Սույն հոդվածի նպատակն է մեր ժողովրդին ներկայացնել իշխանության կողմից Եկեղեցուն ներկայացվող կեղծ մեղադրանքի՝ իբր թե «Եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում, որի իրավունքը չունի» սնանկությունն ու բարոյականության հաստատման Եկեղեցու գործառույթներն ու քրիստոնեական արժեքներով հագեցած պետություն կերտելու համար անհրաժեշտ նվազագույն քայլերը։
Եկեղեցու դեմ կեղծ մեղադրանք
Իշխանությունը եւ շատ քաղաքական գործիչներ եւ այսպես կոչված՝ «քաղաքագետներ» հնչեցնում են այսպիսի միտք. Եկեղեցին իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ։ Սա մերկապարանոց հայտարարություն է։ Այն էությամբ կեղծ է եւ որեւէ առնչություն չունի իրականության հետ։ Մեր Եկեղեցին, Հայաստանի անկախությունը վերականգնելուց հետո երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, այլ իրականացրել է հոգեւորից եւ ազգայինից բխող դարերով հաստատված եւ Հայաստանի սահմանադրությունով հաստատագրված իր գործառույթները։ Եկեղեցու Հովվապետի, Հոգեւոր Գերագույն Խորհրդի կամ եպիսկոպոսների արտահայտած կարծիքը համապետական եւ ազգային կարեւորագույն հարցերի վերաբերյալ ուղղակի բխում է Եկեղեցու գործառույթներից եւ զարմանալի կլիներ, եթե կարծիք կամ հանդիմանություն չլիներ կառավարության հասցեին ապազգային եւ պետականության դեմ դրսեւորումների եւ երկրում արդարության դեմ ոտնձգությունների վերաբերյալ, ինչպիսիք հաճախ ենք տեսնում վերջին տարիներին։
Աստվածաշունչը պետության կառավարման մասին
Կարդացեք նաև
Աստվածաշունչը տարանջատում է պետության աշխարհիկ իշխանության և հոգևոր իշխանության գործառույթները՝ միաժամանակ սահմանելով նրանց փոխհարաբերությունների հիմնական սկզբունքները։ Ըստ սուրբգրային ուսմունքի՝ Եկեղեցին չպետք է ստանձնի պետության ուղղակի քաղաքական կամ վարչական կառավարումը, այլ պետք է հանդես գա որպես բարոյական ու հոգևոր կողմնորոշիչ։
Մեր Տէր Հիսուս Քրիստոսը հստակ սահմանազատեց քաղաքական և հոգևոր ոլորտները՝ ասելով. «Տուէ՛ք կայսրինը՝ կայսեր եւ Աստծունը՝ Աստծուն» (Մատթեոս 22.21)։ Սա նշանակում է, որ պետությունը, հանձինս կառավարության, ունի իր օրինական իրավասությունները (պետության անվտանգության ապահովում, մարդու իրավունքների պաշտպանություն, հարկեր, օրենքներ, հասարակական կարգուկանոն եւ այլն), իսկ Եկեղեցին՝ իր առաքելությունը (հոգևոր դաստիարակություն, հավատք, հոգու փրկություն)։ Մերը Տէրը նաև նշեց. «Իմ թագաւորութիւնը այս աշխարհից չէ» (Հովհաննես 18։36)՝ ընդգծելով, որ քրիստոնեության նպատակը երկրային քաղաքական իշխանության զավթումը չէ։
Պետության դերը ըստ Աստվածաշնչի
Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված թղթում (Հռոմեացիներ 13։1-7) պետական իշխանությունը դիտարկում է որպես Աստուծո կողմից հաստատված կարգ՝ հասարակական խաղաղությունն ու արդարությունը պահպանելու համար։ Պետության խնդիրն է՝ Խրախուսել բարի գործերը և պատժել չարագործներին, ապահովել քաղաքացիների անվտանգությունն ու արդար դատավարությունը։
Եկեղեցու դերը պետության նկատմամբ
Աստվածաշնչյան տեսանկյունից Եկեղեցու մասնակցությունը պետական կյանքին պետք է դրսեւորվի հետեւյալ կերպ.
- Մարգարեական ձայն եւ բարոյական խիղճ. Հին Կտակարանի մարգարեների օրինակով՝ Եկեղեցին պարտավոր է բարձրաձայնել ճշմարտությունը, պաշտպանել սոցիալական արդարությունը՝ աղքատներին ու անպաշտպաններին եւ քննադատել իշխանությունների անարդարությունները՝ առանց կուսակցական կողմնակալության։
- Աղոթք իշխանությունների համար. Պողոս առաքյալը պատվիրում է աղոթել «1 Արդ, ամենից առաջ աղաչում եմ աղօթք անել, խնդրել, պաղատել, գոհութիւն մատուցել բոլոր մարդկանց համար, 2 մանաւանդ թագաւորների եւ բոլոր իշխանաւորների համար, որպէսզի խաղաղութեամբ եւ հանդարտութեամբ վարենք մեր կեանքը, կատարեալ աստուածապաշտութեամբ եւ սրբութեամբ. 3 ա՛յդ է բարին եւ ընդունելին մեր Փրկչի՝ Աստծու առաջ։» (Ա Տիմոթեոս 2.1-2)։
- Օրինապահ քաղաքացիների դաստիարակություն. Եկեղեցին պետք է հավատացյալներին սովորեցնի հարգել օրենքները, վճարել հարկերը եւ լինել պատասխանատու քաղաքացիներ։ Եկեղեցին պարտավոր է ժողովրդին սովորեցնել, իմացություն եւ գիտություն տալ զատելու չարն ու բարին, ճիշտ մարդկանց ընտրել իրենց ղեկավար։ Ինչպես այդ մասին հուշում է Աստված. «23 Եւ իմ ժողովրդին թող սովորեցնեն ընտրութիւն կատարել սրբի ու պղծուածի, անարատի ու արատաւորուածի միջեւ։» Եզեկիէլ 44.23։
- Իշխանության սահմանների հիշեցում. Եթե պետությունը պահանջում է մի բան, որն ուղղակիորեն հակասում է Աստուծո պատվիրաններին եւ խղճին, Եկեղեցին ու հավատացյալները առաջնորդվում են առաքյալների սկզբունքով. «29 Պատասխան տուեցին Պետրոսն ու առաքեալները եւ ասացին. «Պէտք է առաւել Աստծուն հնազանդուել, քան մարդկանց:» (Գործք Առաքելոց 5.29)։
Այսպիսով, Աստվածաշունչը հստակ սահմանում է, որ եկեղեցին պետք է հեռու մնա պետության կառավարումից, որը եւ իրականացրել է Հայոց Եկեղեցին դարեր շարունակ, մյուս կողմից պետք է կառավարությունը հեռու մնա իշխանության կողմից Եկեղեցու ենթարկացումից։ Փոխարենը, Աստվածաշունչը առաջարկում է փոխլրացման մոդել, որտեղ կառավարությունը ապահովում է պետության անվտանգությունն ու ներքին օրինականությունը, իսկ Եկեղեցին՝ հասարակության ներքին բարոյական ու հոգևոր առողջությունը։
Եկեղեցին հոգեւոր կառույց է, այն քաղաքական կուսակցություն չէ եւ չի մասնակցել եւ չի մասնակցում որեւէ համապետական եւ տեղական ընտրության։ Քաղաքականությամբ զբաղվել, նշանակում է մասնակցել իշխանության ձեւավորման գործընթացին՝ ընտրություններին։
Եկեղեցու դերակատարումը Հայոց պատմության համատեքստում
Հայ իրականության մեջ Հայոց Եկեղեցու եւ աշխարհիկ իշխանության հարաբերությունները միշտ չէ, որ ընթացել են ըստ Աստվածաշնչյան մոդելի. դրանք կրել են պատմական ժամանակաշրջանների փոփոխվող իրավիճակների ազդեցությունը:
- Անկախությունը կորցրած ժամանակաշրջան. Երբ հայ ժողովուրդը դարեր շարունակ զրկված է եղել անկախությունից (օտար տիրապետությունների օրոք), Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ստանձնել է ոչ միայն հոգեւոր, այլեւ ազգային-քաղաքական եւ կրթամշակութային կառույցի դերը՝ արդի լեզվով՝ աշխարհիկ իշխանությունը: Այն դարձել է հայապահպանության առանցքը՝ մասնավորապես վարչական ամբողջական գործառույթներ իրականացնելով համայնքային կյանքում (դատական, սոցիալական, կենցաղային հարցերի կարգավորում, կրթական եւ մշակութային համակարգերի կազմակերպում, գիտության եւ առաջընթացի կազմակերպում):
Եկեղեցու եւ իշխանության փոխհարաբերությունը
Հայոց Եկեղեցու կարգավիճակը. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ «Հայաստանի Հանրապետության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքով ճանաչվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա զարգացման եւ ազգային մշակույթի պահպանման գործում: Ցավոք սրտի, իշխանությունը բռնազավթները խախտելով սահմանադրությունը եւ նշված օրենքը, վերջին տարիներին աննախադեպ հալածանքներ սկսեցին եկեղեցու դեմ՝ քողարկվելով Վեհափառի եւ մի շարք եպիսկոպոսների անվանարկումներով։ Իրականում այս երեւույթը հալածանք է Եկեղեցու դեմ, ի վերջո Աստուծու դեմ, նշանակում է նաեւ հայ ժողովրդի դեմ, քանի որ Եկեղեցին Աստուծունն է, մեր աղոթքի տունը։ Եկեղեցին, դա հավաքական հայ ժողովուրդն է մեր Տէր Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ։ Այս հալածանքները նաեւ հայ ազգային ինքնության դեմ է։ Այսպիսի հալածանքների մեր Եկեղեցին ենթարկվել էր մեկ էլ բոլշեւիկների ժամանակաշրջանում՝ շուրջ 100 տարի առաջ։ Հիշենք, որ այս իշխանությունը դպրոցական կրթական համակարգից հանեց Եկեղեցու պատմություն առարկան, Հայոց բանակից հանեց հոգեւոր սպասավորների համակարգը, որեւէ ծպտուն չի հանում թշնամու կողմից Արցախում իրականացվող հոգեւոր եւ պատմամշակութային հուշարձանների ոչնչացման ուղղությամբ։ Այսինքն, ամեն ինչ անում է հայ մարդուն հեռացնելու Եկեղեցուց, փորձում է հային զրկել ստանալ հոգեւոր սնունդ, դրանով իսկ հեռացնել Աստուծուց։ Այստեղ կարեւոր է մատնանշել նաեւ մեր այն հավատացյալների վարքագիծը, որոնք չզատելով չարն ու բարին, չընկալելով Աստուծու պատգամի խորհուրդը՝ հեռու մնալ պիղծերից, եւ որ պիղծերը մեր մեջ տեղ չունեն, մասնակցում են չարի կամակատարի հետ պատարագների եւ դրանով ընկնում մեծ մեղքի տակ։
Մեխակ Գաբրիելյան
Գերագույն Խորհրդի պատգամավոր 1990-1995 թվականներին, անկախության հռչակագիրը նախապատրաստող խորհրդարանական հանձնաժողովի անդամ
Հ.Գ. Հաջորդ համարում՝ «Ժամանակակից աշխարհում եկեղեցի-իշխանություն փոխհարաբերությունների մոդելները»
«Առավոտ» օրաթերթ
23.11.2026


















































