Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց Եկեղեցու դիմադրությունը «իրադարձային» կարճաժամկետ աղետին

Հոկտեմբեր 13,2026 17:37 Share
Աջակցեք aravot.am-ին

«Որոշ կառույցներ իրենց երկար կյանքում դառնում են

սերունդների անվերջության կայուն մասնիկներ»։ Ֆ Բրոդել*

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հարձակումները, կարելի է ասել, նախաձեռնվել են Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալու սկզբից ի վեր։ Իհարկե, վերցնելով իշխանությունը՝ նա և իր թիմը առաջին օրերին արարողակարգային բարյացակամ վերաբերմունք էին ցուցաբերում եկեղեցու հանդեպ և բացահայտ օժանդակություն չէին արտահայտում 2018 թ-ի հունիսին սկիզբ առած «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժմանը։ Սակայն ինքնին փաստը, որ Վեհափառ Հայրապետի հեռացման հարց կարող էր առաջանալ ընդդեմ եկեղեցական ավանդույթի՝ նաև՝ կապելով դա ներքաղաքական զարգացումների, ավելի ճիշտ՝ իշխանափոխության հետ, արդեն հատկանշական է։

Հետագա զարգացումներում՝ անձնական հարձակում Վեհափառի վրա և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքի պղծում քաբաբ-խորովածով, ըստ որում՝ երկու դեպքում էլ՝ ոստիկանության գրեթե անգործության պարագայում, ավելի հստակ ուրվագծվեց․ պետության ղեկն իր ձեռքը վերցրած ուժը վարելու է հակաեկեղեցական քաղաքականություն։

Այստեղ, ի դեպ, բավականին մանրամասն հավաքագրված է վերջին տարիների՝ հեղափոխական պետություն – Առաքելական Եկեղեցի հարաբերությունների դինամիկան: Հաջորդած տարիների ընթացքը, ցավոք, արդարացրեց մտավախությունները։ Փաստացի ստացվում է, որ 2026 թ-ի հունիսին իշխանությունը վերահաստատած Նիկոլ Փաշինյանը, թեև ակնհայտ նվազած և արդեն մեծամասնություն չկազմող իր քվեներով, բայց ստացել է այդ ձայներն իր բոլոր աղետաբեր ծրագրերը, այդ թվում՝ դարերով հաստատված Նվիրապետական Աթոռի կազմաքանդումն իրականացնելու համար։

Մեր հասարակությունը բազում աղետներ է տեսել վերջին տարիներին։ Շարունակաբար ապրում է լարված, անհաշտ ու տագնապներով լի առօրյայով՝ անգամ երբ, կենցաղային հոգսի ներքո, երբեմն մոռանում է ապրած դժբախտությունների մասշտաբը։ Հոգեկան և հոգևոր ցնցումները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը։ Սակայն ինչո՞ւ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ագրեսիվ քաղաքականությունն ու հարձակումների տարափն այսքան առանձնանում եղածների շարքում։

Անկախ հավատացյալ լինել-չլինելուց՝ հայության մեծամասնության համար Առաքելական Եկեղեցին առանձնահատուկ է՝ որպես ինքնության անբաժանելի մաս։ Անգամ իրենց աթեիստ կամ ագնոստիկ հռչակած շատ հայեր մկրտված են եկեղեցով, պսակվում են եկեղեցով ու եկեղեցով են մկրտում իրենց զավակներին։ Հուղարկավորություններն էլ վաղուց արդեն գրեթե երբեք չեն անցնում առանց քահանաների մասնակցության և հատուկ կարգի։ Հանուն Առաքելական Եկեղեցու այդ խորհուրդներն իրենց և իրենց ընտանիքների կյանք բերելու՝ մարդիկ պատրաստ են օր և ժամ հարմարեցնել, գումարներ, ռեսուրսներ և ժամանակ ծախսել և Հայաստան հասնել, Երևանի անվերջանալի խցանումներով հասնել քահանաների մոտ և այլն։ Սփյուռքահայ մեր հայրենակիցներից միշտ չէ, որ կլսես հայության միակ մայրաքաղաք Երևանը կյանքում գոնե մեկ անգամ տեսնելու երազանքի մասին։ Սակայն բազմաթիվ մարդիկ Էջմիածինը տեսնելու կամ Էջմիածնում զավակներին մկրտելու ուխտ են անում։

