«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ոչ մի պատգամավորի ոչ մի պաշտոնյա չի ասում՝ ինչ հարց տա, առավել ևս՝ գրված տեսքով։ Բայց լինում է, որ մենք՝ պատգամավորներս, կառավարության անդամների, իսկ այս պահին կոնկրետ ՀԷՑ-ի կառավարչի հետ ճշտումներ էինք իրականացնում։
Ես պարզաբանումներ էի պահանջում, որոնց այս պահին ավելի լավ կարող է տիրապետել Ռոմանոս Պետրոսյանը, քան թե ես»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Խաչատրյանը։
Լրագրողներն օթյակից ֆիքսել էին, թե ինչպես է ՔՊ-ական պատգամավորը Դավիթ Ղազինյանին հարց հնչեցնելու համար, հարցը գրել և ուղարկել էր ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Լրագրողի ճշտող հարցին՝ նամակագրությո՞ւն էր, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «Հերքում եմ․ ասում եմ, որ ինձ նամակ… Չեմ հերքում, որ Կառավարության բոլոր անդամների հետ… Կառավարության բոլոր անդամների հետ, ինչպես նաև ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ ՔՊ բոլոր պատգամավորները և ՔՊ կուսակցության բոլոր անդամներն էլ կապի մեջ են տարբեր բնույթի հարցերով։ Քանի որ այս պահին ժամանակավոր կառավարիչը Ռոմանոս Պետրոսյանն է, իսկ Դավիթ Ղազինյանը եղել է տնօրենի տեղակալը իրացման գծով, ասեցի արդեն, որ ինձ հարց չեն ուղարկել»։
Կարդացեք նաև
Հստակեցնող հարցին՝ ի՞նչ թեմաների վերաբերյալ էր իրեն հետաքրքրող ճշգրտումը՝ թվե՞ր, թե՞ տվյալներ, իշխանական պատգամավորի պատասխանն այս էր․ «Օրինակ՝ այն հարցը, որ առաջինը ես տվեցի մասնաճյուղերի հետ կապված, մասնավորապես, որոնք գտնվում են մեկը «Տաշիր» առևտրի կենտրոնում, մյուսը՝ «Ռիո Մոլում», որոնք պատկանում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարին։ Թվերի հետ կապված ճշտում էի ուզում անել վարձավճարների վերաբերյալ, որոնք հրապարակված են Ռոմանոս Պետրոսյանի էջում։
Որպեսզի ժամանակ չկորցնեի ու չգտնեի, միանգամից ցանկացա, որ ինձ ուղարկեն, որպեսզի ավելի հեշտ կարողանամ տիրապետել ինֆորմացիային։ Բոլորը հրապարակային են։ Իսկ ինչ վերաբերում է հարց գրել-տալուն, ո՞նց եք կարծում, ես նման ե՞մ մարդու, ով ուրիշի գրած հարցերը հնչեցնի։ Տեսել եք, բայց սխալ եք տեսել, մինչև վերջ դեռ չեք տեսել»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































