Արցախի Ստեփանակերտ քաղաքից բռնի տեղահանված Սուսաննա Հակոբջանյանի ընտանիքը մեկն է արցախցի այն բազմաթիվ ընտանիքներից, որոնք այս օրերին բախվում են կացարանի խնդրին։ Հայաստանում բնակարանների գների ու վարձավճարների թանկացման հետեւանքով արցախցի շատ ընտանիքներ անելանելի իրավիճակում են հայտնվել։
Սուսաննայի բազմանդամ ընտանիքը (6 անչափահաս երեխաներ, ինքն ու ամուսինը) 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո վարձակալությամբ բնակվում էր Մասիս քաղաքում, բայց բոլորովին վերջերս տանտերերը որոշել են վաճառել բնակարանը։
«Երկար ժամանակ բնակարան չէինք կարողանում գտնել, հետո 10 օր ընտանիքիս մի մասը մնաց քրոջս տանը, մյուս կեսը՝ ընկերուհուս տանը։ Մասիս քաղաքում երկու սենյականոց վարձով տների գինը 150 հազար դրամ է, իսկ մեր ընտանիքին համապատասխան տան վարձավճարը 200-250 հազար դրամ է։ Բայց եթե գիտեն, որ բազմազավակ ընտանիք ես, տուն չեն տալիս։ Հիմա Արարատի մարզի Զորակ գյուղում մի տուն ենք վարձել, բայց շատ թանկ է՝ 136 հազար դրամ։ Լրիվ դատարկ տուն է, տեղավորվել ենք, բայց մեկ է՝ երեխաները լացում են, չեն ուզում, որ այդ տանը մնանք, ասում են՝ մենք ուզում ենք Մասիսում գնալ դպրոց, երեխաների դպրոցն ու մանկապարտեզը Մասիսում է։ Այսինքն՝ անորոշության մեջ ենք, չգիտենք, թե որտեղ ենք կարողանալու տուն գնել ու բնակություն հաստատել»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Սուսաննա Հակոբջանյանը։
Այս ընտանիքը ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրի շահառու է, բնակարանի գնման հավաստագիրն արդեն ձեռք են բերել, բայց, Սուսաննայի խոսքով, չեն կարողանում այն իրացնել, քանի որ տների գները թանկ են։
Կարդացեք նաև
«Մեր ութ հոգանոց ընտանիքի համար 32 մլն դրամի հավաստագիր ունենք, բայց տուն չկա, ահավոր թանկ են։ Մասիսում նորմալ տների գները 100 հազար դոլարից են սկսվում։ Մեզ էլ ոչ վարկ են տալիս, ոչ գումար ունենք, որ ավելացնենք։ Ամուսինս 44-օրյա պատերազմի ժամանակ հաշմանդամություն է ստացել, ես էլ առողջական խնդիրներ ունեմ՝ ողնաշարի հետ կապված, չենք աշխատում։ Ապրում ենք երեխաների համար հատկացվող բնակվարձի գումարով ու ամուսնուս թոշակով»,- ասաց նա։
Բռնի տեղահանված ընտանիքների համար լրացուցիչ սթրես է բնակության վայրը փոխելը։ Սուսաննան ասում է՝ մոտ երեք տարի Մասիսում են բնակվել, երեխաները սովորել են այդ միջավայրին, դպրոցում ընկերներ են ձեռք բերել, կրկնակի տեղափոխությունը հավելյալ սթրես է երեխաների համար։ Առանց այն էլ, երեխաներից մեկը բռնի տեղահանության հետեւանքով նյարդային խնդիրներ է ձեռք բերել։
Անշարժ գույքի գործակալների տվյալներով՝ վերջին շրջանում բնակարանների վաճառքի ու վարձակալության գները Հայաստանում բարձրացել են 15-20 տոկոսով։ Հատկապես վերջին 2-3 ամիսների է թանկացումն ակնառու։ Այս փուլում թանկացումը պայմանավորված է Ռուսաստանից դեպի Հայաստան մեծ հոսքով։ Շատ ռուսաստանցիներ, խուսափելով Ռուսաստանում աշնանը սպասվելիք հնարավոր զորահավաքից, տեղափոխվում են Հայաստան։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի եւ այս տարվա առաջին եռամսյակի համեմատ ինչպես Երեւանում, այնպես էլ բոլոր մարզերում անշարժ գույքի գների աճ է գրանցվել։
