«Սյունյաց երկիր». Այսօր առավոտյան ժամը 9-ից «Սյունյաց երկրի» խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանում կատարվել է խուզարկություն։
Նախնական տեղեկություններով՝ խուզարկությունը կապված է խմբագրի որդի Կարեն Լազարյանի՝ «Միասնության թևեր» կուսակցության հետ ունեցած առնչությունների հետ։
Կարեն Լազարյանն այդ կուսակցությունից ԱԺ պատգամավորի թեկնածու էր։
Կարեն Լազարյանի հանդեպ մեկուկես տարի առաջ մեկնարկած հետապնդումների սաստկացումը, կարելի է ասել, սպասված էր․․․
Կարդացեք նաև
Գլխավոր պատճառը «ՔՊ» կուսակցության ձախողումն էր Գորիսում՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում։
Այդ կուսակցության ներկայացուցիչները խոստացել էին 65-70 տոկոսի հասնող վստահության քվե, որը, սակայն, իրականություն չէր դարձել։ Հիմա մեղավորներ են փնտրում․․․
Օրեր առաջ էլ Գորիսի ոստիկանապետն էր հանձնարարություն ստացել՝ Կարեն Լազարյանի դեմ ինչ-ինչ գործեր հորինելու։
Վերջինս էլ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի ֆեյք տնօրեն Արմինե Կոլյանի հետ «հաղորդում» էր պատրաստել՝ իբր լուծարված Գորիսի պետական քոլեջում թույլ տրված ապօրինությունների մասին, որը ստիպել էին ստորագրել Հրո անունով համայնքային ոստիկանի՝ ինչ-ինչ խոստումների դիմաց։
«Հաղորդմանը» նախորդել էր շանտաժի մեծ գրոհ՝ Կարեն Լազարյանի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով, որը հաջողություն չէր ունեցել։
Ուստի և հորինված «հաղորդումն» էլ գոնե մեկ փաստ չէր պարունակել Կարեն Լազարյանի հակաօրինական գործունեության մասին։
Ընդհակառակը, ի հայտ էին եկել քոլեջի գործող տնօրենի՝ պետական միջոցներից կատարված հափշտակության բազմաթիվ փաստեր, որոնք Գորիսի ոստիկանապետի կողմից պարտակվել են և իրավական ընթացք չեն ստացել։
Թե ինչ կապ գոյություն ունի Գորիսի ոստիկանապետի և քոլեջի ֆեյք տնօրենի միջև՝ կանդրադառնանք ավելի ուշ։
Քոլեջի «ճակատում» չգտնելով Կարեն Լազարյանին արատավորող փաստեր՝ բացվել է նոր «ճակատ»՝ կապված «Միասնության թևեր» կուսակցության հետ նրա առնչություններին։
***
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մոտ մեկ ժամ տևած փնտրտուքից հետո խուզարկողները հեռացել են Սամվել Ալեքսանյանի բնակարանից։
«Հայտնաբերվել» է Կարեն Լազարյանի տիկնոջ պարտքերի ցուցակը՝ գորիսյան մեկ-երկու խանութի, որտեղից նա երեխաների համար ինչ-ինչ պարագաներ էր ձեռք բերել, բայց չէր հասցրել վճարել ու մնացել էր պարտք։
«Հայտնաբերվել» են նաև Կարեն Լազարյանի՝ ԱԺ պատգամավորի թեկնածու լինելու վկայականը, ինչպես և «Միասնության թևեր» կուսակցության գովազդային բուկլետ։
Ահա՝ ինչպիսի «մեծ» ավար-ապացույցներ են ձեռք բերել Կարեն Լազարյանի «հանցավոր» գործունեության վերաբերյալ։


















































