Օգոստոսի 19-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն տարածեց, որ ԵՊՀ դասախոս Էդիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքն ու ազդեցությունն օգտագործելու համար։
Էդիկ Մինասյանը, հիշեցնենք, դաշնակցական, ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի եղբայրն է։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը դատախազը հաստատել եւ ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ քննության։
ԵՊՀ դասախոսի շահերի պաշտպանությամբ զբաղվում է փաստաբան Բենիկ Գալստյանը։ Նա «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադարձավ քրեական վարույթին եւ առաջադրված մեղադրանքին։ «Երկու անձանց միջեւ տեղի ունեցած գաղտնալսում է, այնտեղ երկու անձ խոսում են, իմ գնահատմամբ` մեկը մյուսի մոտ գլուխ է գովում, որ ունի լուրջ շրջապատ, բոլորին գիտի, գիտի նաեւ դասախոսների, էն մեկն էլ ասեց՝ արի, թոռանս հարցերը լուծի, էն էլ ասեց՝ գնամ ճշտեմ, նա էլ ասեց՝ էսքան ա․․․ Կիսատ-պռատ ցուցմունք են վերցնում, ճանապարհում են, էսքան բան․․․ Փաստացի որեւէ փաստական տվյալ չկա, որ Էդիկ Մինասյանն ինչ-որ բան ինչ-որ անձից վերցրել է, որեւէ տվյալ, որպես այդպիսին, չկա, որ իր ազդեցությունից բխած որեւէ ապօրինի կամ օրինական բան պահանջել է։ Միակ ապացույցը գաղտնալսումն է։ Իմ դիրքորոշումն եմ ասում, որ երկու անձ խոսել են, ընդ որում՝ մյուս անձի ինքնությունը պարզ չէ, մեկը մյուսի մոտ գլուխ է գովել։ Ապացույց ինչի՞ չկա։ Եթե «ես լինեմ ԵՊՀ-ի կոռուպցիոներ դասախոս, ես, երեւի թե, ԵՊՀ ընդունվելու համար գումար կվերցնեմ», այդ շահագրգիռ անձը, որի համար գումարի հարց է քննվել, երբեւէ ԵՊՀ նույնիսկ չի դիմել, այդ անձն այլ բուհ է դիմել, այլ բուհ է ընդունվել, նա Էդիկ Մինասյանի առարկաների հետ կապ չունեցող առարկաներից է քննություն տվել։ Երրորդ եւ չորրորդ անձանց միջեւ խոսակցություն է՝ ներքին կամ արտաքին դիտարկում գործողություն է: Ընդ որում՝ կարեւոր հանգամանք, այդ պատճառաբանություններից մեկն էր, որ Կոմիտեն ասում էր՝ այդ մարդուն գտնենք, տեսնենք եւ այլն։ Դա ազդեցություն ունեցավ իմ պաշտպանյալի խափանման միջոցի համար` այդ անձին չգտան, չհարցաքննեցին»,- նշեց փաստաբանը։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