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին զուտ շարքային կրոնական կառույց չէ։ Այո՛, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ուղղափառ և ուղղադավան՝ արևելյան եկեղեցիների ընտանիքում իր պատվավոր տեղը զբաղեցնող կառույց է, հաստատուն ինստիտուտ։ Այն Քրիստոսի առաքյալների, եկեղեցու հայրերի, սրբազան ավանդության հիմքով դրված և այդ ուղղափառ դավանանքը սրբորեն պահպանող եզակի եկեղեցիներից է։ Այսինքն, մեր եկեղեցին ընդամենը ազգային կառույց չէ։ Հիմնադրման օրերից ի վեր այն նախանձախնդրորեն պահպանում է դավանական ուղղափառությունը, որքան էլ որ այլ եկեղեցիների որոշ հոգևորականներ փորձեն կեղծիք տարածել նրա մասին։ Ուղղադավան աստվածաբանության տեսանկյունից էլ հայոց եկեղեցին շարունակում է ընդհանրական և առաքելական եկեղեցու իր առաքելությունը։

Այսպիսով՝ Հայ Առաքելական Եկեղեցին մի կողմից համաքրիստոնեական ուղղափառ եկեղեցիների ընտանիքի լիիրավ ու լիարժեք անդամ է, մյուս կողմից՝ հայկականության միավորող ուժերից մեկը։ Զուր չէ, որ հայկական ինքնության մասին բազմաթիվ, երբեմն՝ կրքոտ վեճերը պտտվում են նաև Առաքելական Եկեղեցու զավակ լինել-չլինելու շուրջ։ Զուր չէ նաև, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայոց Եկեղեցին հայտնվեց ադրբեջանական և հետևաբար նաև՝ հայկական պետական մարմինների հարձակումների թիրախում․ Արցախի հանձնումից ի վեր՝ եկեղեցին երևի թե միակ հայկական կառույցն է, որը բարձրացնում է արցախահայերի իրավունքների, Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը:

Քսաներորդ դարի ֆրանսիացի պատմաբան Ֆեռնան Բրոդելը առաջ է քաշել մարդկային հասարակությունների պատմությունը երկարաժամկետ կտրվածքով նայելու անհրաժեշտության խնդիրը։ Երկարատև ժամանակը (ֆրանսերեն՝ la longue durée), որն ըստ նրա տևում է հազարավոր տարիներ, նա հակադրում է միջնաժամկետ և կարճատև դիպվածային իրադարձությունների հետ՝ պնդելով, որ մարդկության պատմությունը, հասարակություններին ուղեկցող երևույթները հասկանալու համար անհրաժեշտ է տեսնել երկարատև, դանդաղահոս ժամանակը կարճաժամկետ այսրոպեականի, կարճատև իրադարձությունների կամ դեպքերի շերտերի տակից։ «Մեր կարծիքով` ոչինչ ավելի կարևոր չէ, քան այս կենդանի, ներքին, անվերջ կրկնվող հակադրությունը վայրկենականի և դանդաղահոս ժամանակի միջև»*:

Առաջին հայացքից՝ պատմությունը ցանկացած հասարակության առօրեական կյանքում տեղի ունեցող դեպքերի շարան է։ Դրանց մասին ամեն օր կարելի է կարդալ թերթերում (այսօր ավելի շատ՝ լրատվակայքերում, սոցիալական ցանցերում)` գնաճ, ինչ-ինչ քաղաքական զարգացումներ, միջադեպեր, կարևոր իրադարձություններ և այլն։ Բրոդելը սա անվանում է կարևոր, սակայն կարճատև դեպքեր կամ իրադարձություններ։ Սրանք իրենց հերթին պայմանավորված են և մաս են ավելի մեծ՝ ցիկլային պատմության՝ տնտեսական, սոցիալ-քաղաքական ավելի մեծ գործընթացների։ Սակայն, ըստ նրա, իրական դանդաղընթաց իրողությունները պետք է փնտրել հաջորդ՝ ավելի խոր շերտում՝ երկարատև ընթացքում կամ longue durée-ում։ Այն մարդկային հասարակության պատմությունը դիտարկում է հազարամյակների խորության մեջ։ Դրա դանդաղ ընթացքը, որը պայմանավորված է աշխարհագրությամբ և որը նա անվանում է «քաղաքակրթությունների աշխարհագրական սահմանների անփոփոխականություն»,  առաջադրում է պատմությանը նայելու ամբողջովին այլ տեսանկյուն։ Այսպիսով՝ հազարամյակներ ի վեր գոյություն ունեցած առևտրային ճանապարհները, մշակույթը, անփոփոխ ռելիեֆները, առասպելները, կրոնները բացում են մարդկային պատմության խոր շերտերը, որոնք, ըստ նրա, հաճախ վրիպում է հասարակական գիտություններով զբաղվող գիտնականների և հետազոտողների աչքից։

Հայությունը, որքան էլ որ 21-րդ դարի խելահեղ ընթացքի պատճառով տարօրինակ ու անիրական թվա, պատմականորեն մաս է կազմում իր բնօրրանի լեռնային ռելիեֆների։ Հայ ժողովրդի պատմությունը՝ հինավուրց առասպելներից մինչև քրիստոնեության ընդունում և այսօր, շարունակում է կապված մնալ Հայկական լեռնաշխարհի հետ։ Մյուս կողմից էլ՝ հայ ժողովրդի պատմության մի ահռելի հատված եղել է նրա պետականազուրկ գոյությունը հարազատ բնօրրանում։ Այդ բնօրրանում հայերը ստեղծել ու կորցրել են թագավորություններ, իշխանություններ, այդ բնօրրանում նրանք ենթարկվել են ցեղասպանության 19-20-րդ դդ և 21-րդ դարում, կորցրել են բնօրրանի մեկ այլ՝ հազարամյակներով հայկական առասպելներով ու ինքնությամբ լցված հայրենիքի ևս մի կտոր՝ Արցախը։ Հայության ինքնության համար անկյունաքարային Հայկի ու Բելի առասպելից մինչև բիբլիական Արարատ լեռ՝ հայությունը իր լեռների ու աշխարհագրական ռելիեֆի մեջ պահել է չարի դեմ կռվի ու հաղթանակի, մարդկության փրկության խորհրդանիշ Արարատ լեռան տեր ժողովուրդ ու առաջին քրիստոնյա պետություն լինելու գիտակցությունը։ Հայկական լեռնաշխարհում հազարամյակներ առաջ տեղի ունեցած իրադարձություն-փաստերը, առասպելների ու ժողովրդական բանահյուսության հետ սերտաճելով ու մեր ինքնագիտակցության անբաժան մաս դառնալով, մեզ հասցրել են մինչև այս դար։

Այսօր մեզ համար կարծես բնական, ինքնին ենթադրվող փաստ է, ճշմարտություն, որ մենք կրում ենք հայկական մեր ինքնությունը կրոնի և լեզվի շնորհիվ։ Սակայն որքանո՞վ ենք մենք գիտակցում, որ և՛ կրոնը, և՛ լեզուն մեզ համար պահպանել է մեկ կառույց՝ Հայ Առաքելական Եկեղեցին։ Այո՛, այսօրվա մարդն ազատ է ընդունելու ցանկացած տեսանկյուն․ քրիստոնեության ընդունումը որպես գիտակցված որոշում էր հայոց վերնախավի և թագավորի կողմի՞ց, թե՞ Ագանթանգեղոսի ներկայացրած տարբերակով՝ Տրդատ թագավորը, մեղքերի պատճառով վարազի կերպարանք ընդունելով ու դարձի գալով, ընդունեց քրիստոնեություն և քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն։

Քրիստոնեությունն ամենատարածված կրոնն է աշխարհում, իսկ քրիստոնյա եկեղեցիներն ու հարանվանությունները բազմաթիվ են։ Մենք 4-րդ դարից ի վեր քրիստոնյա աշխարհի մաս ենք, թեև փոքր, ու մեզ համարում ենք յուրահատուկ, հինավուրց, ասկետիկ ոճով հազարավոր եկեղեցիների յուրօրինակ ճարտարապետության տերը։ Մեր թագավորները և եկեղեցին ժամանակին մեզ տվել են կրոնական ինքնատիպություն և նաև դրանով պայմանավորված ինքնություն։

Սակայն հայոց վերնախավի ամենավերնախավային (ամենաէլիտար), ամենախոր, ամենահամապարփակ և ամենաշնորհակալ քայլը կարելի է համարել գրերի գյուտը։ Դա իսկական ազգային և ազգաստեղծ ծրագիր էր՝ մասշտաբով ու կարևորությամբ այնպիսին, որ 1500 տարի անց անգամ այսքան փոքրացած հայկական պետության պետական լեզուն շարունակում է մնալ հայերենը։

