Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոկրատիայի կազմակերպած «ընտրությունների» իմաստը

Հուլիս 15,2026 13:30 Share

Լեգիտիմությունը չի որոշվում մանդատ վերցնելով կամ չվերցնելով

Այս տարվա սեպտեմբերին նախատեսված են ՌԴ Պետդումայի ընտրություններ: Տնտեսական իրավիճակն այդ երկրում, մեղմ ասած, փայլուն չէ. բենզինի դեֆիցիտը, որն առաջացել է ուկրաինական հարվածների հետեւանքով, կարող է աղետալի իրավիճակ առաջացնել: Արդյո՞ք դա նշանակում է, որ Պուտինը կարող է չեղարկել կամ նույնիսկ՝ հետաձգել ընտրությունները: Քաղաքագետներն ասում են՝ ոչ, դա բացառված է:

Ինչո՞ւ է բացառված: Բանն այն է, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Հայաստանի տիպի ավտոկրատիաների համար ընտրությունները ոչ թե զուտ քաղաքական միջոցառում են, որտեղ քաղաքացիները պետք է հայտնեն իրենց գերապատվությունների մասին: Դա, ավելի շուտ, ռիտուալ է, ծես է, որն ունի երեք հիմնական նպատակ:

1/ Իշխանությունը պետք է ցույց տա, որ կյանքը նորմալ հունի մեջ է, իրավիճակը կայուն է:

2/ Բյուրոկրատիան (Հայաստանի դեպքում՝ նախեւառաջ մարզպետները, վարչական շրջանների ղեկավարները) պետք է ապացուցեն, որ լավ «մարզավիճակում են» եւ պատրաստ են անմնացորդ ծառայել առաջին դեմքին:

3/ Իշխանական ընտրազանգվածը պետք է ցույց տա, որ շարունակում է պաշտել այդ առաջին դեմքին: Այնպես է ստացվել, որ Հայաստանում եւ Ռուսաստանում այդ ընտրազանգվածի միջուկն են կազմում, ըստ ամենայնի, 50-ն անց կանայք, որոնց սերը «թագավորի» նկատմամբ զուգորդվում է նրա հակառակորդների հանդեպ ատելությամբ: Հայկական յուրահատկությունը նաեւ նրանում է, որ իշխանության այդ «ակտիվիստ» կանայք հնարավորություն ունեն սոցցանցերում սեռական հայհոյանքներ գրելու: Ռուսաստանում սոցցանցերն, ըստ էության, արգելված են:

Ընտրություններն, այդպիսով, ավտոկրատիաների համար կարեոր ստուգատես են: Արդյո՞ք դրանք ամրապնդում են իշխանությունների լեգիտիմությունը: Ո՛չ, լեգիտիմությունը դրա հետ որեւէ կապ չունի: Քանի որ վերջերս «լեգիտիմություն» եզրի շուրջ բանավեճը սրվել է, ինձ հետաքրքիր է մասնագետների կարծիքը:

Ինձ հարցազրույց տված քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանը մի հետաքրքիր բանաձեւ առաջարկեց: Իշխանության լեգիտիմությունը ձեւավորվում է այն ժամանակ, երբ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը վստահ է, որ այդ իշխանության գործողություններն օրինական են: Մինչդեռ Հայաստանում ճիշտ հակառակ պատկերն է՝ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը համոզված է՝ իշխանության գործողություններն ապօրինի են: Պարզապես ես եւ ինձ նման մարդիկ կարծում են, որ ապօրինությունների, կամայականությունների դիմելը վատ է: Իսկ ահա նիկոլական զանգվածը վստահ է, որ ապօրինությունները միանգամայն արդարացված են՝ «լավ է անում, աչքն էլ հանում է, սրանց հետ էդպես է պետք, դեռ քիչ է» եւ այլն: Բայց, անկախ մեր էմոցիաներից, մենք միակարծիք ենք, որ իշխանությունն ամեն քայլափոխի խախտում է օրենքը: Հետեւաբար, լեգիտիմ չէ:

Դարձյալ մեջբերելով քաղաքագետին՝ ասեմ, որ լեգիտիմությունը բացարձակապես պայմանավորված չէ նրանով, թե ով ինչ պատգամավորական մանդատ ունի: Դա՝ ի պատասխան այն պնդման, որ ընդդիմությունը չպիտի լեգիտիմացնի ՔՊ-ին՝ մանդատները վերցնելով: ՔՊ-ին այլեւս ոչինչ չի լեգիտիմացնի: Նույնիսկ, եթե Պուտինը, Թրամփը եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ամեն առավոտ խմբերգ կատարեն Փաշինյանի լեգիտիմության մասին:

Իսկ մանդատ վերցնելը ճիշտ է: ՔՊ-ին չափազանց ձեռնտու կլիներ, եթե ընդդիմությունը եւ նրան սատարողները մի քանի շաբաթ կամ թեկուզ մի քանի ամիս քարշ գային Երեւանի փողոցներով եւ հետո գնային տուն: Գալ իշխանության այնպես, ինչպես որ դա արել է ՔՊ-ն 2018 թվականին, չի հաջողվի՝ դա իրենց դաշտն է:

Իշխանությունը, ոչ միայն Հայաստանում, այլեւ ցանկացած ավտորիտար իշխանություն, ամենաշատը վախենում է ոչ թե փողոցային պայքարից, այլ կազմակերպված ինստիտուցիոնալ քաղաքական կառույցներից, զուսպ, սոլիդ կառուցողական ընդդիմադիր պայքարից: Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը, կարծես թե, այդ ոճն են որդեգրել: Դրանով են մեծամասամբ բացատրվում Փաշինյանի հիստերիկ քայլերը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել