ Հայաստան»-ի հայտնի անդամներից մեկը ձերբակալվել և
մեղադրվել է ձայների ենթադրյալ գնման խախտումների համար։ Բացի այդ, Հակակոռուպցիոն կոմիտեն նախաձեռնել է մի շարք քրեական գործեր «Ուժեղ Հայաստան»-ի հետ ենթադրյալ փոխկապակցված բարեգործական կազմակերպությունների վերաբերյալ, այդ թվում՝ մարտի 30-ին չորս անձի, ապրիլի 14-ին կուսակցության երկու անդամի և կուսակցության առաջնորդի ազգականների, ինչպես նաև ապրիլի 16-ին ևս
14 անձի ձերբակալություններ՝ ձայների գնման կամ բարեգործության անվան տակ ֆինանսական միջոցներ տրամադրելու հետ կապված մեղադրանքներով։
30 Ավելի վաղ՝ մայիսի 13-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ էր արել բոլոր ընտրական սուբյեկտներին հարգել վարչական ռեսուրսների չարաշահման արգելքը։
31 Դրանց թվում էին համընդհանուր առողջապահական ապահովագրությունը, որի մասին հայտարարվել էր 2025 թվականի դեկտեմբերին՝ 2026 թվականի հունվարից ուժի մեջ մտնելու պայմանով, կենսաթոշակների և հաշմանդամության նպաստների բարձրացումը, որի մասին հայտարարվել էր 2026 թվականի մարտին՝ ապրիլից կիրառման պայմանով, արդյունքահեն պարգևավճարներն ու վճարումները բարձրաստիճան պաշտոնյաներին և նախարարություններին, այդ թվում՝ ըստ հաղորդումների՝ 2025 թվականի դեկտեմբերին
հատկացված 3.5 միլիարդ ՀՀ դրամը (8.1 միլիոն եվրո, 1 եվրո = 430 ՀՀ դրամ) և 2026 թվականի մարտին հաղորդված լրացուցիչ 4.6 միլիարդ ՀՀ դրամը (10.7 միլիոն եվրո), մարտին հայտարարված ավելի քան 2 միլիարդ ՀՀ դրամի (4.5 միլիոն եվրո) լրացուցիչ մարզային ֆինանսավորումը, ինչպես նաև ապրիլին հայտարարված զրոյական տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկերը։
32 Միջազգային հեռահաղորդակցության միության DataHub-ի տվյալներով՝ 2024 թվականին բնակչության 81 տոկոսն օգտվել է համացանցից։ «Prisma»-ի «Արտահայտվելու ազատության և մեդիայի սպառման» հետազոտության համաձայն՝ 2024 թվականին հարցվածների միայն 31 տոկոսն է կարողացել ճանաչել մանիպուլյատիվ մեդիա ռազմավարությունները։
33 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԺՀՄԻԳ ԸԴԱին տեղեկացրել է, որ վերահսկում է այս կարգավորման պահանջների պահպանումը միայն վճարովի առցանց գովազդի մասով։
34 Տե՛ս նաև Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության «Արտաքին անվտանգության ռիսկերի մասին 2026 թվականի զեկույց»-ը և «CyberHUB–AM»-ի «Հայաստանի կիբեռանվտանգության սպառնալիքների միջավայր» զեկույցը։
35 Հաղորդումների համաձայն՝ փետրվարին արտաքին գործերի նախարարը դիմել է Եվրոպական միությանը՝ ընտրությունների համատեքստում օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների, միջամտությունների և կիբեռսպառնալիքների դեմ պայքարում աջակցություն ստանալու խնդրանքով։ ԵՄ փորձագետներից կազմված Հիբրիդային արձագանքման թիմը մարտ-ապրիլ ամիսներին այցելել է Հայաստան և աջակցություն ցուցաբերել վարչապետի աշխատակազմին, Ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի
տեղեկատվական համակարգերի գործակալությանը։
36 Մայիսի 18-ին Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը հրապարակել է հայտարարություն՝ նախազգուշացնելով հայկական կայքերի նկատմամբ բաշխված ծառայությունների մերժման (DDoS) հարձակումների աճի մասին։ Ընտրություններին ընդառաջ ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի (ՏՀԿԿ) հատուկ
