Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մի քանի անգամ հայցի առարկայի հիմք է փոխել». փաստաբան

Սեպտեմբեր 01,2026 14:34 Share

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում Նարինե Ավագյանի նախագահությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ հերթական դատական նիստը հայցի առարկայի հիմքի պարզման շարունակությունն էր։ Պաշտպանական կողմն ավելի առարկայական հարցեր էր տալիս դատախազությանը հաշվարկների մասով։

«Դատախազությունը դրամական պահանջներ ներկայացնելուց նաեւ ունի հաշվարկների էլեկտրոնային Excel ձեւաչափով ֆայլ։ Եվ մենք փորձեցինք հարցերով պարզել յուրաքանչյուր գույքի, փոխանցման ապօրինի դիտարկելու ձեւաչափը եւ հիմքերը։ Ի սկզբանե խնդիրն առաջացել էր, երբ դատախազությունը մի քանի անգամ հայցի առարկայի հիմք էր փոխել։ Սկզբում հայցեր էին ընդդեմ Սեդրակ Քոչարյանի։ Առանձին հայց կար եւ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի մասով։ Հետո դրանք միացվել էր, սակայն այդ ամենն անելուց հետո Excel ֆայլի հաշվարկները չէին փոփոխվել։ Մենք ստիպված այդ ֆայլի միջի թվերը փորձում էինք համադրել եւ հասկանալ, թե վերջին հայցի շրջանակներում ինչպես ենք այդ ֆայլի տվյալները հասկանալու, ամփոփ տվյալները ինչպես ենք բաժանելու, որովհետեւ վերջին հայցադիմումում դրամական պահանջները բաշխվել էին զավակների եւ նրանց ամուսինների միջեւ։ Մինչդեռ, ի սկզբանե դրամական պահանջը ուղղված էր բացառապես Ռոբերտ Քոչարյանի դեմ։

Արամ Օրբելյանը մի շարք հարցեր տվեց՝ կապված տարբեր փոխանցումների հետ, թե պարոն Քոչարյանի 1994 թվականից որպես վարչապետի աշխատավարձը ինչպես են հաշվարկվել, որտեղից են տվյալները ձեռք բերվել։ Դատախազության պատասխանն էր, որ իրենք տվյալները վերցրել են վիճակագրական կոմիտեից։ Այսինքն, պարոն Քոչարյանի աշխատավարձը հաշվարկել են միջին պետական ծառայողի աշխատավարձով, ինչը նոնսենս է։ Դեռ 1996 թվականից ընդունվել է տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձի վերաբերյալ օրենքը, որտեղ հաստիքը հստակ է՝ վարչապետի աշխատավարձ, հանրապետության նախագահի աշխատավարձ եւ այլն։ Հետեւաբար, դատախազությունը կարող էր ոչ թե ասել մենք այդ ինֆորմացիան չենք ստացել պատկան մարմիններից, այլ հենց այն ժամանակվա օրենքը հաշվի առնելով հաշվարկեր պարոն Քոչարյանի աշխատավարձը։

Մի շարք հարցեր էլ Սեդրակ Քոչարյանի աշխատավարձի մասով են։ Ինչպես հայտնի է, Սեդրակ Քոչարյանը նախկինում աշխատել է բանկում եւ աշխատավարձ է ստացել, գործարքներ կատարել է արտասահմանյան տարբեր կազմակերպությունների բաժնետոմսերի ձեռք բերման ուղղությամբ, ինչը բանկի միջոցով էր հնարավոր։ Ինքը դրա մեջ էր մասնագիտացված։ Եվ զարմանալի է, թե ինչու որոշակի գործարքներ դիտարկվել են ապօրինի եւ ինչու լիարժեք չեն հաշվարկվել Սեդրակ Քոչարյանի եկամուտները»,-Aravot.am-ին ասաց փաստաբան Արթուր Հովհաննիսյանը։

Աշխատանքային ժամն ավարտվելու փաստով պայմանավորված, երբ նիստը արդեն շարունակվել էր երկու ժամ եւ Excel ֆայլերը համակարգչով նայելը դժվար էր, դատարանը նիստը հետաձգեց հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ին։

Դատախազությունը խոստացավ, որ այդ Excel ֆայլերում որոշակի փոփոխություններ, լրացումներ կանի, որպեսզի հաջորդ դատական նիստում հարցերը լինեն ավելի առարկայական։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել