«Ակնհայտ է, որ այստեղ խոսքը արդարության մասին չէ, ամբողջովին քաղաքական գործընթաց է, որի մեկնարկը տրված էր դեռ ընտրարշավի ժամանակ՝ երկրի վարչապետի կողմից։ Ցավալիորեն իրավապահ կառույցները կատարում են իրենց իջեցված հանձնարարականը։ Սա ամենամեծ հարվածն է ՀՀ ժողովրդավարությանը»,- ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննության ընթացքում Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։
Հայտնեց, որ միջազգային գործընկերներին կոչ են արել արձագանքել այս գործընթացներին․ «Բոլոր ժողովրդավարական երկրները ջատագով են ժողովրդավարական արժեքների, և ամենակարևոր ժողովրդավարական արժեքն այն է, որ մեկ անձ կամ ուժ չի կարող կենտրոնացնել իր մեջ օրենսդիր, գործադիր, դատական բոլոր գործառույթները։ Այսօր ՀՀ-ում բոլոր այդ գործառույթները կենտրոնացած են մեկ անձի ձեռքում, ինչը ամենամեծ հարվածն է ՀՀ ժողովրդավարությանը»։
Արա Այվազյանը նաև ահազանգեց՝ այս իշխանությունները ուղղակի որոշել են քաղաքական ընդդիմադիրներին և այլախոհներին ոչնչացնել․ «Չեմ կարծում՝ Գագիկ Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր։ ՀՀ-ն կամաց-կամաց վերածվում է համակենտրոնացման ճամբարի»։
Կարդացեք նաև
Քննչական կոմիտեի բակից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































