Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ քաղաքականությունը զբաղվում է պետությամբ

Սեպտեմբեր 02,2026 10:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Բիշքեկում մասնակցելով Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովին, Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ինքնիշխանության ու անկախության իր բանաձեւը՝ որպես հավասարակշռված ու հավասարակշռման արտաքին քաղաքականության արգասիք։ Փաշինյանը դրանից բխեցրել է այն, որ ինքնիշխանության ու անկախության ապահովման համար անհրաժեշտ է կոնֆլիկտի բացակայությունը։ Այդպես նա «միջազգայնորեն» փաթեթավորել է այն, ինչ Հայաստանի ներքին ամբիոններում բազմիցս արտահայտել է ուղիղ տեքստով, թե՝ Արցախը զոհաբերել է հանուն Հայաստանի անկախության։

Մի կողմից ավելորդ է, մյուս կողմից՝ թերեւս միշտ անհրաժեշտ է ներկայացնել այդ արտահայտության եւ «խոստովանության» մանիպուլյատիվությունը։ Որովհետեւ, եթե Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար զոհաբերել է հանուն Հայաստանի անկախության, ապա պետք է շնորհակալություն հայտնի Ռուսաստանին՝ այդ զոհաբերմանը չխանգարելու եւ Հայաստանի անկախությանը օգնելու համար։ Չէ՞ որ, եթե Ռուսաստանը կատարեր, այսպես ասած, խաղաղապահ արդյունավետ առաքելություն, Փաշինյանը չէր կարողանալու զոհաբերել Արցախը հանուն Հայաստանի անկախության։

Մինչդեռ՝ թե ուղղակի, թե մերձիշխանական քարոզչական արբանյակներով Փաշինյանը տարածել ու տարածում է, որ Արցախը զոհաբերել է Ռուսաստանը։ Նրա ԱԽ քարտուղարը, որ արդեն նախկին է, ըստ էության անգամ բաց տեքստով էր հայտարարել այդ մասին։ Դա առավել քան ակնառու է դարձնում մանիպուլյացիան․ «աջ ձեռքով» հայտարարել, որ ամեն ինչ գիտակցաբար զոհաբերել է «թոկից» ազատվելու համար, իսկ «ձախ ձեռքով» հայտարարել, թե հանձնողը ռուսներն են։

Ընդ որում, թե մեկի, թե մյուսի մատուցումը Նիկոլ Փաշինյանը համեմում է ներքաղաքական վարքագծի խիստ անհավասարակշռությամբ՝ հռետորաբանության տոնի եւ որոշակի գործողությունների իմաստով։ Մինչդեռ, ցանկացած երկրի ինքնիշխանության հիմքը ներքին հավասարակշռվածությունն է, բոլոր իմաստներով։ Այդ հիմքի բացակայության պայմաններում արտաքին բալանսավորման մասին խոսելը նշանակում է զբաղվել մանիպուլյացիայով, ոչ թե քաղաքականությամբ։ Իսկ, երբ պետության ղեկին գտնվող ուժը զբաղվում է ոչ թե քաղաքականությամբ, այլ մանիպուլյացիայով, ապա քաղաքականությունն է զբաղվում այդ պետությամբ՝ դրանից բխող ծանր հետեւանքով։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ի՞նչ են ուզում մեր իսկական ազգային քաղաքական ու հասարակական ուժերը: Ինչ էլ ուզեն, միայնակ ոչինչ չեն կարող անել, որովհետեւ այսօրվա թե երեկվա իշխանությունների թիկունքում կանգնած են հզոր, բայց այլասերված գլոբալիստ ուժերը: Միայնակ չեն կարող, բայց հավաքական կենտրոնացված ուժ կազմելով, կարող են լինել արդյունավետ: Մի նայեք եւրոպաներին ու ամերիկաներին, նրանց ժողովրդավարության մակարդակը չհերիքեց, որ բացահայտեն ինը մեկ մեկի կազմակերպիչներին, եւրոպաների ժողովրդավարության մակարդակը չհերիքեց, որ թույլ չտան իրենց քթի տակ ռուս ուկրաինական պատերազմ: Նրանց ժողովրդավարության մակարդակը մեզ բավարար չէ մեր ներքին եւ արտաքին խնդիրները լուծելու համար: Ոչ ոք երաշխիք չի տա, որ նորմալ կուսակցությունը գալով իշխանության չի ենթարկվի այլասերված ուժերի ազդեցությանը, դրա համար, որ նման բան տեղի չունենա, ստեղծում ենք վերկուսակցական կենտրոնացված քաղաքական եւ հասարակական կառույց իր օրենսդիր, դատական եւ գործադիր բաղադրիչ կառույցներով: Սա պետությանը չի փոխարինում, սա վերահսկում է ապագա իշխանությանն ու ընդդիմությանը, որ նրանք չհայտնվեն ներքին թե արտաքին այլասերված ուժերի ազդեցության տակ: