«Երկու ամիս Արցախի ԱԺ-ն չունի նախագահ խժդժությունների պատճառով։ Մի՞թե սա Արցախի պետական մարմնին է վերաբերվում։ Չեմ ուզում հավատալ․ Արցախը երբեք այդպես չեմ իմացել ոչ 1988-ին, ոչ հետագայում և ամենադժվար պահերին։ Չմոռանանք, որ 1988-ին էլ էր դժվար, անընդհատ դժվար է եղել, չմոռանանք, թե ինչ ճանապարհ է հաջողվել անցնել, թե ինչ նվիրյալների կորուստներ ենք ունեցել և այդ ամենի առաջ պատասխանատու ենք։ էդ ինչի՞ հնարավոր չէ 2 ամսում Արցախի ԱԺ նախագահ ընտրել, ի՞նչ է պատահել, էդ ո՞նց է լինում»,- հուզական ելույթ ունենալով Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախկին անդամ, անկուսակցական Տիգրան Թորոսյանը։
Ըստ նրա՝ եթե մարդիկ կան, որ համարում են՝ ամոթ է ԱԺ պատգամավոր լինեն, թող գրեն, դուրս գան․ «Ի վերջո կան ցուցակներ, հաջորդը կգա, միգուցե նրանք ավելի պատասխանատու կլինեն։ Ամեն մեկս պետք է հաշվետվություն տանք առաջին հերթին՝ մենք ինչ ենք արել, Արցախի պետական մարմիններն ի՞նչ են արել, այդ մեկ տարվա ընթացքում մի մազ ավելացե՞լ է Արցախ վերադառնելու համար, որովհետև առանց ծանր աշխատանքի հնարավոր չէ։ Արցախն արժանի է նվիրումի, գործի, ու Արցախը հետ կբերվի, հավատացնում եմ՝ ծանր, ամենօրյա աշխատանքի գնով։ Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։ Գոյություն ունի շարունակվող կապիտուլյացիա։ Այսօր էլ է դա տեղի ունենում․ բա Տիգրանաշենը, մնացած բոլոր տարածքների տալը ի՞նչ է, կապիտուլյացիա չէ՞, էդ խաղաղությո՞ւն է»։
Ըստ Տիգրան Թորոսյանի՝ երբ իրար շնորհավորում, խոսում ենք Արցախի մասին, չպետք է մոռանանք, որ պարտավորություն ունենք, պետք է գործ անենք․ «Անընդհատ խոսելով ոչնչի չենք հասնի։ Ի՞նչ է իրականությունը։ Պարոն Շահրամանյանը դեռ 2024-ի դեկտեմբերին հրամանագրով հաստատել է ռազմավարությունը, թե ինչ պետք է անել, ի՞նչ է արված այդ ռազմավարության հետ կապված։ Ցավոք, ոչինչ։ Դրա փոխարեն խժդժություններ են սկսվել։ Ոմանք հայտարարում են, որ պետք է ընտրեն Արցախի նախագահ։ Ընտրեք, բայց էդ ի՞նչ գործ էիք անում, որ չբավարարեց Արցախի նախագահի պաշտոնը, թող որևէ մեկն ազնվորեն ասի։ Ով նման գաղափար էր առաջ մղում, էդ ի՞նչ էր իրեն պակասում, Արցախի նախագահի պաշտո՞նն էր պակասում, որ գործ չի արել»։
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին նվիրված հանդիսավոր նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































