Ազգային ժողովը քննարկում է կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը։
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում կրկնեց կառավարության նիստում արած իր հայտարարությունները։ «Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ Հանրապետությունը իրականություն է»,- հայտարարեց նա։
Ըստ Փաշինյանի՝ այն, որ հենց խաղաղ կյանքի պետությունն է մեր ժողովրդի ակնկալիքը, ակնհայտ է դառնում Երրորդ Հանրապետության պատմության հետահայաց վերլուծությունից։
Կարդացեք նաև
«Այն պայմաններում, երբ ընդդիմությունը զարգացնում էր՝ «պարտված իշխանությունը պետք է հեռանա» թեզը, ժողովուրդը վստահության քվե տվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»։ Մինչդեռ 1994 թվականից ի վեր պատերազմում հաղթական թեզով կամ որպես հաղթական առաջնորդ հանդես եկած նախկին նախագահներից որեւէ մեկն ընտրություններում չի ստացել ժողովրդի վստահության մանդատը եւ ստիպված է եղել բռնազավթել իշխանությունը՝ կեղծիքների, ուժի կիրառմամբ կամ սպանությունների ու ահաբեկումների միջոցով։ Այս ամենը մեկ բանի նշան է, որ մեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ Ղարաբաղյան հակամարտությունը թակարդ է։ Եվ առանց այս փաստի հետ առնչվելու հնարավոր չէ ունենալ անկախ պետություն, որտեղ կարելի լինի ազատ, անվտանգ ու բարեկեցիկ կյանք»,- հայտարարեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































