«Խելացի» անասնաֆերմա, անհոգ ու խնամված կենդանիներ եւ անթերի կաթնամթերք. «Երեմյան կաթնամթերքը» մրցակցությունից դուրս է
Մաքրություն եւ ապահովություն
Երեմյանների խելացի անասնաֆերմայի մուտքը խստորեն հսկվում է: Տաշիրի չքնաղ բնության գրկում գտնվող ֆերմա մեքենաների մուտքն արգելված է, մարդիկ միայն հատուկ թույլտվությամբ կարող են մտնել: Կաթնատար մեքենանաները ֆերմա են մտնում հատուկ ճանապարհով՝ անցնելով ախտահանիչ նյութերով լցված ջրափոսով: Այս բոլոր նախազգուշական միջոցառումները մի պատճառ ունեն՝ ռիսկի չենթարկել ֆերմայում պահվող մաքրացեղ խոշոր եղջերավորների առողջությունը: Նրանցից յուրաքանչյուրի վզից կախված է տվյալ կենդանու համարանիշով չիպը, որի միջոցով ֆերմայի աշխատակիցները տեղեկանում են կենդանու կերած սննդի, խմած ջրի քանակի, տված կաթի ծավալի, անգամ՝ կենդանու՝ բեղմնավորմանը պատրաստ լինելու մասին:
Կարդացեք նաև
Կաթնատու կովերի գոմն առանձին է, երինջներինն՝ առանձին, հորթուկներինն՝ առանձին, «ցամաք»-ներինը (լակտացիայի ժամանակն անցածներինը) ու ցուլերինն՝ առանձին: Ամենամեծը կաթնատուներինն է:
Հոլանդական մաքրացեղ, սեւ ու սպիտակ մորթով այս գեղեցիկ կովերն իրենց կյանքի ընթացքում 5-7 անգամ ի վիճակի են սերունդ տալ: Հորթուկին ունենալուց հետո նրանք մոտ ինը-տաս ամիս կաթ են տալիս, օրական մոտ 35 լիտրի չափ:
Անհոգ եւ խնամված կենդանիներ
Հոլշթեյն տեսակի կաթնատու կովերն անհոգ պառկած են իրենց մսուրներում, քիչ առաջ նրանց էր մոտեցել կեր բաժանող մեքենան եւ յուրաքանչյուրի դիմաց լցրել վիտամիններով, հանքանյութերով հարուստ սննդարար եւ բարձրորակ համակցված կերը՝ Երեմյանների սեփական դաշտերից քաղված գարուց, եգիպտացորենից, առվույտից եւ այլ բույսերից ստացված, հենց ֆերմայում աղացած խառնուրդը: «Ինչպես մարդկանց համար են ասում՝ դու այն ես, ինչ ուտում ես, այնպես էլ, թերեւս, կենդանիների»,-նկատում է Երեմյան ընկերությունների խմբի մարքեթինգի եւ հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը:
Իսկ ավելի քան 1500 գլուխ կաթնատու կովերի սնունդը խստապահանջ եւ գիտական մոտեցմամբ ստանում են խելացի անասնաֆերմայի գյուղտնտեսները՝ հաշվի առնելով ինչպես կենդանու օրգանիզմի համար անհրաժեշտ, այնպես էլ բարձրակարգ կաթնարտադրության համար հարկավոր հանքանյութերը, վիտամինները եւ այլ օգտակար նյութերը:
Չմոռանանք նշել, որ կովերը ոչ միայն տարին երկու անգամ անցնում են պարտադիր բժշկական ստուգում, այլեւ ունեն անհատական վակցինացման պլան, որին ֆերմայում խստորեն հետեւում են:
Գոմերը հագեցված են ոչ միայն համակցված կերը բաժանող ավտոմատացված մեքենաներով, այլեւ՝ գոմաղբը քերող եւ հավաքող սարքով, կենդանիներին մերսող եւ մաքրող խոզանակներով, ավտոմատացված ջրամատակարարմամբ եւ այլն: Ի դեպ, գոմաղբի մասին. Երեմյան կաթմաթերքի ֆերման ունի անասնակերի աճեցման համար նախատեսված 850 հա մշակվող հողատարածք՝ ինչպես Տաշիրում, այնպես էլ՝ Արմավիրում, եւ այդ հողերը պարարտացվում են հենց նույն կովերի գոմաղբից ստացված բնական պարարտանյութերով:
Կովերն այնքան անհոգ ու ընդդարմացած տեսք ունեին, որ ֆերմա այցելած լրագրողներից մեկը Երեմյան ընկերությունների խմբի գյուղատնտեսական ծրագրերի ղեկավար Արծրուն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ «բա երաժշտություն չե՞ք միացնում իրենց համար», ինչին ի պատասխան պարոն Խաչատրյանը կատակեց՝ «չէ, տարբեր երաժշտական նախասիրություններ ունեն, չենք ուզում վիճեն»:
Կիթ եւ կաթ
Այս տոհմային կենդանիները սովոր են իրենց «ծույլ» եւ հանդարտ կյանքին, նրանք կարիք չունեն դաշտերում սնունդ փնտրելու, զբոսնելու, նրանց պետք է միայն համով ուտել, պառկել մաքուր եւ զով (իսկ ձմռանը՝ տաք) տարածքում, եւ որոճալ՝ մինչեւ կրծքերում կաթը հասունանա: Հոլշթեյն տեսակի որոշ կովեր կարող են օրվա ընթացքում 55 կգ կեր ուտել եւ 120 լ ջուր խմել: Այսքան ուտել-խմելու արդյունքում էլ նրանք օրական 30-35լ կաթ են տալիս:
Օրական երեք անգամ՝ ութ ժամը մեկ անգամ, կովերը կթվում են ավտոմատացված եղանակով: Նրանք շարքով-կարգով մոտենում են կթող ավտոմատին, ֆերմայի աշխատակիցն ախտահանում է յուրաքանչյուրի կուրծքը եւ ամրացնում առանց սթրեսի կիթ ապահովող սարքին: Միաժամանակ կարող է կթվել 40 կով: Ընդանուր առմամբ մեկ ժամում 250 կով է կթվում: Կիթն ավարտվելուց հետո մեկ այլ աշխատակից անջատում է կովի կուրծքն ավտոմատից եւ ֆիքսում, որպեսզի մանրէներ չանցնեն: Այս նորարարական տեխնոլոգիան ապահովում է հիգիենիկ պայմաններ կթի ողջ ընթացքում, կաթն ընդհանրապես չի շփվում օդի հետ, ինչը բացառում է որեւէ տեսակի մանրէների մուտքը կաթ:
Կաթը հավաքվում է միանգամից մեծ սառնարանում, որտեղից էլ փակ շղթայով անցնում է կաթնատար մեքենաներ, որոնք կաթը հասցնում են Երեւանում գործող «Երեմյան կաթնամթերքի գործարան», որն, ի դեպ, այսօրվա դրությամբ Հայաստանում միակ FSSC 22000 սերտիֆիկացում ունեցող կաթնամթերքի գործարանն է: Այդ սերտիֆիկացիան նշանակում է, որ գործարանն աշխատում է ժամանակակից միջազգային բարձրակարգ պայմաններով, եւ գործարանում արտադրվող մոտ 60 տեսակի կաթնամթերքներն ապահովված են համապատասխան բարձրակարգ ստանդարտներով:
Ի դեպ, այս բարձրորակ կաթից բաժին է հասնում նաեւ հորթուկներին: «Կաթի տաքսին» համապատասխան ժամին մոտենում է եւ կերակրում 15 օրականից մինչեւ մի քանի ամսական հորթուկներին, որոնք պահվում են հատուկ պայմաններում՝ յուրաքանչյուրն իր տնակում, ծղոտե ներքնակների վրա: Ցրտաշունչ ձմեռներին հորթուկներին անգամ տաք ժիլետներ են հագցնում:
Մի քանի կարեւոր փաստեր՝ Երեմյան կաթնամթերքի մասին
«Երեմյան» ապրանքանիշի արտադրանքը Հայաստանում եզակի է, որն ունի մանկական կաթի վկայական:
Եզակի է, որ արտադրվում է FSSC 22000 սերտիֆիկացում ունեցող գործարանում, ինչը նշանակում է՝ որակի եւ միջազգային չափանիշների պահպանում։
