Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ բանակում գրանցվող մահվան դեպքերին։
«Ցանկացած իրավիճակում, երբ անձը գտնվում է պետության պատասխանատվության ներքո, իսկ պարտադիր զինվորական ծառայության պայմաններում զինծառայողները գտնվում են պետության պատասխանատվության ներքո, պետությունը պետք է ամեն ջանք գործադրի նրանց բոլոր իրավունքների, այդ թվում՝ կյանքի իրավունքի պաշտպանության նպատակով։ Եվ նաև մյուս իրավունքների՝ խոշտանգումներից և վատ վերաբերմունքի այլ ձևերից պաշտպանություն պետք է լինի։ Եվ, իհարկե, պետությունը այս առումով թե կանխարգելման, թե հետագայում քննության հետ կապված շատ լուրջ պարտավորություններ ունի։ Չնայած իրականացվող ջանքերին, որոնք մենք էլ ենք տեսնում, Հայաստանում թե կանխարգելման, թե քննության մեխանիզմները բազմաթիվ խնդիրներ ունեն։ Եվ այդ առնչությամբ դեռևս բազում քայլեր է անհրաժեշտ իրականացնել՝ խնդիրները պատշաճ տրամաբանությամբ լուծելու համար»,- ասաց նա։
Մանասյանը նշեց, որ բանակում մահվան դեպքերի հետ կապված իրավասու մարմիններից մշտապես պահանջում է թե քրեական վարույթի շրջանակներում պատշաճ քննություն, թե նաև ներքին ծառայողական ուսումնասիրություններ։
«Հիմնական պահանջն այն է իրավասու մարմիններից, որպեսզի պատշաճ տրամաբանությամբ, առնվազն տեսնելով դեպքերի այս քանակը, կարողանան այդ տրամաբանությունը ճիշտ առումով իրացնել։ Եվ մենք էլ հետևողական ենք ոչ միայն հետևելու, թե ինչ տրամաբանությամբ է քննությունն իրականացվում, այլ նաև հասկանալու, այդ թվում՝ մեր մշտադիտարկումների միջոցով, թե ինչ խնդիրներ են դեռևս պահպանվում»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Երեկ գրանցված դեպքին անդրադառնալով և հարցին, թե խոսե՞լ է իրավապահների հետ, Մանասյանն ասաց․ «Չէ, քանի որ դեպքը նոր է տեղի ունեցել։ Նախ նշեմ, որ փորձում ենք ոչ թե սահմանափակվել բանավոր հաղորդակցությամբ, այլ պարտադիր նաև գրավոր հաղորդակցություն ենք վարում, որպեսզի հնարավորություն ունենանք որոշակի համադրումներ իրականացնելու։ Բայց նաև նկատի ունեցեք, որ մենք քննչական մարմինների նման գործերի քննություն իրականացնելու հնարավորություն չունենք. մենք ավելի շատ պետության պարտավորությունների տեսանկյունից ենք հարցին մոտենում՝ հատկապես կյանքի իրավունքի պաշտպանություն, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելում և այլն»։
Անդրադառնալով Շաքիում ադրբեջանցու հարձակումից տուժած ընտանիքին՝ Մանասյանն ասաց․ «Մի քանի անգամ այցելել ենք ոչ միայն քաղաքացուն, նաև պարբերաբար կապի մեջ ենք գտնվում ընտանիքի հետ։ Հենց կոնկրետ հոգեբանական աջակցության հետ կապված հարցերի մասով մենք ինքներս ենք ընտանիքի, նաև անձի հետ կապված պարբերաբար կապը պահել։ Ես, ճիշտն ասած, չեմ ուզում հիմա անձնական տվյալներ ներկայացնել, բայց նկատի ունեցեք, որ այդ թվում՝ հոգեբանական աջակցության հետ կապված հարցերը մեր հաստատության տեսանկյունից ուշադրության կենտրոնում ոչ միայն եղել են, այլ նաև հենց քննարկման առարկա են դարձվել ընտանիքի հետ։ Բայց ոչ միայն հոգեբանական աջակցության հետ կապված հարցերը՝ տարբեր պետական մարմինների հետ իմ հաղորդակցությունը, որը ես վարել եմ, ուղղված է եղել նաև այն տրամաբանությունը ու հաղորդագրությունը հստակ ներկայացնելուն, որ նկատի ունենալով իրենց խոցելի վիճակը, նաև սոցիալական, տնտեսական և այլ աջակցության կարիք ունենալու գործոնը, պետությունը պետք է առնվազն քայլեր ձեռնարկի այս խնդիրները լուծելու ուղղությամբ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































