Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դռնփակ ռեժիմով քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունը։
Նիստից առաջ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր, փաստաբան Արամ Վարդեւանյանը լրագրողներին ասաց․ «Ինչպես նախկինում եմ նշել՝ օբյեկտիվ իրականության, իրավունքի, ողջամտության, օրենքի հետ զրո առնչություն ունեցող երեւույթի հետ գործ ունենք»։
ԿԸՀ նախագահն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ որոշվել է նիստը դռնփակ անցկացնել։ Արամ Վարդեւանյանը նշեց, որ ինքը պնդելու է, որպեսզի նիստը դռնբաց անցկացվի։
Կարդացեք նաև
«ՍԴ-ն հստակ արձանագրել է, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից սկսած՝ անձը չի կարող լինել անազատության մեջ։ Պատգամավորի կարգավիճակը տրվում է վկայականով եւ համապատասխան արձանագրությամբ։ Այսօր մենք արդեն ստացել ենք, օրինակ, Դավիթ Ղազինյանի վկայականը, որտեղ գրված է՝ Ազգային ժողովի պատգամավոր։ Այսօր՝ ժամը 15։30-ից սկսած կարգավիճակը հստակ է, հետեւաբար, ինչպե՞ս կարող էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անձի անձնական ազատությանը վերաբերող հարց քննել։ Ազգային ժողովի պատգամավորներն օժտված են լրացուցիչ անձեռնմխելիությամբ, դրա հաղթահարման ճանապարհը ԱԺ-ն է։ Եվ դրա համար է նաեւ ՍԴ-ն օգտագործել պատգամավորի կարգավիճակ եզրույթը։ ՍԴ որոշման մեջ սեւով սպիտակին գրված է, որ եթե անձը ձեռք է բերել ԱԺ պատգամավորի կարգավիճակ, չի կարող լինել անազատության մեջ՝ բացառապես ԱԺ կողմից համապատասխան որոշման»,- ասաց Վարդեւանյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




















































