Լրահոս
Օրվա լրահոսը

Արհեստական բանականությունը «ներխուժել» է Սարոյանի սենյակ. բացառիկ նախագիծ Գրականության եւ արվեստի թանգարանում

Սեպտեմբեր 03,2026 23:19 Share

Սեպտեմբերի 4-ին կտրվի «Սարոյանական օրեր-2026»-ի մեկնարկը: «Սարոյանական օրեր-2026» կտևի մինչև սեպտեմբերի 12-ը: 9 օրերի ընթացքում նախատեսված են բավականին հետաքրքիր միջոցառումներ՝  բարձր տեխնոլոգիաներով ստեղծված մուլտիմեդիա ներկայացում՝ նվիրված Սարոյանի 10 նշանավոր ստեղծագործություններին, ընթերցումների երեկո, նորահայտ ստեղծագործությունների ընթերցումներ և քննարկում, Սարոյանի «Ամեն ինչ ընտիրից ընտիր է նորից» գրքի քննարկում, որը կազմել է Սքոթ Սեդրակյանը, իսկ ժողովածուն հրատարակել է «Անտարեսը», Սարոյանի անվան մրցանակի շնորհում՝ կարճ պատմվածքի համար, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի ներկայացմամբ Սարոյանի կինոգործունեության ուսումնասիրություն, ներկայացում՝ «Երևակայական կերպար՝ Սարոյան անունով», «Արտույտ» հագուստի հավաքածուի ներկայացում՝ Ուիլյամ Սարոյանի արվեստի գործերի հիման վրա ստեղծված դիզայնով, զեկուցումների շարք՝ նվիրված Սարոյանի կյանքի և ստեղծագործության տարբեր կողմերին, ևս 2 ներկայացում՝ «Թրեյսիի վագրը» և «Խաղողի այգին»:

Սեպտեմբերի 3-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կայացավ բարձր տեխնոլոգիաներով ստեղծված մուլտիմեդիա նախագծի փակ դիտումը:

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը ուրախությամբ նշեց, որ թանգարանում կրկին լցված է սարոյանական շնչով. «Թանգարանի և Վիլյամ Սարոյան հիմնադրամի միջև կնքված հուշագրի արդյունքում Սարոյանական օրերը դարձել են ամենամյա, և մեր առջև խնդիր դրվեց, որ ամեն տարի Սարոյանական օրերը պետք է լինեն յուրօրինակ: Եթե անցյալ տարի մենք բացահայտում էինք Սարոյան նկարչին, ապա այս տարի նոր ձևաչափով ենք բացահայտելու Սարոյանի գրական աշխարհը: Ցուցադրությունը թանգարանի համար նոր ձևաչափով է մշակված»:

Սյուզաննա Խոջամիրյանը նշեց, որ բարձր տեխնոլոգիաներով ստեղծված մուլտիմեդիա նախագիծը ներկայացնում է Վիլյամ Սարոյանի սենյակը, որն ունի 10 պատուհան, ու ամեն պատուհանի մեջ կարող ենք տեսնել Սարոյանի մի գործ. «Օգտագործվել է արհեստական բանականություն, որի միջոցով այդ գործերը վիզուալիզացվել են: Իսկ կենտրոնական մեծ պատուհանում կցուցադրվի յուրաքանչյուր ֆիլմը, հետո կփոխվեն ֆիլմերը: Ամեն ֆիլմ 5 րոպե տևողությամբ է: Մենք ունենք 10 ֆիլմ»:

Սարոյանի հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանն ասաց, որ շատ հուզիչ է, որ մարդիկ միացել են իրենց՝ միասին նշելու Սարոյանական օրերը: Նա մանրամասն ներկայացրեց, թե ինչ միջոցառումներ են սպասվում, իսկ բարձր տեխնոլոգիաներով ստեղծված մուլտիմեդիա ներկայացումը որակեց բացառիկ:

«Երբ 22 տարեկան էի, բախտ ունեցա Սարոյանի տանը Փարիզում 2 շաբաթ անցկացնելու, և այն պատկերը, որ տեսնում ենք այստեղ, կարելի է ասել՝ ճշգրիտ ներկայացնում է Սարոյանի շունչը, նրա տարածքը, միայն մեկ բացառությամբ: Նրա տարածքը շատ ավելի քաոտիկ էր»,-ժպտալով պատմեց Սքոթ Սեդրակյանը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել