Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի մամուլի ասուլիսը, որ տեղի ունեցավ նախօրեին Երեւանում, կարծես թե արտահայտում է Իրանի մտահոգությունն ու կասկածները՝ Երեւանի քաղաքականության առնչությամբ: Հուլիսի 3-ին Թեհրանում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մասնակցեց Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը: Նրան սպանեցին Իրանի դեմ պատերազմ սկսած ԱՄՆ-ն ու Իսրայելը՝ պատերազմի հենց առաջին օրը:
Փաշինյանի այցից երկու-երեք օր անց ասուլիս է տալիս Իրանի դեսպանը, որի ընթացքում խոսում է, օրինակ, Թրամփի ուղուց բխող ռիսկերի մասին, դրանց վերաբերյալ Իրանի լեգիտիմ մտահոգության եւ դրանք փարատելու անհրաժեշտության մասին: Իհարկե, դեսպանը հիշատակում է, որ Երեւանը հավաստիացնում է՝ Թրամփի ուղին չի պարունակում ռիսկ կամ սպառնալիք Իրանի համար, բայց, եթե դրանով հանդերձ նա բարձրաձայնում է լեգիտիմ մտահոգության եւ դա փարատելու անհրաժեշտության մասին, ուրեմն չեն վստահում Երեւանի հավաստիացումներին:
Սա նշանակում է, որ Թեհրանում տեղի ունեցած Փեզեշքիան-Փաշինյան հանդիպումը չի գոհացրել իրանական կողմին, համենայնդեպս, Իրանի համար մտահոգությունները եւ ռիսկերը փարատելու առումով: Այլապես, հազիվ թե դրանք հնչեցվեին Երեւանում, դեսպանի մակարդակով՝ ընդամենը օրեր անց:
Միեւնույն ժամանակ, Իրանը կարծես թե բարձրաձայնում է նաեւ նվազագույն պայմանը, որի պարագայում կարող է վստահել Երեւանի հավաստիացումներին: Համենայնդեպս, դեսպան Շիրղոլամին հայտնել է, որ Փաշինյանին սպասում են Թեհրանում՝ հայ-իրանական ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը հնարավորինս շուտ ստորագրելու ակնկալիքով:
Կարդացեք նաև
Այդ փաստաթղթի պատրաստման մասին իրանական կողմը բարձրաձայնել է դեռ մեկ, մեկուկես տարի առաջ՝ նախկին դեսպան Սոբհանիի մակարդակով: Այդ ընթացքում, բավականին դինամիկ առաջ է գնացել ԱՄՆ հետ տարատեսակ փաստաթղթերի, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության կանոնադրության, Թրամփի ուղու մասին համաձայնագրերը, եւ Թեհրանի համար թերեւս առավել տարօրինակ է դարձել, որ հայ-իրանական ռազմավարական գործընկերության փաստաթուղթը չի հասնում ստորագրության փուլին:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

















































