«Նշում եք, որ սա ավելի ճկուն կանոնավոր կարգավորումներ են, քանի որ միջազգային պայմանագրեր պետք է սպասարկեն։ Բայց հնարավո՞ր է, որ մենք հասկանանք, որ եթե ճկուն կարգավորումներ են միջազգային պայմանագրերի հետ կապված, ընկերությունների գործունեությունը ինչո՞ւ չպետք է ներպետական՝ սովորաբար, սովորական ռեժիմով գործող ընկերությունները նույնպես այդ ռեժիմով չաշխատեն։ Արդյոք սա խտրական վերաբերմունք չէ բաժնետիրական այն ընկերությունների նկատմամբ, որոնք իրենց առօրյա գործունեությամբ աշխատում են, և այն ընկերությունների, որոնք կաշխատեն միջազգային ծրագրերով։ Մենք տարբեր կարգավորումներ ենք առաջարկում։ Ինչքանո՞վ է դա արդարացի տվյալ ընկերությունների նկատմամբ»,- խորհրդարանի արտահերթ նիստում հարցը ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին տվեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Դա փոխնախարարին ուղղված միակ հարցն էր։
Արտահերթ նիստում խորհրդարանն այսօր հատուկ ռեժիմով քննարկում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Այն առնչվում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացմանը։ Նիստին մասնակցում են միայն իշխող խմբակցության պատգամավորները։
Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է յոթ օրենքների նախագծերից բաղկացած փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել ընդհանուր և մշտապես գործող օրենսդրական մեխանիզմ՝ Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրերի հիման վրա և դրանց իրագործման նպատակով ստեղծվող ընկերությունների համար։ Այն կկիրառվի ընկերությունների նկատմամբ, որոնցում պետության մասնակցությունը կազմում է 25 և ավելի տոկոս։ Կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ վավերացումից հետո մեկնարկելու են նախագծի իրականացման համար նախատեսված ընկերության հիմնադրման աշխատանքները։
Կարդացեք նաև
Իշխանական պատգամավորի հարցին ի պատասխան՝ փոխնախարարն ասաց. «Այն կարգավորումները, որոնցից տարբերվող կարգավորումներ է նախատեսվում այս փաթեթով, ըստ էության սահմանվել են օրենքում այն տրամաբանությամբ, որ պաշտպանեն ընկերության կառավարման հետ կապված հարցերը և բաժնետերերի որոշակի իրավունքներ։ Եվ հետևաբար նաև օրենքը, պետությունը՝ չնայած կորպորատիվ և մասնավոր հարաբերություններին, որոշակի իմպերատիվ կարգավորումներ է նախատեսել, բայց քանի որ այս դեպքում գործ ունենք այնպիսի իրավահարաբերությունների հետ, որի մի կողմում պետությունն է, և մյուս կողմում պետության միջազգային գործընկերը, և Ազգային ժողովը իր որոշմամբ արդեն իսկ վավերացրել է նման հնարավորությունը, սա ենթադրում է, որ պետությունը պատրաստ է այնպիսի կարգավորումներ նախատեսել, որոնց մասով ինքը նման կարգավորումների անհրաժեշտությունը չի տեսնում։ Եթե մենք այս կարգավորումները նաև թույլատրենք կիրառել այլ ընկերությունների նկատմամբ, ապա դրանով կարող են, օրինակ, տուժել այլ բաժնետերերի շահերը, որոնք պետության նման պաշտպանություն չունեն»։
Սերգեյ Բագրատյանն արձագանքեց. «Ասենք՝ միջազգային օրենսդրությունը ավելի բարձր է, քան ներպետական օրենսդրությունը։ Հետևաբար միջազգային կարգավորումները նույնպես ավելի բարձր պետք է լինեն, քան ներպետական կարգավորումները, նաև հարկային ոլորտում։ Հետևաբար, եթե դրանք ավելի լավն են, ավելի ճկուն են, և նաև դուք նշեցիք, որ հայեցողական են, այսինքն՝ կարող է ընկերությունը դիմի այդ հնարավորությունով աշխատելու և կարող է և չդիմի ու չաշխատի, ինչո՞ւ չտալ այդ հնարավորությունը պարզապես մեր բոլոր ընկերություններին։ Այսինքն՝ օրենսդրական կարգավորումները դեպի ճկունություն տեղափոխելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ ենք, թե՞ ոչ»։
Տիգրան Դադունցը մանրամասնեց. «Այս փաթեթով, օրինակ, բացառություններ է նախատեսում խոշոր գործարքների կնքման համար ձայների անհրաժեշտ շեմից կամ ժողովի գումարման համար անհրաժեշտ ձայների շեմից, կամ մի շարք այլ որոշումների կայացման համար անհրաժեշտ կարգավորումներից, որոնք կոչված են պաշտպանելու ընկերության բաժնետիրոջ շահերը։ Հետևաբար, եթե մենք թույլ տանք, որ այս շատ ճկուն կարգավորումները կիրառելի լինեն բոլոր ընկերությունների նկատմամբ, ապա մենք նաև դրանով կարող ենք խաթարել, օրինակ, ընկերության փոքր բաժնետիրոջ շահերը։ Բայց քանի որ այս դեպքում մենք գործ ունենք պետության հետ, որը ստանձնել է միջազգային պարտավորություններով պայմանագրով այս պարտավորությունը և արդեն իսկ այդ պարտավորության ներքո է գործում, և նաև գործում ենք պետության հետ, որը բնականաբար շատ ավելի ուժեղ դիրքում է գտնվում, քան, օրինակ, այլ բաժնետերը։ Հետևաբար՝ իմ կարծիքով, մեր կարծիքով՝ պետությունը կարող է այս ստրուկտուրային կարգավորումներին ներքո գործել, այլ բաժնետերերի դեպքում մենք կարող ենք ունենալ խնդիրներ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ իշխող խմբակցության պատգամավորների կողմից։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ






















































