«Ըստ մեղադրանքի՝ Քոչարյանն ու իր ընտանիքը Կասկադի կողքը առել են մի տարածք՝ 40 մլն դրամով։ Հետո այդ տարածքը փոխանակել են էլի 2 հա պետական տարածքի հետ, որը վաճառել են 1 մլրդ 740 մլն դրամով։ Այսինքն՝ 1 մլրդ 700 մլն դրամ օգուտ են ունեցել։ Խնդրում եմ՝ ինձ բացատրեք՝ ի՞նչ կապ ունի ստեղ վրեժխնդրությունը, թուրքը, դավաճանը»,- Ազգային ժողովի նիստում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նա դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներին․ «Ընդհանրապես դուք չեք հոգնե՞լ այդ ազգային արժեքները ձեր առաջնորդի ենթադրյալ գողոնի վահանի վերածելուց։ Հայրենասեր եք, ազգային արժեքները ձեզ հետաքրքի՞ր են, արդարությունն ու արդարադատությունն ազգային արժեք են, եկեք պաշտպանեք այս արժեքները»։
Ռուբինյանը հավելեց․ «Մեկն այսօր ասում էր՝ ապօրինի գույքը պետք է վերադարձվի։ Եկեք ասեք՝ այդ 1 մլրդ 700 մլն դրամը ո՞նց է առաջացել։ Այո, սա վրեժխնդրություն է, արդարադատությունը ժողովրդի վրեժխնդրությունն է ձեր նմաններից։ Եվ մենք վրեժխնդիր ենք լինելու Ռոբերտ Քոչարյանից, այլ ենթադրյալ կոռուպցիոներներից, բոլորից հատ առ հատ վրեժխնդիր ենք լինելու։ Ռոբերտ Քոչարյանն էլ մուծվելու է մինչեւ վերջին կաթիլը այն բոլոր գումարները, որը դատախազությունը պահանջում է նրանից բռնագանձել՝ որպես ապօրինի ձեռք բերված գույք, եթե ապացուցեն։ Բայց ես կարծում եմ, որ շանսերը մեծ են, որ կապացուցեն»,- հավելեց Ռուբինյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

















































