Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբը

Օգոստոս 24,2026 14:03 Share

24 օգոստոսի, 2026 թ, Երևան Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նիստում որոշում է կայացվել Արամ Բարսեղյանին նշանակել ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում: Որոշումն ուժի մեջ է մտնում այսօր՝ օգոստոսի 24-ից:

Պայմանավորված Team ընկերությունների խմբի ընդլայնմամբ, բիզնես ուղղությունների դիվերսիֆիկացմամբ, միջազգային ներկայության աճով և նոր ռազմավարական նախագծերի իրականացմամբ՝ խումբն անցնում է զարգացման հաջորդ փուլին։ Այս համատեքստում Հայկ Եսայանն իր գործունեությունը կշարունակի որպես Team Group-ի ղեկավար՝ կենտրոնանալով խմբի ռազմավարական զարգացման, ընդլայնման և երկարաժամկետ աճի առաջնահերթությունների վրա։

Team ընկերությունների խումբը միավորում է Team Telecom Armenia, Team Pay, Team Systems, Team Solutions, Buy.am, Grand Hotel Yerevan, TMW, Northern Terroir, Team Construct, Team Energy, Team Logistics, ServiceHUB, SkyTel, Imagine Broadband և այլ ընկերություններ՝ գործունեություն ծավալելով հեռահաղորդակցության, էներգետիկայի, էլեկտրամոբիլների լիցքավորման, շինարարության, տեխնոլոգիաների, ֆինանսական ծառայությունների, էլեկտրոնային առևտրի, լոգիստիկայի, հյուրընկալության և այլ ոլորտներում։

«Team-ը վաղուց միայն հեռահաղորդակցական ընկերություն չէ։ Մեր՝ ավելի քան 15 ընկերություններից բաղկացած խումբը և 2800-հոգանոց թիմը գործունեություն է ծավալում 4 երկրում: Խումբը շարունակում է արագ զարգանալ, և եկել է ժամանակը, որ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրենի պատասխանատվությունը փոխանցեմ Արամ Բարսեղյանին, իսկ ինքս կենտրոնանամ Team ընկերությունների խմբի ռազմավարական զարգացման և ընդլայնման վրա: Արամ Բարսեղյանը Team-ի ստեղծման առաջին իսկ օրվանից եղել է ընկերության ղեկավար կազմի առանցքային անդամներից։ Նրա մասնակցությունը մեր ընկերության, թիմի, արժեքների կայացման ու, առհասարակ, Հայաստանում տելեկոմ ոլորտի զարգացման գործում անգնահատելի է։ Վստահ եմ, որ նրա ղեկավարությամբ ընկերությունն էլ ավելի արագ տեմպերով կշարունակի զարգանալ, ներդնել համարձակ նորարարություններ և իրականացնել նոր հավակնոտ ծրագրեր»,-ասում է Team ընկերությունների խմբի համահիմնադիր և ղեկավար Հայկ Եսայանը:

Արամ Բարսեղյանը Team Telecom Armenia-ի հիմնադրումից ի վեր զբաղեցրել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, տնօրենների խորհրդի անդամ է: Տելեկոմ ոլորտում ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ:

«Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնում եմ մեծ պատասխանատվության զգացումով։ Ընկերության հետ իմ անցած ճանապարհը սկսվել է հիմնադրման օրվանից, և այս տարիների ընթացքում միասին իրականացրել ենք բազմաթիվ կարևոր նախագծեր՝ զարգացնելով ընկերությունն ու մեր ծառայությունները։ Շնորհակալ եմ վստահության համար. համոզված եմ, որ մեր ուժեղ և փորձառու թիմի հետ կշարունակենք զարգացնել Team Telecom Armenia-ն, ներդնել նոր տեխնոլոգիաներ և ստեղծել ավելի մեծ արժեք մեր բաժանորդների, գործընկերների և Հայաստանի թվային զարգացման համար»,-ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Արամ Բարսեղյանը:

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

ԱՐԱՄ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն

Մասնագիտական կենսագրություն

Արամ Բարսեղյանը հայաստանյան հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և բիզնեսի կառավարման ոլորտների փորձառու ղեկավար է՝ ավելի քան 20 տարվա մասնագիտական գործունեությամբ։ Տարբեր տարիներին նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերություններում՝ մասնակցելով դրանց զարգացմանը, առևտրային ռազմավարության ձևավորմանը և նոր բիզնես ուղղությունների ներդրմանը։

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ում (Team Telecom Armenia) աշխատում է հիմնադրումից՝ 2020 թվականից ի վեր, զբաղեցրել է գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը,  ներգրավված է եղել ռազմավարական զարգացման, կառավարման և բիզնեսի տարբեր ուղղություններում։ Ընկերության տնօրենների խորհրդի անդամ է:

Մինչ Team Telecom Armenia-ին միանալը Բարսեղյանը շուրջ տասը տարի աշխատել է Ucom ընկերությունում։ 2010-2011 թվականներին Բարսեղյանը ղեկավարել է կորպորատիվ վաճառքի բաժինը, իսկ 2011-2020 թվականներին զբաղեցրել է կոմերցիոն տնօրենի պաշտոնը՝ պատասխանատու լինելով վաճառքի, մարքեթինգի և ինտերկոնեկտի ուղղությունների համար։ Տարբեր ժամանակահատվածներում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել նաև Icon Communications, Orange, UITExpo և այլ կազմակերպություններում։ Հանդիսանում է 2005թ. կայացած առաջին «Դիջիթեք Էքսպո»-ի կազմակերպիչներից մեկը:

Հեռահաղորդակցության ոլորտից բացի՝ Արամ Բարսեղյանը ակտիվ գործունեություն է ծավալում նաև ձեռնարկատիրության և ներդրումների ոլորտներում։ Նա AV Farming-ի և The Food-ի համահիմնադիրն է, Հայաստանում The Coffee միջազգային սուրճի ապրանքանիշի ֆրանչայզի սեփականատերը, ինչպես նաև մի շարք ընկերությունների տնօրենների խորհուրդների անդամ։ Նրա բիզնես գործունեությունն ընդգրկում է գյուղատնտեսության, հանրային սննդի և այլ ոլորտներ։

Բարսեղյանը կրթություն է ստացել Երևանի պետական համալսարանում՝ Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ուղղությամբ։ 2005 թվականին սովորել է Կահիրեի համալսարանում՝ արաբերեն լեզվի ծրագրով։ Հետագայում ստացել է գիտական աստիճան Հայկական սփյուռքի պատմության ոլորտում։ 2016-2018 թվականներին սովորել է Շեֆիլդի համալսարանում՝ ստանալով Բիզնեսի կառավարման մագիստրոսի (MBA) աստիճան։ Մասնագիտական կրթություն է ստացել նաև WIFI Austria-ում՝ մարքեթինգի կառավարման ուղղությամբ։

Արամ Բարսեղյանը տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և արաբերեն լեզուներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել