Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենը դրել է մի նշաձող, որին բոլորս պետք է ձգտենք, ինձ համար մեծ պատիվ է այս մրցանակը ստանալը. Արամ Աբրահամյան

Հուլիս 17,2026 22:35 Share

Հայաստանի ժուռնալիստների միությունը «Արմեն Դուլյան» առաջին մրցանակը հանձնեց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին։ «Հայաստանի ժուռնալիստների միությունը որոշեց մեր երջանկահիշատակ, սկզբունքային գործընկեր, մեր լավ ընկեր Արմեն Դուլյանի մահվանից հետո ստեղծել «Արմեն Դուլյան» մրցանակը, որպեսզի կարողանանք գոնե մեր մասնագիտական համայնքի, մեր գործընկերների արժանիքներն արձանագրել…

Մրցութային հանձնաժողովը որոշեց առաջին մրցանակը հանձնել «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, հրապարակախոս Արամ Աբրահամյանին։ Շատ մեծ պատիվ է, որ հանձնաժողովն այդպիսի բարձր նշաձող է սահմանել և՛ մարդկային որակների, և՛ առաջին հերթին պրոֆեսիոնալիզմի առումով։

Արմեն Դուլյանն ու Արամ Աբրահամյանը սերնդակից են, շատ հաճախ իրենց ունեցած տարաձայնություններով հանդերձ՝ ունեն սկզբունքներ, մարդկային, էթիկական, էսթետիկական, գեղագիտական որակներ, որոնք մեզ համար չափազանց կարևոր են։ Երկուսն էլ երիտասարդ սերնդին, այդ թվում՝ ինձ, շատ բան են փոխանցել»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում.

«Արմենը դրել է մի նշաձող, որին բոլորս պետք է ձգտենք, ինձ համար մեծ պատիվ է այս մրցանակը ստանալը։ Երբ իմացա, որ ինձ են տալիս առաջին մրցանակը, մտածեցի, որ շատ ավելի նշանավոր լրագրողներ կան, որոնք արժանի են դրան։ Հուսով եմ՝ այդ նախաձեռնությունը կշարունակվի, և էլի կլինեն լրագրողներ, որոնք համապատասխանում են այդ նշաձողին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Աբրահամյանը։

Հարցին՝ նման մրցանակների շնորհումն ի՞նչ կտա ոլորտին ընդհանրապես, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրն այսպես արձագանքեց. «Մենք՝ լրագրողներս, սովոր ենք բացասական գնահատականների, մանավանդ սոցցանցերի դարում. երբ 30-40 մեկնաբանություններից 10%-ն է ինչ-որ բան, մնացածը՝ հայհոյանքներ են… Այնպես որ, ինչ-որ ձևով դրական խոսք լսելը, իհարկե, հաճելի է»։

Մանրամասն՝ տեսանյութում.

Մրցանակի հանձնման ժամանակ փոքրիկ տեսանյութ ցուցադրվեց Արմեն Դուլյանի մասին, որը պատրաստել էր Հովհաննես Իշխանյանը։ Հնչեց նաև Արմեն Դուլյանի կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի տեսաուղերձը, նա նաև իր ձեռքով պատրաստած՝ Արմեն Դուլյանի սիրելի տորթն էր ուղարկել։

Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ մրցութային հանձնաժողովի անդամները միաձայն որոշել են մրցանակը շնորհել Արամ Աբրահամյանին։ Նրա խոսքով՝ Արմեն Դուլյանը ևս ուրախ կլիներ այդ որոշման համար։

Մանրամասն՝ տեսանյութում.

«Երբ Սաթիկը զանգեց և ասաց, որ նման բան է լինելու, և ասաց, որ ինձ շնորհավորում է, մտածեցի, որ իրոնիա է, հերթական ինչ-որ կայք ինչ-որ բան է գրել իմ մասին, բայց երբ հայտնեց, թե ինչի մասին է խոսքը, իսկապես անսպասելի էր և շատ հաճելի»։

Արամ Աբրահամյանը հիշեց, որ իր հայրը՝ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի երկարամյա պրոֆեսոր Լև Աբրահամյանը, ժամանակին «Ազատություն» ռ/կ-ն էր լսում և ուզում էր Արմեն Դուլյանի ասածները քննարկել իր հետ։

Արամ Աբրահամյանի ձևակերպմամբ՝ ինչպես Ռուզան Խաչատրյանը, այնպես էլ Արմեն Դուլյանը «Ազատություն» ռ/կ-ի ոսկեդարը ստեղծողներից էին։

Մանրամասն՝ տեսանյութում.

Արմեն Դուլյանի մասին խոսեցին նրա ընկերները, նրան ճանաչողները, մրցութային հանձնաժողովի անդամները՝ Գնել Նալբանդյանը, Հարություն Հարությունյանը, Դավիթ Սարգսյանը, Դմիտրի Պիսարենկոն, Ալիսա Գևորգյանը, Արմեն Դուլյանի եղբայրը։

Aravot.am կայքի խմբագիր Աննա Իսրայելյանը, որը շատ մտերիմ էր Դուլյանի և նրա տիկնոջ՝ Ռուզան Խաչատրյանի հետ, մի փոքրիկ զվարճալի դրվագ պատմեց, որովհետև, նրա խոսքով, մնացած դրվագները խիստ անձնական են. «Երկու լուրջ վերլուծաբան Շանթում հաղորդում են միասին վարում, կարծեմ՝ այդ օրը ոտանավորի, թե մի այլ օր էր։ Արմեն Դուլյանն Արամ Աբրահամյանին հարցնում է՝ դու գիտե՞ս, ձեր Աննա Իսրայելյանի մայրիկը շատ համեղ բաներ է պատրաստում։ Արամն ասում է՝ այո։ Ու Արմեն Դուլյանն այս կապակցությամբ ասմունքում է. «Առավոտը բացեցի, քո հոդվածը կարդացի, կարծես համը ես զգացի, մամայիդ խալադեցի…»։

Աննա Իսրայելյանն ափսոսանքով նշեց, որ հաճախ մարդկանց մասին լավ բաներ ասում են միայն նրանց չլինելուց հետո, և եթե լավ բաներն ավելի շատ ու ավելի շուտ ասվեին, գուցե մարդիկ ավելի երկար ապրեին։

Մանրամասն՝ տեսանյութում.

Ռուզան Խաչատրյանի որդու, վավերագրող Հովհաննես Իշխանյանի ձևակերպմամբ, Արմեն Դուլյանը, մոր ասելով, երբևէ որևէ մրցանակ չի ստացել, միշտ խնդիրներ է ունեցել իր սկզբունքային լինելու պատճառով։ Նրա խոսքով՝ ամեն ինչ շատ օրինաչափ է, որ Արմեն Դուլյանը ոչ թե պետք է մրցանակ ստանար, այլ լիներ մրցանակ։

Մանրամասն՝ տեսանյութում.

Արմեն Դուլյան մրցանակի հանձնման արարողությունն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031