«Որպեսզի հասկանանք, թե արդյոք շվեյցարական կողմն իր դիրքորոշումները փոխե՞լ է, մեզ պետք է հստակ ու թափանցիկ լիներ, թե ՀՀ-ն որ երրորդ երկրներին է դիմել։ Հայտարարությունները վերացական ու անդեմ են։ ՀՀ-ն նշում է, որ դիմել են երրորդ երկրներին, սակայն չեն որոշակիացնում, թե որ երրորդ երկրներին են դիմում։ Եվ մեզ հայտնի չէ, թե, օրինակ՝ Շվեյցարիան ներառվա՞ծ է թեկնածու երրորդ երկրների ցուցակում, արդյոք ՀՀ կառավարությունը, ԱԳՆ-ն իրապես դիմե՞լ է Շվեյցարիայի իշխանություններին, թե օրինակ՝ դուրս են բերվել այլ երրորդ երկրներ՝ ինչպիսին կարող է լինել Ֆրանսիան, Ռուսաստանը, Թուրքիան, Իրան, միգուցե սկանդինավյան երկրները։ Այս տեղեկության բացը թույլ չի տալիս, որ պատշաճ հանրային վերահսկողություն իրականացվի այս գործընթացի նկատմամբ»,-Aravot.am-ի փաստմանը ՀՀ կառավարության կողմից հայտարարվեց, որ մերժում են ստացել, սակայն մինչ այդ Շվեյցարիան իր համաձայնությունը տվել էր 3-րդ երկրի միջոցով Բաքվում հայ ռազմագերիներին այցելության հետ կապված և հարցին՝ ինչպե՞ս ստացվեց, այսպես պատասխանեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:
Մեր այն դիտարկմանը՝ փաստացի այսօր աշխարհի որևէ երկիր իր համաձայնությունը չի տվել մարդասիրական այցով Բաքու գնալ և այցելել հայ ռազմագերիներին և հարցին՝ սա հայ դիվանագիտության բացթողո՞ւմ է, թե միջազգային հանրությունն է զգուշավոր, Սիրանուշ Սահակյանն այսպես արձագանքեց․ «Աշխարհում շուրջ 200 պետություններ կան, և չեմ կարծում, որ այդ պետություններից որևէ մեկը չցուցաբերի անհրաժեշտ պատասխանատվություն մարդասիրական հարցերում և կատեգորիկ հրաժարվի այն իրականացնել՝ տեղի տալով ադրբեջանական ճնշումներին։ Քիչ հավանական եմ համարում նման զարգացումը։ Որքան էլ խոսենք ճգնաժամերի, միջազգային իրավունքի նկատմամբ քաղաքական ազդեցությունների մասին, մենք տեսնում ենք՝ ինչպես կարող են շուրջ 40 երկրներ կոնսոլիդացվել, որ Ուկրաինայում մարդու իրավունքների խնդիրներով դիմեն ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Արդարադատության միջազգային դատարանին դիմելը շատ ավելի լուրջ քաղաքական հետևանքներ ունեցող խնդիր է։ Եթե այս 40 երկրները, վտանգի տակ դնելով ՌԴ-ի հետ հարաբերությունները, որի հետևանքով կարող են ունենալ բազմաթիվ կենսական շահեր, ցուցաբերում են համարձակություն, հարց է առաջանում՝ ինչպե՞ս զուտ մարդասիրական խնդիրներում այս 40 երկրներից որևէ մեկը համաձայնություն չի ցուցաբերում հայ բանտարկյալների առնչությամբ»։ Սիրանուշ Սահակյանի համար անընդունելի է նաև այս հարցով Ադրբեջանի դիրքորոշումը․ «Անկեղծ ասած՝ այն պատասխանը, որով ադրբեջանական կողմը պահանջում է թեկնածու երրորդ երկրներին «հեռու խաղալ», ինձ համար անթույլատրելի մոտեցում է։ Սա կարծես ի ցույց է դնում, որ մենք ունենք գերհզոր, սուպեր ադրբեջանական դիվանագիտություն, որը կարողանում է պետություններին հետ պահել ոչ միայն քաղաքական, այլև մարդասիրական հարցերից և, հակառակը, ունենք սուպեր թույլ հայկական դիվանագիտություն, որը ոչ միայն քաղաքական խնդիրներում չի կարողանում հաջողություն արձանագրել, այլև մարդասիրական խնդիրներն է ձախողում ոչ հաջող դիվանագիտության պատճառով։ Եթե ընդունում ենք այն ելակետը, որ իրական ջանքեր ցուցաբերվել են, բայց պետությունների պատասխանն է անպատասխանատու ՀՀ-ի և էթնիկ հայերի նկատմամբ, ուրեմն սա իրապես դիվանագիտական ձախողում է»։
Հարցին՝ պատրաստվո՞ւմ եք ՀՀ արտաքին գերատեսչությունից ճշտել՝ արդյոք Շվեյցարիային դիմե՞լ են, թե՝ ոչ, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Չենք բացառում, որ կարող ենք նաև դիմել։ Մեզ համար կարևոր էր, որ թափանցիկ լիներ և հստակ մատնանշեին այն պետությունները, որոնց դիմել էին։ Կա հանրային դիվանագիտություն․ քաղհասարակության ինստիտուտները շատ ակտիվ են, կարողանում են տարբեր որոշումների վրա թողնել ազդեցություն, և մենք պատրաստ ենք աշխատել այն երկրների հետ, որոնց ՀՀ-ն պատշաճ թեկնածու է դիտարկում, որպեսզի ադրբեջանական ճնշումների ներքո տեղի չտան ՀՀ-ի խնդրանքներին։ Մենք պատրաստ ենք աջակցել պաշտոնական դիվանագիտությանը հանրային դիվանագիտության շրջանակում ՝պայմանով, որ այդ թեկնածու երկրների տվյալները հասանելի լինեն քաղհասարակության ներկայացուցիչներին»։
Սիրանուշ Սահակյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































