Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխիվայր շրջել Հայաստանի բացակայությունը

Նոյեմբեր 28,2026 10:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանին պե՞տք է արդյոք ավելի լավ Սահմանադրություն։ Իհարկե։ Բայց ե՞րբ է աշխատում ավելի լավ Սահմանադրությունը։ Երբ այն մշակվում եւ ընդունվում է հանրային առաջադեմ շրջանակների փոխհամաձայնությամբ՝ բարձրակարգ իրավագետների, սահմանադրագետների խորհրդակցական աջակցությամբ։ Հայաստանում թերեւս կա երկու ծայրահեղություն՝ Սահմանադրությունը պետք է ընդունեն
քաղաքացիները կամ պետք է գրեն իրավագետ–սահմանադրագետները։

Սրանք նույնական ծայրահեղություններ չեն, բայց հավասարապես ձեւավորում են «միջակայքի» պատրանքը կամ թյուրիմացությունը։ Խնդիրն այն է, որ շարքային քաղաքացին որեւէ կերպ խորամուխ չի լինելու սահմանադրագետի մշակած փաստաթղթի նրբություններում։ Սահմանադրագետ–իրավագետներն էլ ամենեւին չեն կարող իջնել շարքային ձեւակերպումների մակարդակի։ Ըստ այդմ, թերեւս, պետք է աշխատի ոչ թե «երկու ծայրահեղությունների» մեխանիզմը, այլ «ոսկե միջինի»։ Իսկ «ոսկե միջինը» հենց այն հասարակական–քաղաքական առաջնորդող խմբերը, ուժերն են, որոնք «միավորում» են շարքային քաղաքացուն եւ ակադեմիական վերնախավին, ձեւակերպելով հասարակական–քաղաքական ուղենիշները, արժեհամակարգային ու գաղափարական նշաձողերը։

Ակադեմիական շրջանակի խնդիրն է դառնում դրան հենց մասնագիտական արհեստավարժությամբ սահմանադրական տեսք տալը, իսկ շարքային քաղաքացին էլ այդ ամենին իր ձայնը տալիս է՝ հենվելով հասարակական–քաղաքական առաջատար խմբերի եւ ուժերի
հավանության վրա, նրանց հանդեպ իր վստահության աստիճանից ելնելով։

Երբ այս պրոցեսում բացակայում է հենց քաղաքական «միջին խավը», իրավիճակը զարգանում է շեղումներով, որոնք միշտ էլ վտանգավոր են։ Այնպես, ինչպես զարգացման բնականոն ճանապարհից շեղվում են առհասարակ միջին խավից զուրկ երկրները։ Ու Հայաստանի «սահմանադրական կարգի» հեռանկարի գրեթե հավերժական ճգնաժամը պայմանավորված է նրանով, որ չի լուծվել «ոսկե միջինի»
խնդիրը։ Բայց դա, իհարկե՝ ընդհանրապես։ Իսկ մասնավորապես ներկայիս պրոցեսում բացակայում է ոչ միայն «ոսկե միջինը», այլ գործնականում բացակայում է Հայաստանն առհասարակ։ Այս պրոցեսը Հայաստանի բացակայության եւ Ադրբեջանի գերակայության մասին է։

Ըստ այդմ, այս պրոցեսը չի կարող լինել «ոսկե միջինի» տրամաբանությանը ենթակա։ Այս պրոցեսը պետք է չլինի առհասարակ, մինչեւ
դրանից չբացակայի Ադրբեջանն ու բացարձակ ներկայություն չունենա Հայաստանը։

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել