Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանին սպասում ենք Թեհրանում․ դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ ՀՀ-ԻԻՀ ռազմավարական գործակցության, Ադրբեջանի տարածքից Իրանը թիրախավորելու և Նախիջևանի միջադեպի մասին

Հուլիս 08,2026 14:26 Share

«Իրանը հետևողականորեն և վճռականորեն աշխատում է Հայաստանի հետ համապարփակ գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման ուղղությամբ։ Փաստաթուղթը գտնվում է ուսումնասիրման և կազմման փուլում։ Մենք հույս ունենք հնարավորինս շուտ ավարտել այս փուլը և անցնել ստորագրման փուլին»,- այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ հղում անելով տարբեր մակարդակներում արված համապատասխան հայտարարություններին։

Նա հավելեց՝ Իրանը կողջունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իսլամական Հանրապետություն, որտեղ կողմերը կկարողանան ստորագրել մի փաստաթուղթ, որը նոր հնարավորությունների պատուհան կբացի տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացման համար։ Դեսպանը հիշեցրեց՝ վերջերս Թեհրանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մատնանշել է այս ուղղությամբ հնարավորինս շուտ արդյունքի հասնելու կարևորությունը։

Հարց հնչեց նաև իրանական պատերազմի ժամանակ Ադրբեջանի տարածքից Իրանը թիրախավորելու և իրանա-իսրայելական պատերազմի օրերին Նախիջևանում տեղի ունեցած միջադեպի մասին։ Դեսպանը պատասխանեց՝ ոչ պաշտոնական մակարդակով իրենք էլ լսել են այն կարծիքը, որ Ադրբեջանի տարածքից հարվածներ են հասցվել Իրանին, սակայն Իրանի բանակի և անվտանգության ուժերի ներկայացուցիչները չեն հաստատել այդ կարծիքը։ Նա նաև հավելեց՝ ակնհայտ է, թե ինչպիսին կլիներ Իրանի արձագանքը, եթե հարվածներ հասցվեին որևէ երկրի տարածքից՝ հիշեցնելով, որ Իրանը համարժեք պատասխան է տվել բոլոր այն դեպքերում, երբ ամերիկյան հարվածներ էին հասցվել Իսլամական Հանրապետությանը. «Վերջին պատերազմի ընթացքում Իրանի գլխավոր առաջնահերթություններից մեկը Հարավային Կովկասի համար դրա հետևանքների նվազագույնի հասցնելն էր»։

Նախիջևանի օդանավակայանում տեղի ունեցած կասկածելի միջադեպի մասին էլ ասաց. «Դրանից հետո Ադրբեջանի նախագահը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ և թույլատրելիի սահմաններն անցնող հռետորաբանությամբ։ Ի պատասխան՝ Իրանը հանդես եկավ հավասարակշռված և զուսպ դիրքորոշմամբ։ Հետագայում դիվանագիտական ուղիներով այդ հարցը լուծվեց։ Մենք մեր կողմից հաղորդագրություն հղեցինք, որ նման վարքագիծն անընդունելի է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031