Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած պատգամավոր Բագրատյանի անձնական ունեցվածքը թղթի վրա բավականին համեստ է թվում, նրա կինը՝ Նաիրա Հակոբյանը, տիրապետում է իսկական հարստության. «Ժողովուրդ»

Հուլիս 09,2026 10:13 Share

2025 թվականի ամենաթարմ հայտարարագիրը փաստում է, որ Սերգեյ Բագրատյանի բանկային հաշիվներում դրամական միջոցները կրկին աճել են՝ տարեվերջին հասնելով 4 միլիոն 473 հազար 764 դրամի։ Տարվա ընթացքում նրա ընդհանուր եկամուտը կազմել է 13 միլիոն 602 հազար 732 դրամ, որից Ազգային ժողովի աշխատակազմից որպես աշխատավարձ ստացել է 13 միլիոն 524 հազար 932 դրամ, իսկ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ից ու Ավետիք Մկրտչյանի անվան համալսարանից քաղաքացիաիրավական պայմանագրերով ստացել է համապատասխանաբար 27 հազար 300 և 50 հազար 500 դրամ։ Շահերի հայտարարագրում նշված է, որ նա հանդիսանում է «Սերգեյ Գրուպ» ՍՊԸ-ի 100 տոկոս սեփականատերը (ձեռք բերված 2000 թվականին), ինչպես նաև ունի «Եվրո Օյլ» ընկերության 50 տոկոսի և «ԲԻԷՍԲԻ» ընկերության 1.98 տոկոսի բաժնեմասերը, թեև դրանցից ստացված եկամուտներ հայտարարագրված չեն։

Հայտարարագրում կրկին առկա է Բագրատ Բագրատյանին տրամադրված 150 մլն դրամի անտոկոս փոխառությունը, որի մնացորդը տարվա ընթացքում չի փոխվել։

Կնոջ ահռելի ունեցվածքը. Նաիրա Հակոբյանի 12 միավոր անշարժ գույքն ու միլիոնները

Չնայած պատգամավոր Բագրատյանի անձնական ունեցվածքը թղթի վրա բավականին համեստ է թվում, նրա կինը՝ Նաիրա Հակոբյանը, տիրապետում է իսկական հարստության։ Ուսումնասիրելով Նաիրա Հակոբյանի 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզ է դառնում, որ նա տարեվերջի դրությամբ ունեցել է 12 միավոր անշարժ գույք։ Այս տպավորիչ ցանկում ներառված են Արարատի մարզի Մասիս համայնքում գտնվող երկու հողամաս, Վայոց ձորի Եղեգիս համայնքում գտնվող երկու հողամաս (որոնք ամուսինը նրան էր վաճառել մի քանի դրամով), Արարատի Այնթափ և Մասիս բնակավայրերում գտնվող երկու հասարակական նշանակության շինություն, Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող չորս բնակարան, Երևանի Շենգավիթում գտնվող մեկ ամառանոց, ինչպես նաև Երևանի Կենտրոնում գտնվող մեկ անավարտ կիսակառույց շինություն։ Տրանսպորտային միջոցների մասով Նաիրա Հակոբյանը տարեսկզբին ունեցել է երեք ավտոմեքենա՝ 2011 թվականի Nissan և երկու Mercedes-Benz (2016 և 1998 թվականների արտադրության)։ Սակայն 2025 թվականի հոկտեմբերի 28-ին նա Nissan-ը վաճառել է 7 միլիոն դրամով, և տարեվերջին նրան մնացել են միայն երկու Mercedes-Benz-ները։ Բացի այդ, նա 20 միլիոն 682 հազար դրամի անտոկոս փոխառություն է տրամադրել իրեն պատկանող «Բաշ Ռիելթի» ՍՊԸ-ին, որտեղ ունի 100 տոկոս բաժնեմաս։ Նա բաժնեմասեր ունի նաև «Արևալույս» և «Զորավար Սեպուհ և որդիներ» ընկերություններում (50-ական տոկոս)։

Նաիրա Հակոբյանի կանխիկ դրամական միջոցները տարվա ընթացքում 8 միլիոն դրամից հասել են 10 միլիոն դրամի։ Տարեվերջին բանկային հաշիվներում պահպանվել է 7 միլիոն 594 հազար 383 դրամ և 6 հազար 154 ԱՄՆ դոլար։ 2025 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է 12 միլիոն 336 հազար 884 դրամ, որը հիմնականում ձևավորվել է տարբեր բուհերից ստացած աշխատավարձերից։ Միևնույն ժամանակ, պատգամավորի կինը հայտարարագրել է բնակարանի ապահովմամբ հիփոթեքային վարկ, որի մնացորդը տարեվերջին կազմել է 6 միլիոն 679 հազար 781 դրամ։

Ապօրինի ավազի հանքի աղմկահարույց բացահայտումը

Պատգամավորի կնոջ բիզնես գործունեությունը զերծ չի մնացել մեծ սկանդալներից։ Դեռևս 2023 թվականին «Հետք» պարբերականը ծավալուն հետաքննությամբ պարզել էր, որ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում՝ Քասախ գետի ափամերձ տարածքում, ամիսներ շարունակ ապօրինի ավազի հանք էր շահագործվում։ Հետաքննությամբ ապացուցվել էր, որ հանքարդյունահանումն իրականացնում էր «Արարակ» ՍՊԸ-ն, որը 2022 թվականի հունիսին հիմնադրել էր հենց պատգամավորի կինը՝ Նաիրա Հակոբյանը՝ հանդիսանալով դրա 100 տոկոս բաժնետերը։

Ամենաուշագրավն այն էր, որ հանքավայրի շահագործումից առաջ որևէ ՇՄԱԳ փորձաքննություն չէր իրականացվել, համայնքում լսումներ չէին եղել, և ընդերքօգտագործման պայմանագիր կամ թույլտվություն գոյություն չուներ։ Պետական եկամուտների կոմիտեն նաև հայտնաբերել էր, որ ընկերությունն առանց փաստաթղթերի ապրանք էր տեղափոխել։ Երբ լրագրողները հարցմամբ դիմել էին Սերգեյ Բագրատյանին, թե ինչու է իր ընտանիքն ապօրինի հանք շահագործում և ինչու այդ ընկերությունը ներառված չէր 2022 թվականի հայտարարագրում, պատգամավորը խուսափողական պատասխան էր տվել՝ հորդորելով հարցերն ուղղել կնոջ ընկերության տնօրինությանը, իսկ չհայտարարագրելու մասով արդարացել էր, թե դա պետք է արտացոլվեր հաջորդ տարում, այնինչ օրենքով պարտավոր էր նշել հիմնադրման իսկ տարում։

Որդու քրեական արկածներն ու իրավապահների «հովանավորչությունը»

Ընտանեկան պատմություններն այսքանով չեն ավարտվում. Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, պարբերաբար հայտնվում է իրավապահների տեսադաշտում, սակայն, ինչպես ArmLur.am-ն է արձանագրում, նրան միշտ հաջողվում է «ջրից չոր դուրս գալ»։ Դեռևս 2022 թվականի մայիսի 15-ին Վայոց Ձորի մարզի գազալցակայաններից մեկում տեղի էր ունեցել աղմկահարույց ծեծկռտուք, որի ընթացքում դաժան ծեծի էր ենթարկվել 45-ամյա մի քաղաքցու։ Ի վերջո, ՀՀ քննչական կոմիտեն ուշագրավ կերպով կարճեց այդ քրեական վարույթը՝ մաքրելով իշխանական պատգամավորի որդուն պատասխանատվությունից։

Իսկ 2025 թվականին Սերգեյ Բագրատյանի  որդին ծեծի էր ենթարկել մի քաղաքացու, ով պահանջել է հեռացնել պատգամավորի սխալ կայանված մեքենան»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

. «Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031