Բագրատ Սրբազանի և մյուս 17 արդարների գործով դատական նիստի ավարտին դատարանը քննեց այս գործով անցնող «Կամք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի ու ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցը։
Փաստաբանը նշեց, որ Վահագն Չախալյանը տան միակ կերակրողն է, երկու անչափահաս երեխաների հայր է, բացի այդ՝ մեղադրական եզրակացության մեջ վեց անգամ տրվում է նրա ազգանունը՝ առանց հանցանքի հիմնավորման, նա շարունակաբար գտնվում է կալանքի տակ։
«Հարգելի դատարան, մենք բոլոր մեր երեխաներին սեպտեմբերի մեկին ուղեկցել ենք դպրոց՝ երջանկություն ու ուրախություն պատճառելով նրանց, բայց դուք Վահագն Չախալյանի երկու երեխաներին՝ 10 տարեկան որդուն և 11 տարեկան դոստերը զրկել եք այդ ուրախության ու երջանկության պահերից»,-ասաց փաստաբանը։
Մեղադրողը նշեց, որ իրենք դեմ չեն այլընտրանքային խափանման միջոցի կիրառմանը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը, երկու անչափահաս երեխաների խնամքը։
Կարդացեք նաև
Փաստաբանները միջնորդեցին թողնել միայն բացակայելու արգելքը՝ որպես այլընտրանքային խափանման միջոց, իսկ վարչական հսկողություն կիրառելու դեպքում թույլ տալ այն ընթանա առանց էլեկտրոնային սարքերը կրելու, որպեսզի կարողանա պատշաճ բժշկական օգնություն ստանալ։
Դատարանը որոշեց փոխել Վահագն Չախալյանի տնային կալանքը, նրա նկատմամբ կիրառել վարչական հսկողություն, որը կիրականացվի առանց էլեկտրոնային միջոցների և ժամանակային սահմանափակման։ Դատարանը նպատակահարմար չգտավ կիրառել գրավը։
Արթուր Սարգսյանի խափանման միջոցը քննելիս էլ՝ ԱԺ պատգամավորը նշեց, որ ինքն ու Բագրատ Սրբազանն են միայն կալանավորված, 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո, երբ պիտի իրեն ազատ արձակեին, դա էլ անտեսեցին։
«Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ո՛չ փաստաբաններն ասելիք ունեն, ո՛չ էլ ես։ Միայն մի միջնորդություն ունեմ․ ամեն ամիս կալանք եք տալիս, միանգամից վեց ամսով կալանքը տվեք»,-ասաց Արթուր Սարգսյանը։
Դատարանը երկու ամսով երկարացրեց Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը։ «Ամո՜թ, ամո՜թ», -բացականչեցին դահլիճից։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































