Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է «Ջիմ Թորոսյան. գեղեցկության վարպետը» խորագրով ցուցահանդես՝ նվիրված անվանի ճարտարապետի ծննդյան 100-ամյակին։
Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ինչպես նաև Ջիմ Թորոսյանի ժառանգներն ու քաղաքաշինության ոլորտի ներկայացուցիչներ։
Թանգարան-ինստիտուտի տնօրեն Զարուհի Հայրապետյանը բացման խոսքում կարևորել է Ջիմ Թորոսյանի նշանակալի դերը 20-րդ դարի հայկական ճարտարապետության պատմության մեջ, նրա բացառիկ տաղանդը, ստեղծագործական լայն մտահորիզոնն ու ճարտարապետական հարուստ ժառանգությունը։ Նա ընդգծել է, որ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպվում է Ջիմ Թորոսյանի հոբելյանական արդեն երկրորդ ցուցահանդեսը։
Կարդացեք նաև
Ցուցահանդեսի համադրող, ճարտարապետ Կարեն Բալյանը ներկայացրել է ցուցադրության մտահղացումը, կիրառված յուրահատուկ լուծումները, այնուհետև շրջայց անցկացրել պատվավոր հյուրերի համար՝ ներկայացնելով ցուցադրված նմուշների պատմությունը։
Ցուցահանդեսում ներկայացված են Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հավաքածուից մինչ այժմ չցուցադրված բնօրինակ նախագծեր, ընտանեկան արխիվից՝ ճարտարապետական կոթողների և քաղաքների համայնապատկերների գծանկարներ, ինչպես նաև անհատների անձնական արխիվներից հավաքագրված բացառիկ նյութեր։ Այստեղ կան Երևանի այցեքարտ դարձած կառույցների՝ «Կասկադ» համալիրի, Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի, քաղաքապետարանի շենքի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գլխավոր մուտքի, բաց խորանի, մկրտարանի և Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու, Սպիտակ քաղաքի կենտրոնական հրապարակի համալիրի և Ջիմ Թորոսյանի հեղինակած այլ կառույցների նախագծերը։ Ցուցադրվում է նաև Ջիմ Թորոսյանի հարցազրույցների տեսաշարք։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգստոսի 23-ը:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ




















































