«Հայկ Ֆարմանյանն ասում էր՝ եկել ենք խորհրդարան, որ մնանք հայ։ Հայաստան դաշինքն այս թեզի շուրջ 5 տարի խորհրդարանում աշխատել է, փողոցային պայքար գեներացրել, և ի՞նչ տեղի ունեցավ․ նրանք այսօր կեսի չափով պակասել են։ Նման հռետորաբանության պարագայում նույնը սպասվում է նաև ձեզ»,- անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանի պնդումներին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։
Անդրադառնալով Իշխան Սաղաթելյանի ելույթում հնչեցված դիտարկումներին՝ ՔՊ-ական պատգամավորն ասաց․ «Ասում եք՝ դուք խոնարհաբար զիջել եք ամեն ինչ Ադրբեջանին։ Ես պահանջում եմ, որ այս ամբիոնից ասեք՝ ինչ է ՀՀ գործող իշխանությունը զիջել Ադրբեջանին»։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի՝ ՔՊ-ին ուղղված այն դիտարկումներին՝ 49-ը, եթե մեծ չէ 50-ից, ուրեմն հայ հասարակության 50 տոկոսից ավելին ձեզ չի ընտրել, դուք իշխանություն եք ձևավորել ձայների փոշիացման միջոցով, Սոնա Ղազարյանն ասաց․ «Պարոն Վարդևանյան, գուցե Դուք մաթեմատիկայից այդքան էլ ուժեղ չեք, բայց 750 հազարը 630 հազարից շատ է, այստեղ ինձ թվում է 4-րդ դասարանի գիտելիքները մաթեմատիկայից կբավարարի»։
Կարդացեք նաև
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարն՝ արխիվային


















































