Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Աճառյանի 150-ամյակի հուշադրամը նվիրաբերվեց Գրականության և արվեստի թանգարանին

Նոյեմբեր 19,2026 20:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերի 19-ին Գրականության և արվեստի թանգարանում կայացել է «Հրաչյա Աճառյան-150» արծաթե հուշադրամի նվիրաբերման արարողությունը, որին զուգահեռ «Պատում մեկ իրի» ձևաչափով մեկ օրով ցուցադրվել է Աճառյանի «Հայերեն արմատական բառարան»-ը։

Անդրադառնալով ընտրության մանրամասներին՝ ՀՀ Կենտրոնական բանկի արժույթի թողարկման և դրամագիտության կենտրոնի աշխատակից Անժելա Գևորգյանը նշեց, որ կոմիտեի անդամները էսքիզները գնահատելիս չեն իմացել հեղինակների անունները. «Երբ վերջում ամփոփվում էին գնահատականները, բացվեց այն փոքրիկ ծրարը, որը ամենավերջին պահը փակ է լինում, և մենք տեսանք, որ Անի Աճառյանն էր հուշադրամի դիզայնի դարձերեսի հեղինակը։ Դա շատ անակնկալ էր բոլորիս համար, ուրախալի էր, բայց նաև անակնկալ, որովհետև Հրաչյա Աճառյանի ծոռնուհին դարձավ դիզայնի հեղինակը՝ հուշադրամի մի կողմի հեղինակը։ Դա իրոք, կարծում եմ, ճակատագրական հաղթանակ էր ընտանիքի անդամի կողմից»։

Հուշադրամի դիմերեսի էսքիզների մրցույթին մասնակցած Հարություն Սամուելյանը հայտնեց, որ ներկայացրած երեք տարբերակներից հանձնաժողովն ընտրել է առավել պարզ լուծումը՝ բառարանի առաջին թողարկման կազմի և ձեռագիր էջի համադրությունը, մինչդեռ ինքն առավել հետաքրքիր է համարել «բա» արմատին և նախահնդեվրոպական լեզվական զուգահեռներին նվիրված տարբերակը. «Մենք գտանք, որ ամենահետաքրքիրը կլիներ ներկայացնել «բա» արմատը, որը գալիս է «բան», «բառ», «բանախոսություն», «բանահյուսություն» և շատ ուրիշ բառեր։

Դրանք հիմնական արմատներն են հայոց լեզվի, որը սերում է նախահնդեվրոպական արմատներից։ Մի քանի լեզուներից ընտրեցինք հայտնի «լոգոս»-ը և սանսկրիտից համապատասխան բառը, շարեցի ուղղահայաց՝ վերևից ներքև, և դա իր ձեռագրի ֆոնին տեղադրեցի»։

Գրականության և արվեստի թանգարանի միջոցառումների համակարգող Արփինե Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Աճառյանի 150-ամյակին նվիրված հուշադրամի նվիրաբերման վայրը պատահական չի ընտրվել, թեև մեծ գիտնականի արխիվի հիմնական մասը պահպանում են ժառանգները, իսկ թանգարանում եղած ֆոնդն այս պահին մեծ չէ։ «Հատկանշական է, թե ինչու Գրականության և արվեստի թանգարանում, որովհետև և՛ Աճառյանի, և՛ շատ այլ հայ նշանավոր մարդկանց, մտավորականների՝ գրական, երաժշտական, թատերական և կինոգործիչների արխիվների մեծ մասը պահվում է Գրականության և արվեստի թանգարանում»,- ասաց նա՝ հավելելով, որ թանգարանի ձայնադարանի ավանդապահը հենց Հրաչյա Աճառյանի թոռն է՝ Հրաչյա Աճառյանը։

Խոսելով այն մասին, թե ինչու է «Հայերեն արմատական բառարան»-ի ցուցադրությունը կազմակերպվել ընդամենը մեկ օրով՝ նոյեմբերի 19-ին, Արփինե Սիմոնյանը պարզաբանեց, որ թանգարանն ի սկզբանե ավելի ծավալուն ծրագիր և հրատարակություն էր նախատեսել, սակայն տեխնիկական պատճառներով գործընթացը տեղափոխվել է հաջորդ տարի․ «Մենք հրատարակություն էինք պատրաստում, որը տեխնիկական մասերով պայմանավորված, որոնք իրականում մեր դաշտում չէին, փոքր-ինչ հետաձգվեց, այսինքն՝ տպագրության պրոցեսը տեղափոխվեց 2027 թվական։ 2027 թվականին ենք սպասում այդ մեծ տոնակատարությունը, որ կանենք»։

Արարողության շրջանակում ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները «Հրաչյա Աճառյան-150» հուշադրամի օրինակներ հանձնեցին թե՛ Գրականության և արվեստի թանգարանին, թե՛ մեծանուն լեզվաբանի թոռանը՝ Հրաչյա Աճառյանին։

 

Արգինա Փահլևանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30