ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի գնահատմամբ՝ նախագահ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացն իրավականի հետ կապ չունի․ այս մասին նա ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսում՝ հավելելով նաև, որ եթե այդ քրեական հետապնդումը տնտեսական լիներ, ապա ավելի վատ, քանի որ տնտեսական գործերով ընդհանրապես կալանք չպետք է կիրառվի։
«Ամբողջ մեղադրանքը կառուցված է մի ենթադրության վրա, որ նախագահ Քոչարյանը այս երկրում ինչ կատարվում է՝ ինքը դրանից տեղյակ է, ինչ իրականացվում է՝ իր հանձնարարությամբ է իրականացվել»,- մեկ նախադասությամբ այսպես ձևակերպեց Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող գործընթացն Արամ Օրբելյանը՝ հիշեցնելով «Մարտի 1-ի» գործի օրինակը, երբ ամեն ինչի մեղավորը Ռոբերտ Քոչարյանն էր համարվում։
«Երբ մարդ պաշտպանվում է, պետք է հասկանա՝ ինչից է պաշտպանվում, ինչ արարքներ են իրեն մեղսագրվել։ Կամ պետք է ներկայացված լինի՝ ինչ ինքը չի արել, բայց օրենքով պարտավորվում էր անել»,- ասաց Արամ Օրբելյանը՝ մանրամասնելով, որ սույն քրեական վարույթում Ռոբերտ Քոչարյանը ներկայացվել է Երևանի քաղաքապետի վերադաս, իսկ նախարարներին նկարագրում է որպես նախագահի ենթակա, այն դեպքում, երբ վարչապետն Անդրանիկ Մարգարյանն էր։ «Հասկանալի է, որ այժմ դա այդպես էլ ընկալվում է, թե Փաշինյանը բոլորի ղեկավարն է, բայց Սահմանադրությամբ դա այդպես չէ»։
Ըստ փաստաբանի՝ Ռոբերտ Քոչարյանին վերագրվում է օրենք վավերացնելու մեղադրանք, մինչդեռ օրենքի ստորագրումը նախագահի պարտականությունն է եղել։ 1995-ից մինչև 2005 թվականներն ընկած ժամանակահատվածում չկա ոչ մի դեպք, երբ նախագահը չհաստատի կառավարության որոշումները։
Կարդացեք նաև
Մեղադրանքի անհեթեթություններից է փաստաբանը համարում տարբեր տարիների համար առքուվաճառքի գումարների բազմակի տարբերությունը՝ «գնեց 2001-ին, վաճառեց 2021-ին»։ Օրինակ է բերում իշխանության հետ փոխկապակցված Խաչատուր Սուքիասյանին, որին իշխանությունը հարցեր չունի։ «Սիլ պլազան» ժամանակին գնվել է 5 հազար դոլարով, իսկ այժմ դրա արժեքը ավելի քան 15-20 միլիոն դոլար է։ Սակայն դա ինքնաբերաբար չի նշանակում փողերի լվացում։
Փաստաբանն ամենաշատը տարակուսած է կալանավորման որոշումից․ «Ոչ ոք չի կարող բացատրել, թե ազատության մեջ մնալով՝ Ռոբերտ Քոչարյանը ինչով կարող է խանգարել։ Միգուցե գնա արխիվ և ռետինով ջնջի ստորագրությունները»։
Անդրադառնալով հողի վաճառքի մեղադրանքին էլ՝ Արամ Օրբելյանն ասաց, որ խնդրո առարկա հողը ձեռք է բերվել 2001 թվականին և վաճառվել 2021 թ.-ին՝ հորդորելով համեմատել անշարժ գույքի գները։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































