Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով Հայաստանում հանդես կգա մի քանի համերգով։ Երեւանում համերգը կկայանա հուլիսի 21-ին՝ Առնո Բաբաջանյանի համերգասրահում, Գյումրիում՝ հուլիսի 22-ին՝ Սուրբ Յոթ Վերք եկեղեցում, եւ հուլիսի 25-ին՝ Կապանի արվեստի պետական քոլեջում։
«Մեր քրիստոնեական հավատքի շնորհիվ պաշտպանված ենք Աստծո կողմից, եւ իմ համերգը մեր Տիրոջը փառաբանության, գովաբանության եւ երախտագիտության երգ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է Ադամ Բարրոն։ Նա ընդգծում է, որ իր համար երաժշտությունն ապրելակերպ է, ու թեեւ երկար տարիներ ապրում եւ ստեղծագործում է Ֆրանսիայում, սակայն բաց չի թողնում հայրենիքում հանդես գալու հնարավորությունը։ Բարրոն հաճախ համագործակցում է հայաստանցի երաժիշտների հետ, նրանց համախմբում է մեկ գաղափարի շուրջ եւ համերգների միջոցով կենդանացնում, նոր շնչով է ներկայացնում թե՛ հայ, թե՛ օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Ինչ վերաբերում է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1725-ամյակին նվիրված երեք համերգներին, մեր զրուցակիցը նշեց, որ երգեհոնի նվագակցությամբ (երգեհոնահար Գարրի Եփրիկյան) կկատարի Սեզար Ֆրանկի, Գաբրիել Ֆորեի, Շառլ Գունոյի, Ջակոմո Պուչինիի, Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Արա Պարթեւյանի եւ այլ կոմպոզիտորների սիրված գործեր։
Ադամ Բարրոն նշեց, որ թեեւ արտիստների համար շատ կարեւոր են իտալական, ֆրանսիական դպրոցները, սակայն ինքը չի կարող հայ երգն առանձնացնել արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններից։ «Աշխարհի որ ծայրում էլ ելույթ ունենամ, պետք է երգեմ մեր հայկական տաղերը, մեղեդիները, ըստ արժանվույն ներկայացնեմ Եկմալյանի «Հորժամ»-ը, Մխիթար Սեբաստացու «Անճառին խորան»-ը, Կոմիտասի «Հայրապետական մաղթերգ»-ը, որպեսզի առավել քաջալերեմ իմ ժողովրդին»։ Նա փաստում է, որ հայ հոգեւոր երաժշտությունը, ակադեմիական օպերային արիաները մեծ ոգեւորությամբ են ընդունվում Եվրոպայում։
Կարդացեք նաև
Հայաստանյան համերգներին օպերային երգիչը հանդես է գալու երգեհոնահար Գարրի Եփրիկյանի հետ։ Տասը տարի է՝ ճանաչում են միմյանց. վերջապես եկել է համագործակցելու ժամանակը։
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ օգոստոսի 29-ին Ֆրանսիայի Էքսիդեյ քաղաքի Սուրբ Թովմաս եկեղեցում կայանալիք համերգին։ Այս համերգի շրջանակում Բարրոն կրկին ներկայացնելու է հայ երգը, նաեւ հանգանակություն է իրականացվելու՝ ի նպաստ եկեղեցու խորանի բացման։
Ամիսներ առաջ եւս Ադամ Բարրոն Երեւանում էր՝ Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակին նվիրված «Անուրջներ» խորագրով համերգի առիթով։ Նա միշտ ասում է, որ իր համար սկզբունք է՝ ամեն օրը նշանավոր դարձնել, պիտանի լինել ազգի համար։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































