Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպիսի շեշտադրմամբ է ներկայացված, որ ինքս իմ մասին այդ նյութը լսում էի ու այդ ահասարսուռ ձայնից մի ձևի էի լինում»․ Մամիկոն Ասլանյանը՝ իր նկատմամբ քրեական վարույթի մասին

Հուլիս 21,2026 18:25 Share

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ԿԸՀ շենքի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթին։

Նա մեղադրանքը շինծու որակեց։ «Այդ նույն հաջողությամբ կարող էին ասել՝ Վանաձոր համայնքի 3000 հեկտար հողից կամ Հայաստանի Հանրապետության 29 743 քկմ տարածքից Ասլանյանը առանձնացրել է 3 հատ 20 քմ տարածք։ Դա ինչ ասելու բան է, բա եթե պիտի օտարում արվի կամ վարձակալության տրվի, բնականաբար, պիտի առանձնացվի այդ հողամասը, որ հասցե տրվի։ Ու այնպիսի շեշտադրմամբ է ներկայացված, որ ինքս իմ մասին այդ նյութը լսում էի ու այդ ահասարսուռ ձայնից մի ձևի էի լինում»,- ասաց Ասլանյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած տեղեկատվությանը։

«Ինչևէ, սա նորություն չէ, սա ցավալիորեն խոսում է իրավաբանական համայնքի կողմից նման մեթոդներով քրեական իրավունքին վերաբերվելու ցածր որակների մասին։ Բնականաբար, մնացածն արդեն դատարանում կասենք, այս պահին ես ոչ գործի մանրամասներին եմ տիրապետում, ոչ էլ ցանկություն կա, գործի մանրամասներով փաստաբանները կզբաղվեն»,- հավելեց նա։

Ըստ Մամիկոն Ասլանյանի՝ ՀՀ-ի համար սա վերջին տարիներին արդեն ավանդույթ դարձած գործելակերպ է, ոչ զարմանալու, ոչ էլ ահաբեկվելու պատճառ չի տեսնում։ «Պրոցեսներ են, մենք այս երկրում ենք ապրում, և այս երկրում այսօր այս բարքերն են տիրում»,- ասաց նա։

Անդրադառնալով ԿԸՀ-ում Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդության քննությանը՝ Մամիկոն Ասլանյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի վերաբերյալ մուտքագրված միջնորդությունն այս պահին քննելու և որոշում կայացնելու լիազորություն չունի»։

Անդրադառնալով մանդատները վերցնելու որոշմանը՝ նա ասաց․ «Ընդդիմությունն արդարանալու որևէ խնդիր չպիտի ի սկզբանե ունենար։ Մանդատ վերցնել-չվերցնելու թնջուկը ի սկզբանե արհեստածին թնջուկ էր, եթե մասնակցել ես ընտրություններին, կամ ի սկզբանե պետք է վերցնես մանդատը, քո պայքարը շարունակես մանդատը վերցրած՝ անկախ նրանից՝ դու այդ պահին ունես փողոց, թե չունես։ Այլ տարբերակում դու պիտի ուղղակի վայր դնես բոլոր զենքերը և դուրս գաս քաղաքական ասպարեզից։ Եվ ամեն քաղաքական ուժ իր պատասխանատվությամբ ինքն է որոշում իր անելիքները և իր պատասխանատվության չափով մասնակցում է այս կամ այն պրոցեսին»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել