«1991-ի դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ն հռչակվել է ոչ ԽՍՀՄ-ին պատկանող և ոչ էլ Ադրբեջանին պատկանող տարածքներով, որովհետև դեկտեմբերի 8-ին ԽՍՀՄ-ն արդեն իր գոյությունն ավարտել էր։ Իսկ Ադրբեջանը մինչև օրս էլ չունի հռչակված տարածքներ։ Փորձեք ստուգել փաստաթղթերը․ մինչև օրս Ադրբեջանի Հանրապետություն չունի հռչակված տարածքներ ու սահմաններ։ Մենք հանրաքվեով ոչ Ադրբեջանին պատկանող տարածքում, ոչ Խորհրդային Միությանը պատկանող տարածքում հռչակել էինք լեգիտիմ ձևով անկախություն։ Այսօր այս դրույթները, իրավական այս փաստարկները պետք է առաջին պլան մղվեն»,- Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում իր ելույթում վստահեցրեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։
Նաև անդրադառնալով Արցախը Ադրբեջանի տարածքի մաս համարողների ելույթներին՝ ասաց․ «Բարձր մարմիններում լսում եմ՝ մեր քաղաքական գործիչների հայտարարությունները, թե Արցախը պատկանում է Խորհրդային Ադրբեջանին։ Նման բան չի եղել․ ովքեր կասկածում են, թող փաստաթղթերը նայեն»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց՝ 35 տարի առաջ արցախյան շարժումը եկավ իր տրամաբանական ավարտին․ «Հայերն Արցախում ապրել են հազարավոր տարիներ, երեք տարին պատմության համար մեկ ակնթարթ է։ Մի քանի տարի հետո, երբ դարձյալ Գանձասարում, Ամարասում, հայկական մյուս վանքերում հնչի հայկական աղոթք, հայ երեխաները մկրտվեն, նույնիսկ գուցե չհիշենք, որ հազարավոր տարիների ընթացքում մի որևէ ակնթարթ Արցախն Ադրբեջանի տիրապետության տակ էր։ Կարևոր է, որ հարգվի արցախահայերի վերադարձի և այլ իրավունքներ, անհրաժեշտ է, որ արցախցիների վերադարձի և մյուս իրավունքները լինեն թե′ ՀՀ քաղաքական օրակարգում, թե′ միջազգային քաղաքական օրակարգերում։ Արցախահայերը միշտ համարվել են հակամարտության կողմ՝ ի տարբերություն ադրբեջանական համայնքի»։
Կարդացեք նաև
Այնուհետև, անդրադառնալով Ղարաբաղյան շարժման ավարտի մասին հայտարարություններին, Արթուր Խաչատրյանն ասաց․ «Նրանք, ովքեր երբեք արցախյան ազատագրական շարժման հետ առնչություն չեն ունեցել, չեն սկսել արցախյան շարժումը, ոչ բարոյական, ոչ էլ առավել ևս քաղաքական իրավունք չունեն արցախյան շարժումն ավարտված համարել։ Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք, ունի իր իրավունքները։ Նրանք, ովքեր արցախյան շարժում չեն սկսել ու չեն մասնակցել, իրավունք չունեն արցախահայերի անունից խոսել արցախյան շարժման ավարտի ու վախճանի մասին»։
Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին նվիրված հանդիսավոր նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