Վարձավճարների թանկացման հետեւանքով խնդրի առաջ են կանգնել հիմնականում բռնի տեղահանված խոցելի ընտանիքները։ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն օրերս տեսանյութ էր հրապարակել, որ արցախցի բազմազավակ ընտանիքը՝ մայրը 4 երեխաների հետ, տեղավորվել են Արցախի ներկայացուցչության շենքում, քանի որ չեն կարողացել վճարել բնակվարձը։ Մեկ այլ տեղահանված ընտանիք տեղավորվել էր չգործող մանկապարտեզներից մեկի կիսաքանդ շենքում։
Արցախցի գործիչ Սայիդա Պողոսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց, որ այս օրերին մեծ թվով ահազանգներ են ստանում արցախցի ընտանիքներից՝ մարդիկ ասում են, որ մնացել են դրսում։ «Չեք պատկերացնում, թե ինչ գներ են՝ հավաբուն հիշեցնող շինությունը վաճառում են 75 հազար դոլարով։ Վաճառում են այն տները, որ երբեք մարդկանց մտքով չէր կարող անցնել, որ այդ տները կարելի էր վաճառել։ Մարդիկ ոչ կարողանում են վարձավճարները վճարել, ոչ էլ հավաստագրի արժեքով բնակարան գնել։ Դրան զուգահեռ, նաեւ հողի գներն են թանկացել, այսինքն՝ եթե մարդն ուզենա տուն կառուցել, դա էլ հնարավոր չէ, քանի որ եւ հողն է թանկացել, եւ շինանյութը»,- ասաց Սայիդա Պողոսյանը։
Սայիդա Պողոսյանի խոսքով՝ ձեւավորված են խմբեր, որոնք այս օրերին արձագանքում են ահազանգերին եւ փորձում են հավաքագրել արցախցիների խնդիրները։ «Բայց դուք գիտեք, որ խնդիրներ հավաքագրելը մի բան է, իսկ խնդիրների լուծումը պետական մակարդակով պետք է լինի։ Մեզ նման հասարակ մարդիկ չեն կարող բոլորի բնակարանային հարցերը լուծել։ Արցախից բռնի տեղահանվածներից մոտ 100 հազար մարդ այսօր բնակարանի խնդիր ունի, այդ հարցը պետական մակարդակով պետք է հստակ լուծվի»,- նշեց Սայիդա Պողոսյանը։
«Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջը եւս անդրադարձել է այս խնդրին․ «Վերջին շրջանում Երեւանում եւ մարզերում վարձակալությամբ հանձնվող բնակարանների վարձավճարների կտրուկ աճը դարձել է լուրջ սոցիալական խնդիր։ Բնակարան վարձելը շատ ընտանիքների, հատկապես սոցիալապես խոցելի խմբերի համար, աստիճանաբար վերածվում է գրեթե անհաղթահարելի խնդրի։ Եվ ամենացավալին այն է, որ այդ ընտանիքների թվում կան զոհվածների ընտանիքներ, նույնիսկ բռնատեղահանված այնպիսի ընտանիքներ, որոնցում երեք-չորս զոհված անդամ կա»։
Բացի վերջին շրջանի թանկացումը, նախկինում եւս թանկացման ալիքներ են եղել։ Արցախցիներն ավելի վաղ էլ ահազանգել էին, որ իրենց բնակապահովման ծրագրի հաստատմանը զուգահեռ՝ ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում բնակարանների գները թանկացել էին։ Երբ կառավարությունը նախորդ տարի բնակապահովման ծրագրում սահմանեց 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ, այդ փուլում եւս հատկապես երեւանամերձ մարզերում բնակարանների գներն թանկացան։
Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանից «Առավոտ»-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ լուծումներ են տեսնում այս իրավիճակում։ Իսկանդարյանն ասաց, որ իրենք եւս մեծ թվով ահազանգեր են ստանում արցախցիներից։ «Մարդկանց ասում են՝ կամ դուրս եկեք տնից, կամ այլ գին է։ Այս վիճակը պետք է վերահսկվի, բայց չեմ պատկերացնում, թե իրականում ինչ մեխանիզմներ պետք է ներդրվեն։ Կա նաեւ այլ տարբերակ՝ եթե կառավարությունը հաշվի առնի այս իրավիճակը եւ բնակարաններ կառուցի, ավելի մատչելի կլինի արցախցիների համար հավաստագրով տուն ձեռք բերելը»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




















































