Լրահոս
Օրվա լրահոսը

Իվետա Տոնոյան. «Ցավակցում եմ Քննչական կոմիտեի պատասխանատուներին, որոնք իրենց մանկության տրավմաները, անլիարժեքության բարդույթները փորձել էին արդարացնել Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության ժամանակ արված տեսանյութի մոնտաժով»

Հուլիս 07,2026 23:40 Share

«Բնականաբար, մեզ համար բացարձակ անսպասելի չէր դատարանի այս խայտառակ ու ամոթալի որոշումը, որովհետև մենք վաղուց արդեն համոզվել ենք, որ Հայաստանում արդարադատության համակարգը մոտենում է իր մահկանացուն կնքելու գործընթացին», – «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու որոշումից հետո հայտարարեց Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Ես իրականում ցավում եմ, որ գործող իշխանության կոնկրետ և ուղիղ հրահանգով Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը, այս դեպքում՝ առաջին ատյանի դատարանը, դարձել է ընդամենը ձենասուն կամակատար՝ կայացնելով նման խայտառակ որոշում։

Բնականաբար, իրավական ճանապարհով մենք գնալու ենք, փաստաբանները բողոքարկելու են այս ամեն ինչը։ Բայց բոլորին էլ տեսանելի և հասկանալի է, որ սա ընդամենը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է, քաղաքական մանրախնդրություն է և քաղաքական վրեժխնդրություն է։ Ուրիշ գնահատական չեմ կարող տալ այս ամեն ինչին։

Ուղղակի նաև ցավում և ցավակցում եմ այսօրվա Քննչական կոմիտեի բոլոր պատասխանատուներին, որոնք, ըստ երևույթին, մանկության տարիների տրավմաները, չկայացվածությունը, անլիարժեքության ամեն տեսակի բարդույթները փորձել էին իրացնել ու արդարացնել Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության ժամանակ արված տեսանյութի մոնտաժով։

Որովհետև, ըստ երևույթին, այն էնտուզիազմով, որ խուզարկություն էին իրականացրել, նույն էնտուզիազմով էլ այդ խայտառակ տեսանյութն էին մոնտաժել, այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամներ հրապարակայնորեն հայտարարել է, որ այո, ինքը սպասում է, որ իր նկատմամբ իրավական ու քրեական գործընթացներ են սկսելու, բազմիցս հրապարակայնորեն հայտարարել է, որ անգամ իր մորը զգուշացրել է, որ, երբ գան տուն խուզարկության, եթե անգամ իրեն բերման ենթարկեն, չանհանգստանա։

Քննչական կոմիտեի սանձազերծ պահվածքի արդյունքում ուղղակի հարձակվում են Գագիկ Ծառուկյանի բնակարանի վրա, գետնին են տապալում, ինչ-որ շոու են ապահովում։

Փորձո՞ւմ եք ձեր ուժը ցույց տալ։ Սրանով դուք ընդամենը ևս մեկ անգամ ցույց եք տալիս, որ 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին։ Գագիկ Ծառուկյանը միանձնյա ձեր այդ 30-ին կարող էր գետնին պառկեցնել։

Ահա, այսպիսի խայտառակ նկարահանում, այսպիսի խայտառակ մոնտաժ։ Մի անգամ ևս կրկնում եմ, որ մեր երկրում արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է գտնվում։ Իսկ մնացած առումներով՝ մեր անելիքների, հետագա գործողությունների մասին մենք հավելյալ տեղեկացնենք», – ասաց Իվետա Տոնոյանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031