Լրահոս
«Երեքի գործը»
Օրվա լրահոսը

Միայնակ եմ տանում այս լուծը, բայց պետք է տրամաբանական ավարտին հասցնենք. Սեմյոն Բաբայանը՝ խոտանված դասագրքերի, ԿԳՄՍՆ-ին դատի տալու մասին

Օգոստոս 31,2026 15:13 Share

«Սեպտեմբերի 8-ին նշանակված է դատական նիստը: Առաջիկա օրերին պետք է հստակեցնեմ միջնորդությունները, ունեմ 2 փաստաբան, որովհետեւ 400 հազար երեխաների շահերը չի կարող մեկ կամ երկու փաստաբան ներկայացնել նորմալ երկրում: Ես իմ հաշվին այդ 2 փաստաբաններին վարձատրել եմ, նաեւ որոշակի հանգանակություն է եղել, եւ մենք շարունակելու ենք պայքարը դատաքննության, միջնորդությունների շրջանում: Հույս ունեի, որ իշխանությունը կփոխվի, ավելի պատշաճ ձեւակերպում կտամ գործընթացին, բայց, ավաղ, դա չկատարվեց: Դրա համար միջնորդեցի, որ միջնորդությունների հստակեցումը լինի հաջորդ նիստի ընթացքում, որը նշանակվել է սեպտեմբերի 8-ին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Սեմյոն Բաբայանը, որը պայքարում է, որպեսզի, իր ձեւակերպմամբ, ապազգային դասագրքերը շրջանառությունից հանվեն, քանի որ դրանցով ուսուցումը տանում է թրքացման եւ հայրենազրկման:

«Ճիշտն ասած՝ այնտեղ կա վկաներ հրավիրելու միջնորդություններ, փորձագիտական եզրակացության հարց, եւ հարցեր՝ նախարարին ու փոխնախարարին: Մենք պետք է անպայման այդ հարցերը տանք, թե ինչպես է ստացվել, որ 2023-2024 թվականից խոտանված դասագրքերը շրջանառության մեջ են՝ չնայած բողոքների ալիքի, որոնք ցավոք ակցիոն բնույթ կրեցին: Ցավոք, ծնողներից շատերն ասում են՝ քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց սա քաղաքականություն չէ, երեխաների նվաստացման, հայրենազրկման, թրքացման գործընթաց է, որին պետք է հենց ծնողն ընդդիմանա:

Վաղը, մյուս օրը մենք՝ մեծերս՝ իրավապահները, պաշտոնյաները, ես անձամբ, ծնողները, պետք է պատասխան տանք մեր երեխաներին, թե ինչու սա այսպես ստացվեց: Ես չեմ ուզում թվարկել ամբողջ փաթեթը, որը կարող է լինել մեր անտարբերության արդյունքում, որովհետեւ հակառակորդը դիտում է, եւ ուղարկում է ազդակներ, օրինակ՝ ինչ կլինի, եթե ձեզ հայրենազրկեն, ինչ կլինի, եթե թուրքական հեղինակ լինի դասագրքում, ինչ կլինի, եթե ձեր դրոշը վառենք, բաժանենք դպրոցներին:

Այսօր վտանգված է երեխաների ինքնագիտակցությունը, ինքնուրույն մտածելակերպը, որ ինքն ունի հայրենիք, իրենք հենց ի սկզբանե ասում են 2-րդ դասարանում՝ ադրբեջանական դրոշի գույներին սովորի, իսկ 3-րդ դասարանում՝ դու հայրենիք չունես: Եվ զարմանալի է մեր ծնողների լռությունը: Ես պետք է նաեւ հանդես գամ, որ մարդիկ մեզ ֆինանսապես աջակցեն, որովհետեւ մեր իրավաբանների ծառայությունները վճարովի են: Հարցը վերաբերում է 400 հազար երեխաների:

Հիմա ասեմ, թե որտեղից այդ թիվը՝ 2-րդ, 3-րդ, 5-րդ եւ 7-րդ եւ 8-րդ դասարանների մայրենի, պատմություն, նաեւ Նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ) առարկաների մասին է խոսքը: Վերջինս փակվեց, եւ ՆԶՊ ուսուցիչները լուռ գտնվեցին, իրենց միայն հետաքրքրում է, թե ինչպես դասավանդեն «Անվտանգ կենսագործունեություն» առարկան, որ շատ փող ստանան, կամ ոնց անեն, որ մնան հաստիքի մեջ: Խոսքը մարդկանց մասին է, որոնք մարտական ուղի են անցել, այսինքն՝ կոտրվել են նաեւ զինղեկները, որոնք կորցնելու բան չունեն, ծառայության մեջ չեն, հրաման չեն կատարում, ընդամենն իրենց պատվի, անցած մարտական ուղուն պետք է արժանի գտնվեին այս պայքարում, բայց ավաղ՝ ես միայնակ եմ տանում այս լուծը, այս առաքելությունը եւ պետք է տրամաբանական ավարտին հասցնենք: Դրա համար պետք է մարդկանց աջակցություն ֆինանսապես, իսկ եթե դա էլ չեն կարողանում, գոնե ամսի 8-ին ժամը 11-ին գան դատարան եւ դրանով իրենց աջակցությունը հայտնեն իրենց երեխաներին եւ թոռներին»,-ընդգծեց «Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահը:

Սեմյոն Բաբայանի ձեւակերպմամբ, տարբեր կազմակերպություններ խոսում են բուլինգից, մինչդեռ այդ դասագրքերը երեխաներին պարտադրելը նույնպես բուլինգի ձեւ է: Նրա հավաստմամբ, այս ամենի հանդեպ անտարբեր են ոչ միայն ծնողները, այլեւ պետական կառույցները եւ ՄԻՊ-ը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31