Միակն է, որն արտադրվում է միայն եւ միայն սեփական ֆերմայի կովերից ստացված կաթից: Դա նշանակում է, որ այս կաթնամթերքի արտադրության ժամանակ չի օգտագործվում տարբեր տեղերից հավաքագրված կաթ, ինչն ինքն իրենով վտանգավոր է, քանի որ երբեք չես կարող վստահ լինել, թե ինչ պայմաններում է իրականացվել կիթը, ինչ ձեւով է արդեն կթված կաթը հասել գործարան կամ ինչ սնունդ է ստացել այն կովը, որի կաթը հավաքագրվում է:
Այս կաթնամթերքը ստացվում է փակ շղթայով՝ «Սերմից՝ սեղան» հայեցակարգով: Երբ ոչ միայն կովերն են սեփական, այլեւ՝ կովերի կերն է ստացվում սեփական հողատարածքից, այլեւ այդ հողատարածքն է պարարտացվում սեփական կովերի գոմաղբով: Իսկ համակցված կերի խառնուրդը նույնպես ստացվում է հենց ֆերմայում: Այդ խառնուրդը հերմետիկ կերպով պահուստավորվում է, եւ ողջ տարվա ընթացքում կենդանիներին մատուցվում է նույն որակի եւ նույն բաղադրությամբ կերը:
Անասնաֆերմայից կաթը տեղափոխվում է Երեւան՝ Երեմյան կաթնամթերքի գործարան, որտեղ այն նախ լաբորատորիայում ստուգվում է՝ անցնելով ֆիզիկաքիմիական, մանրէաբանական և օրգանոլեկտիկ հետազոտություններ: Իսկ դրանից հետո վերածվում է «Երեմյան» ապրանքանիշի ավելի քան 60 տեսակի կաթնամթերքի:
Գործարանում արտադրվում է ինչպես դասական կաթնամթերք՝ կաթ, թթվասեր, կաթնաշոռ, մածուն, այնպես էլ՝ ռեժան, ուտելի եւ ըմպելի յոգուրտի տեսակներ, պանրիկների տեսակներ, թան, կեֆիր: Եվ իհարկե՝ պանրի բազմազան տեսականի՝ հայկական՝ լոռի, չանախ, հորած պանիր, թել պանիր, վրացական՝ սուլուգունի, իտալական՝ մոցարելա, ռիկոտա, բուրատա, ստրաչատելա…
Այս բազմազան տեսականին նույնպես՝ արտադրվելուց անմիջապես հետո, մինչեւ վաճառքի հանվելը, ստուգվում է, անցնում է լաբորատոր փորձաքննություն:
Նշենք, որ կաթը, թթվասերը, մածունը, քամած մածունը, կաթնաշոռը, ռիկոտան, ռեժանը շշալցվում են էկոլոգիապես մաքուր եւ առողջության համար անվտանգ ապակյա տարաների մեջ: Դրանք ոչ միայն կաթնամթերքի որակն են բարձր պահում, այլեւ բնությանը չեն վնասում՝ վերամշակվող են:
Երեմյան ընկերության մասին
2026թ. «Երեմյան ընկերությունների խումբը» դարձավ 20 տարեկան: Սկսելով «Պանդոկ Երեւան»-ից՝ արդեն ավելի քան 2800 աշխատակից ունեցող ընկերությունը գործունեություն է ծավալում հյուրընկալության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության ոլորտներում՝ ստեղծելով 19 ռեստորան՝ 13 հայեցակարգով, 2 ֆերմա, կաթնամթերքի FSSC 22000 սերտիֆիկացմամբ ժամանակակից գործարան, Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիա, ճաշարանային ծրագրեր և քեյթրինգային ծառայություն։
Ընկերությունը Հայաստանում եզակի «Սերմից՝ սեղան» հայեցակարգով իր գյուղատնտեսական նախագծերը մեկնարկել է 2019 թվականին՝ հիմնելով միջազգային ստանդարտներին համապատասխան ժամանակակից տեխնոլոգիաներով և սարքավորումներով առաջին ֆերման Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում։ 2022 թվականին Լոռու մարզի Տաշիր համայնքում հիմնադրվել է Հայաստանի միակ և ամենամեծ գյուղատնտեսական համալիրը, որն իր տեսակի մեջ եզակի է ամբողջ տարածաշրջանում:






































