Իհարկե, բազմաթիվ հայեր պատկանում են տարբեր այլ եկեղեցիների և հարանվանությունների։ Բազմաթիվ հայեր իրենց հայ են համարում, սակայն ինչ-ինչ հանգամանքների բերումով չգիտեն հայերեն։ Անհրաժեշտ է շեշտել, որ հոդվածի նպատակը առավել կամ պակաս հայ լինելը սահմանելը չէ։ Առավել ևս, որ այսօր իրենց Հայ Առաքելական Եկեղեցու զավակ հռչակած մի խումբ իշխանականներ հարվածում են այդ եկեղեցուն՝ է՛լ ավելի սասանելով հայկական ինքնության շարունակականության հնարավորությունները։ Հետևաբար, այս հոդվածի նպատակը դեկլարատիվ հայկականությունը բնորոշելը չէ, այլ Առաքելական Եկեղեցու՝ հայկականության պատմության երկարատև ընթացքից մինչև այսօրվա Հայաստան կապն անխաթար պահելու առաքելության մասին։ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու՝ որպես հայկական էլիտար ինստիտուտի դերն արձանագրելու և կարևորելու մասին, ինչը, պետք է, որ կասկած չհարուցի՝ անկախ եկեղեցու, նրա առաջնորդի և հոգևոր դասի հանդեպ վերաբերմունքից։ Առավել ևս, երբ ակնհայտ է, որ Առաքելական եկեղեցու դերի կարևորությունը գիտակցում են նաև այնպիսի կարկառուն հայատյացներ, ինչպիսիք են, օրինակ, Ալլահշուքյուր Փաշազադեն և Իլհամ Ալիևը։

Կասկած չի հարուցում այն, որ այլ դավանանքի կամ աթեիստ մեր գիտակից հայրենակիցները հստակ գիտակցում են Առաքելական եկեղեցու կարևորությունը և նրա հանդեպ նմանատիպ վերաբերմունքի անթույլատրելիությունը։ Եկեղեցու դեմ դուրս են եկել ո՛չ միայն ՀՀ իշխանությունները, Ադրբեջանի ղեկավարությունը, այլև միջազգային այնպիսի կառույցներ, որոնք իրենց առաքելության սահմանման մեջ ոչ մի նմանատիպ գործառույթ չունեն․ ինչպես պարզվեց վերջերս, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ գործողություններում։

Դարեր ի վեր պետություն, թագավորական ընտանիքներ, արարողակարգեր չտեսած մեր աչքերի համար մխիթարություն են մեր երկարատև ժամանակի մասին պատմող եկեղեցական ծեսերը, ավանդույթները․ Ամենայն Հայոց Հայրապետին ուղեկցող թափորը, պահպանվող արարողակարգը, Վեհափառի գահը, եկեղեցական տաղավար տոներին նրա գլխին պահվող ամպհովանին և այդ ամպհովանին պահող անձանց և Հայրապետին ուղեկցող հոգևորականների հագուկապը, հոգևոր դասի քայլքի ու շարքի հերթականությունը, եկեղեցական իրերի արծաթ-ոսկին, նուրբ ասեղնագործն ու Նվիրապետական Աթոռի խորհրդանիշ մանուշակագույնը, ազնվական ու ազգային վերնախավին բնորոշ յուրօրինակ ճաշակը։ Սրանք զուտ ատրիբուտներ չեն, այլ անհետացման եզրին կանգնած պատմության և պատկանելության մասին հիշեցում։

****

Ամռան կիրակի օրերից մեկին ընտանիքով պատարագի էինք գնացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Օրը տաղավար չէր, պատարագը՝ սովորական, պատարագի մասնակիցներն ավելի քիչ էին, քան զբոսաշրջիկները։ Պատարագի մեջտեղում, երբ սարկավագները սկսեցին երկու շարքով կանգնել ու տարածք ազատել Վեհափառի համար, մարդիկ հավաքվեցին նրանց երկու կողմում, որպեսզի օրհնություն ստանան Հայրապետից։ Վեհափառն անշտապ բոլորին օրհնեց, խաչը դրեց մարդկանց գլուխներին։ Խաղաղ պատարագը խաղաղ շարունակվեց և խաղաղ ավարտվեց։ Վերջում՝ վեհարանի դարպասների առաջ կանգնած սպասելիս, որ Հայոց Հայրապետը անցնի ու վերադառնա Վեհարան, տեսա՝ ինչպես են մարդիկ ձեռքները գցում Վեհափառի ձեռքի խաչին։ Ամեն անգամ այդ պատկերը տեսնելիս միշտ տարակուսում էի՝ ինչո՞ւ են ձեռք տալիս խաչին, փոխանակ գլուխները դեմ տան օրհնության համար։ Հերթը հասավ մեզ, և լսվեց Վեհափառի հորդորը․

  • Ձեռքներդ մեկնե՛ք, խա՛չը բռնեք։ Ազգս հայոց թող Տիրոջ խաչից կառչած ապրի․․․

Վերջին 8 տարիների ցնցումները մեզ հավերժություն են թվում, քանի որ գրեթե ամեն օրը մի նոր ցնցում է բերում մեր հոգուն, մարտահրավեր մեր պատկերացումներին, իմացած բարոյական և օբյեկտիվ ճշմարտություններին։ Սակայն կկարողանա՞նք մենք պաշտպանել իրական հավերժականը դիպվածային այս ցնցումների դեմ։ Հայոց Եկեղեցին պաշտպանում է մեր երկարատև ընթացքը՝ հիշեցնելով մեզ մեր բնօրրան հանդիսացող ռելիեֆների, լեռների, ինքնության մասին, մեր պատկանելության մասին՝ երկարաժամկետ կտրվածքով։

Արևմտյան Հայաստանը, Արցախը երկարատև ժամանակ մեր՝ Հայկական լեռնաշխարհի տեր, բնիկ լինելու վկաներն էին։ Արարատ լեռը նույնպես։ Իհարկե՝ նաև Սյունյաց ու Գեղարքունյաց լեռները, Արագածը՝ բոլորը մեր բնական տարածքներն են՝ վաղուց ի վեր, երկարաժամկետ կտրվածքով։ Եվ այդ ամենի միակ կենդանի վկան՝ ինստիտուցիոնալ հիշողության կրողը մնացել է Առաքելական Եկեղեցին՝ հայոց միակ էլիտար հաստատությունը։ Ունա՞կ ենք մենք՝ որպես հայ՝ անկախ մեր դավանական յուրահատկություններից, պաշտպանել մեր Եկեղեցին ու նրա Նվիրապետական գահը։

Հայաստան պետության ապագան, ցավոք, մշուշոտ է։ «Սպասվող համաշխարհային և համազգային մեծամասշտաբ աղետների ընթացքում և դրանցից հետո կլինի՞ արդյոք Հայաստանը ոչ թե զուտ որպես տարածք, այլ որպես պետություն» հարցը լավատեսական պատասխան չունի կարծես թե։ Եթե արհավիրքներից հետո հայությունը ևս մեկ անգամ փորձի հավաքվել և ոտքի կանգնել որպես ազգ, ապա դա հնարավոր կլինի երևի թե միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առկայության դեպքում ու նրա շուրջ։ Հայության միակ գործող էլիտար կառույցը, որ կապում է մեզ մեր անցյալի հետ ու յուրահատուկ ինքնության գիտակցություն տալիս, Առաքելական Եկեղեցին է։ Միայն մեզ՝ հայերիս է անհրաժեշտ այդ եկեղեցին՝ կանգուն ու անսասան Նվիրապետական աթոռով, 132-րդ Ամենայն Հայոց Հայրապետով իր գահին բազմած։

Մենք ոչ մի այլ կառույց չունենք, որի գահակալական աթոռը, անընդմեջ ու շարունակական կերպով, անցած լինի դարերով ու հասած լինի մեզ՝ պատմելով մեզ դարեր ի վեր, տևական շարունակականությամբ Հայկական լեռնաշխարհում մեր գոյության ու իրավունքի մասին։ Հայոց Եկեղեցին դիմադրում է արհավիրքներին՝ հանուն հայկականության շարունակականության։

 

Նարինե Աղաբեկյան

 

——————————————————————

* Երկու մեջբերումները թարգմանվել են հեղինակի կողմից՝ Ֆ․ Բրոդել և Իմմ․ Ուոլերստայն «Պատմությունը և հասարակական գիտությունները․ երկարատև ընթացք (La longue durée)» հոդվածի անգլերեն թարգմանությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել