«Հրաժարվեցինք Ղարաբաղյան շարժումից, քանի որ կոնֆլիկտի և պատերազմի պատճառը հենց Ղարաբաղի շուրջ եղած տարընթերցումներն են»,-ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում, երբ ճանաչում ենք Ադրբեջանի հետ միմյանց տարածքային ամբողջականությունը, պատերազմի հիմնարար պատճառը վերանում է, և այդ հենքի վրա հնարավոր է լինում ստեղծել խաղաղություն․ «Այսօր ձևավորվել է պատերազմի եռագլուխ կուսակցություն և նրանց նպատակը ղարաբաղյան շարժումը, կոնֆլիկտը վերակենդանացնելն է, այսինքն՝ պատերազմը վերականգնելն է։ Պետք է հստակ լինի՝ 1991-ից սկսած՝ մենք մինչև 2024-ը խաղաղություն երբեք չենք ունեցել․ պատերազմը եղել է միշտ։ Դրա վկայությունն է այն, որ ամեն տարի սահմանին զոհ է եղել։ Մենք պատերազմ ունեցել ենք, քանի որ եղել է Ղարաբաղյան կոնֆլիկտ ու շարժում։ Ղարաբաղի շարժումը խաղաղության և անվտանգության հետ անհամատեղելի են եղել։ Մենք մեզ հաշիվ ենք տվել՝ ինչի մեջ է մեր ընտրությունը, մենք հօգուտ խաղաղության և անվտանգության ենք արել ընտրությունը»։
Անդրադառնալով արցախահայերի վերադարձի իրավունքին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Խոսում են Ղարաբաղ վերադարձի իրավունքի մասին։ Ադրբեջանը դրան կհակադրի ձեզ հայտնի թեմաները, և այդ կետի վրա կսկսի եռալ ու կդառնա կոնֆլիկտ։ Մենք ասում ենք՝ այդ թեմաները երկկողմ պետք է փակվեն։ Եթե ասենք, որ Ղարաբաղի՝ մեր սիրելի հայրենակիցները պետք է վերադառնան Ղարաբաղ, նրանք էլ կասեն՝ ուրեմն մեր փախստականներն էլ պետք է վերադառնան։ Մենք ասում ենք Ղարաբաղի դեպքն ուրիշ է, նրանք էլ ասում են՝ էսինչ տեղի դեպքն էլ է ուրիշ»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով իրենց կուսակցության անվտանգային օրակարգը, ասաց, որ իրենց հաջողվել է համոզել աշխարհին, որ մեր լեգիտիմ իրավունքն է ունենալ պաշտպանունակ բանակ, ուստի մեզ արդեն զենք են վաճառում։ Ըստ նրա՝ նախկինում խնդիրը ոչ այն գումարն էր, այլ այն, որ մեզ զենք չէին վաճառում․ «Մեզ զենք չեն վաճառել ղարաբաղյան կոնֆլիկտի պատճառով․ ասել են՝ չունենք վստահություն, որ ՀՀ-ն դա չի կիրառի իր միջ ճանաչված տարածքներից դուրս»։
ՔՊ ծրագրի ներկայացումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