ջանքերը ներառում են օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների վերաբերյալ ուղեցույցի հրապարակումը և ԱԲ-ի հիման վրա աշխատող բովանդակության ստուգման հարթակի ստեղծումը։
37 2026 թվականի մարտի դրությամբ TikTok-ը հեռացրել էր շուրջ 80 ոչ իսկական հաշիվ՝ 27,892 հետևորդով, որոնք գործում էին Ռուսաստանի Դաշնությունից, թիրախավորում էին Հայաստանի, Մոլդովայի և Վրաստանի լսարանները և փորձում էին տարածել որոշ քաղաքական գործիչների համար բարենպաստ և մյուսների նկատմամբ քննադատական նարատիվներ՝ հիմնականում Հայաստանի խորհրդարանական
ընտրությունների համատեքստում։ «Google»-ը, «Meta»-ի աջակցությամբ, արգելափակել է 63 «YouTube»-ի ալիք, որոնք կապված էին Ռուսաստանի հետ առնչվող համակարգված ազդեցության գործողության հետ և տարածում էին արաբերեն, հայերեն, անգլերեն, ղազախերեն և ուկրաիներեն բովանդակություն։ Արգելափակվել են նաև մեկ այլ գործողության հետ կապված 25 «YouTube» ալիքներ՝ հայերեն, անգլերեն,
գերմաներեն և ռուսերեն բովանդակությամբ, որը աջակցում էր Ռուսաստանին և քննադատում Ուկրաինային ու Միացյալ Նահանգներին, ինչպես նաև ևս 25 ալիք՝ Ադրբեջանի հետ կապվող համակարգված ազդեցության գործողությունների հետաքննության շրջանակում, որոնք տարածում էին Հայաստանի նկատմամբ քննադատական բովանդակություն։ «Meta»-ի 2026 թվականի առաջին եռամսյակի զեկույցի համաձայն՝ ընկերությունը խափանել է «Ruposters»-ին մեծ հավանականությամբ վերագրվող համակարգված ոչ իսկական
վարքագծի ցանցը և միջոցներ ձեռնարկել 52 «Facebook» հաշվի, 134 էջի և 35 «Instagram» հաշվի նկատմամբ։ Ցանցը թիրախավորում էր շուրջ 20 երկրների, այդ թվում՝ Հայաստանի լսարանները, ուներ ընդհանուր առմամբ ավելի քան 274,000 հետևորդ և գովազդի վրա ծախսել էր մոտ 49,000 ԱՄՆ դոլար:
38 Դրանց թվում են Փաստերի ստուգման հարթակ-ը, Տեղեկատվության ազատության կենտրոնը, Մեդիայի բազմազանության ինստիտուտը, Հետքը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
39 Մայիսի 10-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ անդրադառնալով ընդդիմությանը, Քաղաքացիական պայմանագիր-ի քարոզչական միջոցառման ժամանակ հայտարարել է․ «Եռագլուխ հրեշը, որ ուզում է պատերազմ բերել մեր երկրին, պետք է բնում խեղդվի»։ Նույն օրը Եղեգնաձորում կայացած քարոզչական միջոցառման ժամանակ վարչապետը, անդրադառնալով ընդդիմությանը, ասել է․ «եթե նրանք
որևէ տեղ աշխատելու են, ապա թող աշխատեն բանտում»։ Մայիսի 14-ին վարչապետը և ընդդիմության առաջնորդներից մեկը «Facebook»-ում փոխադարձաբար միմյանց անվանել են համբալ»:
40 ԺՀՄԻԳ ԸԴ-ի առաքելությունը մշտադիտարկում է 63 հաշիվ «Facebook»-ում, «Instagram»-ում և «Telegram»- ում։
41 Թեև 2021 թվականի փոփոխություններով վերահսկողական լիազորությունները ՎՎԾ-ից փոխանցվել էին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով-ին, ԿԿՀ-ի տվյալներով՝ փոխանցումը չի իրականացվել դրա սահմանափակ կարողությունների պատճառով։ 2024 թվականի փոփոխություններով ՎՎԾ-ի լիազորությունները վերականգնվել են։
42 2021 թվականի ընտրություններից հետո տարեկան 520 միլիոն ՀՀ դրամ (1.21 միլիոն եվրո) հատկացվել է չորս կուսակցությունների․ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 268 միլիոն ՀՀ դրամ (623,256 եվրո), Հայաստան դաշինքը՝ 163 միլիոն ՀՀ դրամ (379,070 եվրո), Բարգավաճ Հայաստան կուսակցությունը՝ 50 միլիոն ՀՀ դրամ (116,279 եվրո), իսկ Հանրապետություն կուսակցություն-ը՝ 38 միլիոն ՀՀ դրամ (88,372 եվրո)։ 2021 թվականից հետո պետական ֆինանսավորում ստանալու շեմը նվազեցվել է երեքից երկու տոկոսի։ Կուսակցությունները կարող են ստանալ նաև լրացուցիչ ֆինանսավորում, եթե մարզերի ունեն գենդերային հավասարակշռված ղեկավար կազմ և մասնաճյուղեր մարզերի կեսից ավելիում։
43 Անվճար կամ շուկայական արժեքից ցածր արժեքով ստացված ապրանքները և ծառայությունները, ինչպես նաև քարոզչական հաշիվների բացումից առաջ կատարված վճարումները պետք է ներառվեն քարոզչական ծախսերի հաշվետվություններում։
44 Մայիսի 13-ի դրությամբ, ամենաշատ եկամուտներն ու ծախսերը հայտարարագրած թեկնածուներն էին «Քաղաքացիական պայմանագիրը»՝ համապատասխանաբար 200 միլիոն դրամ (465,100 եվրո) և 138 միլիոն դրամ (320,900 եվրո), «Հայաստան» դաշինքը՝ 104 միլիոն դրամ (241,900 եվրո) և 53 միլիոն դրամ (123,300 եվրո), «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 70 միլիոն դրամ (162,800 եվրո) և 30 միլիոն դրամ (69,800 եվրո), «Հզոր Հայաստան»-ը՝ 30 միլիոն դրամ (69,800 եվրո) և 6.5 միլիոն դրամ (15,100 եվրո), և «Հանրապետության համար» դաշինքը՝ 28 միլիոն դրամ (65,100 եվրո) և 24 միլիոն դրամ (55,800 եվրո): Համաձայն ԿԿՀ տվյալների՝ մայիսի 6-ից 13-ը «Հզոր Հայաստան»-ը 63 նվիրատուից ստացել է 100 միլիոն դրամ (232,600 եվրո), «Բարգավաճ Հայաստան»-ը 48 նվիրատուից՝ 75 միլիոն դրամ (174,400 եվրո), իսկ «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 62 նվիրատուից՝ 19 միլիոն դրամ (44,200 եվրո):
45 Տե՛ս նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) 2025 թվականի տարեկան զեկույցը, որտեղ նշվում է, որ 2025 թվականի մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ «Հ1» և «Հ1 Լուրեր» հեռուստաալիքներում երբեմն գերակշռում է կառավարության օրակարգի լուսաբանումը, իսկ այլընտրանքային կարծիքների ներկայացումը բացակայում է։
46 2025 թվականի նոյեմբերի 13-ին Ազգային անվտանգության ծառայությունը խուլիգանության մեղադրանքով ձերբակալել է «AntiFake.am» փոդքասթի համահաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին և առգրավել լրատվամիջոցի ձայնագրման սարքավորումները։ Մեղադրանքների հիմքում ընկած էին փոդքասթի թողարկումները և «Facebook»-ի հրապարակումները, որոնցում
համահաղորդավարները արձագանքել էին Ազգային ժողովի նախագահի հայհոյախառն գրառումներին՝ պատասխանելով նույնատիպ բառապաշարով։ Երկու համահաղորդավարներն էլ կալանավորվել էին մինչդատական վարույթի շրջանակում, որը հետագայում փոխարինվել էր համապատասխանաբար տնային կալանքով և վարչական վերահսկողությամբ։ Նույն համահաղորդավարները նույն մեղադրանքներով
ենթարկվել էին հետապնդման նաև 2024 թվականի մարտին՝ վարչապետին վիրավորելու համար, և երկու ամիս անցկացրել էին նախնական կալանքի տակ, որից հետո նրանց նկատմամբ կիրառվել էր վարչական վերահսկողություն, իսկ 2025 թվականի մայիսին դատարանի կողմից նրանք արդարացվել էին։
47 Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2025 թվականի տարեկան զեկույցում արձանագրվել է, որ 2025 թվականին լրագրողների և լրատվամիջոցների դեմ ներկայացվել է զրպարտության վերաբերյալ 61 դատական հայց՝ 2024 թվականի 43-ի դիմաց։ Նման հայցերի մեծ մասը ներկայացվել էր բարձրաստիճան պետական պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի և Ազգային ժողովի նախագահի կողմից։ «Լրագրողներ
առանց սահմանների» կազմակերպության կողմից կազմվող Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում արձանագրվել է Հայաստանում մամուլի ազատության ցուցանիշի անկում․ Հայաստանը 2025 թվականի 34-րդ հորիզոնականից 2026 թվականին տեղափոխվել է 50-րդ հորիզոնական։
48 Հանրային հեռարձակողի վերաբերյալ պատժամիջոցներ կիրառելու լիազորությունները սահմանափակվում են վերահսկիչ խորհրդին խախտումների մասին տեղեկացնելով։
49 «Տեսալսողական լրատվամիջոցների մասին» օրենքը սահմանում է, որ նույն թեմայի լուսաբանումը լրատվական ծրագրերում չպետք է գերազանցի ծրագրի ընդհանուր եթերաժամանակի 25 տոկոսը։
50 ԺՀՄԻԳ ԸԱԱ-ն մշտադիտարկում է համապետական հեռուստաալիքների՝ «Հ1» (հանրային հեռուստատեսություն), «Ա-ԹԻՎԻ»-ն, «Արմենիա TV», «Կենտրոն TV», «Շանթ TV», ինչպես նաև Երևանում գործող «5TV», FreeNews, «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքների փրայմ-թայմ հեռարձակումները (18:00- ից մինչև 00:00-ն)։ ԺՀՄԻԳ ԸԱԱ-ն մշտադիտարկում է նաև armtimes.com, civilnet.am, news.am, և panorama.am. առցանց լրատվամիջոցների քաղաքական առումով նշանակալի հոդվածները։
51 Տե՛ս նաև Եվրոպական հանձնաժողովի՝ Հայաստանի վերաբերյալ 2025 թվականի Գործընկերության իրականացման զեկույցը, որտեղ, ի թիվս այլնի, դատական համակարգի առկա խնդիրների շարքում առանձնացվել են «գործերի կուտակումը, բարեվարքության ստուգումների արդյունավետ իրականացումը, դատախազության ինքնակառավարումը և ինքնավարությունը, […] ինչպես նաև ֆինանսական և մարդկային
ռեսուրսների կառավարումը»։
52 Դրանք ներառում են վերջին տարեկան զեկույցը հրապարակելու, դիտորդական գործունեության ֆինանսավորման աղբյուրը բացահայտելու և ապահովելու պարտավորությունը, որ կազմակերպությունների ղեկավարությունը չներառի թեկնածուներ կամ չմասնակցի որևէ մրցակցի անունից քարոզարշավի: ԿԸՀ-ն կարող է չեղյալ համարել հավատարմագրումը, եթե կազմակերպությունն այլևս չի համապատասխանում
սահմանված չափանիշներին, խախտում է Ընտրական օրենսգրքի դրույթները կամ եթե դրա գրանցման հանգամանքները փոխվում են։
53 ԿԸՀ-ն սկզբում մերժել է «Մենք» դիտորդական կազմակերպության գրանցումը, քանի որ դրա կանոնադրությունը հստակորեն չէր վերաբերում ժողովրդավարության պաշտպանությանը. բողոքարկումից հետո Վարչական դատարանը չեղյալ է հայտարարել որոշումը և հրամայել է դրա գրանցումը՝ գտնելով, որ կանոնադրությունը պետք է գնահատվի դրա ընդհանուր բովանդակության, այլ ոչ թե բառացի հղումների հիման վրա։
54 «Ականատես»-ը համակարգում է 60 երկարաժամկետ և 700 կարճաժամկետ դիտորդների, ինչպես նաև 50 շարժական խմբերի ընտրությունների օրը: «Անկախ դիտորդ» դաշինքն ունի 50 երկարաժամկետ դիտորդ և նախատեսում է տեղակայել մոտ 600 կարճաժամկետ դիտորդների։


















































