Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանից Հայաստանի պատվիրակության լրացուցիչ անվտանգության երաշխիքներ էինք պահանջել։ Մի քիչ ուշացումով՝ ընդունող երկիրը պաշտոնապես տվել է այդ երաշխիքները»

Հուլիս 22,2026 09:00 Share

Հաղորդել ենք, որ ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները այնուամենայնիվ կմասնակցեն հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Բաքվում կայանալիք մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությանը։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից Aravot.am-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկատվությունը։ «Մենք Ադրբեջանից Հայաստանի պատվիրակության լրացուցիչ անվտանգության երաշխիքներ էինք պահանջել։ Մի քիչ ուշացումով՝ ընդունող երկիրը պաշտոնապես տվել է այդ երաշխիքները»,- մեզ ասացին ՀԸՖ-ում։

Քանի որ ըմբիշները դեռ 17 տարեկան էլ չկան, հետաքրքրվեցինք, թե նրանց ծնողներն ինչպե՞ս են վերաբերվում այսպիսի պատասխանատու որոշմանը։ Ի պատասխան, մեզ վստահեցրին, որ ոչ մեկին, ըմբիշ, թե մարզիչ, ոչ մի պարտադրանք չի եղել։ Թե հարեւան երկիր մեկնող մարզիկները, թե նրանց ծնողները տվել են իրենց համաձայնությունը։ Հակառակ դեպքում ոչ մի պատանի ըմբիշ չէր կարողանա հատել սահմանը։ Ի դեպ, մեզ ասացին նաեւ, որ ճիշտ է, որոշակի ներքին լարվածություն կա։ Ի վերջո, աշխարհի առաջնություն է, այն էլ՝ Բաքվում։ Բայց տղաները պատրաստ են գորգում կռվել մինչեւ վերջ։

Aravopt.am-ի  տեղեկություններով մեր երկու պատանեկան հավաքականներն էլ ուսումնամարզական վերջին հավաքն այս օրերին անցկացնում են Դիլիջանում։ Հիշեցնենք, որ ներկայումս Օլիմպավանը կապարակնքված է եւ չի գործում։

Հավաքականները Բաքու մեկնելու են Թբիլիսիով։

Աշխարհի առաջնությունում հանդես կգան հետեւյալ ըմբիշները:

Ազատ ոճ

51 կգ Մուրադ Ղարիբյան, 55 կգ Դավիթ Բալեյան, 60 կգ Գրիշա Գևորգյան, 65 կգ Էրիկ Պապիկյան, 71 կգ Վարուժան Ասլանյան, 80 կգ Վաչե Ասլանյան։

Ավագ մարզիչ՝ Արշակ Հայրապետյան

Հունահռոմեական ոճ

45 կգ Վազգեն Վարդանյան, 48 կգ Արարատ Ավետիսյան, 51 կգ Գևորգ Հարությունյան, 55 կգ Գեղամ Եղիազարյան, 60 կգ Արտուշ Պետրոսյան, 65 կգ Վազգեն Մնացականյան, 71 կգ Ջանես Նազարյան, 80 կգ Վահե Հովեյան, 92 կգ Ալեքսան Շալջյան, 110 կգ Խաչիկ Խաչատրյան։

Ավագ մարզիչ՝ Գագիկ Խաչատրյան։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել