Չինաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությունը դիտարկում է որպես առաջնահերթ ուղղություն՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության բարձրորակ համատեղ կառուցման և Գլոբալ զարգացման նախաձեռնության իրականացման համար եւ պատրաստ է օգնել՝ այս ուղղությամբ ՇՀԿ-ն վերածելու կարեւոր հարթակի․ «ՇՀԿ+» ձևաչափով հանդիպման ժամանակ իր ելույթում հայտարարեց Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
«Թող ՇՀԿ-ի ուժերը բարգավաճման շարժիչ ուժ դառնան Եվրասիական ընդհանուր մայրցամաքում»,- ասաց Չինաստանի նախագահը՝ նկատելով, որ ՇՀԿ-ն դարձել է համատեղ զարգացման և Եվրասիական երկրների առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու առանցքային հարթակներից մեկը։
ՇՀԿ-ի գրեթե բոլոր երկրները հաստատել են իրենց աջակցությունը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը և Եվրասիական տնտեսական միությանը դրա կապակցվածությանը։ Միայն Հնդկաստանն է ձեռնպահ մնացել դրան աջակցելուց։
Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված ՇՀԿ-ի 25-ամյակին նվիրված հռչակագրի համաձայն, Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունները աջակցում են իրենց պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության ընդլայնմանը․ «Անդամ պետությունները նշում են իրենց պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության հետագա զարգացման կարևորությունը, ներառյալ «Խաղաղ առաքելություն» հակաահաբեկչական համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների պարբերաբար անցկացումը և այլ գործնական ռազմական համագործակցության միջոցառումներ, որոնք կնպաստեն ՇՀԿ տարածաշրջանում խաղաղության պահպանմանը և անվտանգության ամրապնդմանը»։
Կարդացեք նաև
Ըստ փաստաթղթի, կազմակերպության անդամները աջակցում են պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության ամրապնդման «Ճանապարհային քարտեզի» իրականացմանը և «Ռազմական ոլորտում վստահության ամրապնդման միջոցառումների մասին» համաձայնագրի նախապատրաստման և հաստատման աշխատանքների շարունակմանը։
Պետությունները հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ իրավական և դատական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու՝ հիմնվելով իրավունքի գերակայության և ազգային իրավական համակարգերի նկատմամբ հարգանքի սկզբունքների վրա։
Նրանք աջակցել են գերագույն դատարանների, գլխավոր դատախազների և արդարադատության նախարարությունների միջև երկխոսության խորացմանը․ «Հաստատվել են ՇՀԿ անդամ պետությունների անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի համընդհանուր կենտրոնի մասին կանոնակարգը, որը ներառում է տեղեկատվական անվտանգության կենտրոնը և միջազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կենտրոնը, և ՇՀԿ թմրանյութերի դեմ պայքարի կենտրոնի գործադիր կոմիտեի մասին կանոնակարգը»։
Ըստ ռուսական լրատվամիջոցների, Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը կամրապնդի համագործակցությունն ու համակարգումը Շանհայի համագործակցության կազմակերպության բոլոր պետությունների հետ՝ Ուկրաինայի և այլ թեժ կետերի հարցում՝ ճգնաժամերի քաղաքական կարգավորման հասնելու համար․ «Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի և Աֆղանստանի նման միջազգային և տարածաշրջանային խնդրահարույց ոլորտներում Չինաստանը պատրաստ է ամրապնդել փոխգործակցությունն ու համակարգումը բոլոր կողմերի հետ, հավատարիմ մնալ համալիր մոտեցմանը՝ ուղղված ինչպես նման դրսևորումների, այնպես էլ արմատական պատճառների վերացմանը, և առաջ մղել քաղաքական լուծումները»։
«ՇՀԿ+» գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ իրենք բաց են ազնիվ եւ փոխշահավետ համագործակցության համար՝ հարգելով միմյանց շահերը։
Մանրամասները՝ տեսանյութում
Համաժողովի բանախոսների գնահատմամբ՝ պետք է վերականգնել ՄԱԿ-ի դերը եւ հեղինակությունը, ինչը կնպաստի բազմաբեւեռ աշխարհակարգի պահպանմանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Պատրաստեց Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ


















































