Լրահոս
Հավերժ՝ 36 տարեկան
Օրվա լրահոսը

Բանակի բուն խնդիրը․ հոգեբանն այստեղ անզոր է

Օգոստոս 14,2026 10:00 Share

Երեկ հայտնի է դարձել զինված ուժերում ողբերգական հերթական դեպքի մասին։ Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով։ Հերթական ողբերգական դեպքից մեկ օր առաջ պաշտպանության նախարարությունը հայտնում էր, որ նախարար Պապիկյանը անցկացրել է խորհրդակցություն՝ բանակում հոգեբանական ծառայության աշխատանքի կազմակերպման վերաբերյալ։

Պապիկյանի խորհրդակցության մասին այս տեղեկությունը հաջորդում է մի քանի օր առաջ մամուլում հայտնված մեկ այլ տեղեկության, թե՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինված ուժերում մտահոգիչ վիճակի վերաբերյալ կոշտ խոսակցություն է ունեցել Պապիկյանի հետ։ Իհարկե, Պապիկյանն իր խորհրդակցությամբ արձագանքում է գուցե ոչ միայն այդ տեղեկատվությանը, այլ նաեւ հանրային այն բացասական վերաբերմունքին, որ բանակում ողբերգությունների ու բազմաթիվ այլ խնդիրների հետեւանք է։ Ու  խորհրդակցությունից մեկ օր անց՝ հերթական ողբերգական դեպքը։

Այդ հանգամանքը ծանր խորհրդանշականությամբ վկայում է մի պարզ իրողություն։ Երբ չկա խնդիրները լուծելու եւ զինուժի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու բավարար կոմպետենտություն, փնտրվում են բավարար ինֆորմացիոն–քարոզչական հնարքներ։ Մինչդեռ, զինուժի հոգեբանության հետ կապված բուն խնդիրն այն է, որ Հայաստանի զինված ուժերի հետ տեղի է ունեցել գաղափարազարկում։ Բանակում հոգեբանություն, մտածողություն, աշխարհընկալում ձեւավորելու առանցքային նախադրյալը տվյալ պետության ու առավել եւս զինուժի գաղափարաբանությունն է, գաղափարական հենքը։

Սա հատկապես կարեւոր է, հաշվի առնելով այդ ինստիտուտի առանձնահատկությունները, որոշակիորեն փակ համակարգային բնույթը։ Հայաստանի զինված ուժերի համար գաղափարաբանական հենքը արցախյան հաղթանակն էր ու դրան զուգահեռ կերտված հայկական պետականությունը։ Այդ հենքը պետական մակարդակով ոչ միայն հայտարարված է առոչինչ, այլ նույնիսկ՝ պետականության թշնամի։ Եթե խտացնենք դա զինված ուժերի առանձնահատուկ բնույթի շրջանակ, ապա ստացվում է, որ Հայաստանի զինուժն իր ոչ վաղ անցյալով, ըստ էության, հռչակված է իր ներկայի ու ապագայի թշնամի։ Այս պարագայում, հոգեբան պետք է այն մարդկանց, որոնք իրավիճակը հասցրել են այս կետին։

 

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել