Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենդանի հող». Գրականության և արվեստի թանգարանում բացվել է COP17-ի շրջանակում կազմակերպված ժամանակակից արվեստի ցուցահանդեսը

Հոկտեմբեր 14,2026 18:07 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 14-ին Գրականության և արվեստի թանգարանում COP17 Armenia-ի շրջանակում Gyumri Art Week միջազգային ժամանակակից արվեստի փառատոնի հետ համագործակցությամբ բացվեց «Կենդանի հող» խորագրով ժամանակակից արվեստի ցուցահանդեսը:

Ցուցադրությունը մեկ տեղում միավորել էր տարբեր սերունդների չորս ակնառու արվեստագետների՝ Մարկոս Գրիգորյանի, Համլետ Հովսեփյանի, Միսակ Մաղաքյանի և Ալեքսեյ Մանուկյանի աշխատանքները՝ վերանայելով մարդու, հողի և բնության փոխհարաբերությունները:

Սարգիս Հովհաննիսյան

«Առավոտի» հետ զրույցում ցուցահանդեսի համադրող Սարգիս Հովհաննիսյանը մանրամասնեց ցուցադրության ստեղծման նախապատմությունը, կոնցեպտուալ հիմքերն ու COP17-ի շրջանակում դրա անցկացման կարևորությունը.

«2025 թվականին, երբ Gyumri Art Week ժամանակավոր ցուցադրության փառատոնը մեկնարկեց, այն նվիրված էր բնությանը, էկոլոգիային և շրջակա միջավայրին: Այդ փառատոնն ամբողջությամբ նվիրել էինք նաև Մարկոս Գրիգորյանի 100-ամյակին, և Գյումրիում՝ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում, ներկայացրել էինք մեր երկու մեծ արվեստագետների՝ Մարկոս Գրիգորյանի և Համլետ Հովսեփյանի աշխատանքները: Այժմ, շարունակելով այդ կոնցեպտը, Գրականության և արվեստի թանգարանում ցուցադրությանն ավելացրինք ևս երկու արվեստագետի՝ Ալեքսեյ Մանուկյանին և Միսակ Մաղաքյանին»,-նշեց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով ցուցադրվող արվեստագետների ինքնատիպ նյութերին ու մտածողությանը՝ մեր զրուցակիցն ընդգծեց.

«Մեծանուն արվեստագետ Մարկոս Գրիգորյանի աշխատանքային հիմնական նյութը հենց հողն է, նա աշխարհում հայտնի է որպես եզակի հող-արվեստագետ (Earthworks): Մյուս արվեստագետը՝ Միսակ Մաղաքյանը, երկար տարիներ աշխատում է բնության մեջ, և իր նյութը քարն է: Համլետ Թովմասյանը դեռ 1970-ական թվականներից Խորհրդային Հայաստանում մեր եզակի արվեստագետներից էր, ով առաջին անգամ հանրությանը ներկայացավ ինստալյացիաներով ու վիդեո-արվեստով՝ գեղանկարչության հետ մեկտեղ օգտագործելով քարը, մամռապատ քարերը: Իսկ Ալեքսեյ Մանուկյանը, բացի հողի հետ աշխատելուց, իր տարածքում ստեղծել է բաց արվեստանոց՝ Արվեստի տնտեսության տարածք, որտեղ ապրում ու ստեղծագործում է, իսկ նրա հիմնական նյութերը հողն ու երկաթն են»:

«Առավոտի» հետ զրույցում շեշտվեց նաև ցուցահանդեսի թանգարանային ձևաչափի ու COP17-ի համատեքստի կարևորությունը.

«Կարծում եմ՝ սա մեր եզակի ցուցադրություններից է Հայաստանում, որ նմանատիպ կոնտեքստի մեջ ներկայացվում են նման արվեստագետներ, հատկապես որ նրանք ցուցադրվում են հենց թանգարանային տարածքում: Ցուցադրությունը թույլ է տալիս վերանայելու մարդու և բնության կապը. քանի որ ամեն ինչ՝ ողջ աշխարհը, կառուցված է հենց հողի վրա, դիտողը հնարավորություն է ստանում մտորելու, թե դեպի ուր ենք գնում և ինչ ենք ուզում ասել:

Այսօր բնապահպանական թեման բավականին ակտուալ է աշխարհում, և բազմաթիվ ցուցադրություններ են տեղի ունենում այդ համատեքստում: Մենք, այս թեմային անդրադառնալով դեռ մեկ տարի առաջ, ուրախ ենք, որ արվեստի միջոցով խոսելով բնակլիմայական պայմանների մասին՝ բացում ենք նաև մշակութային փոխհարաբերությունների հասկացությունը: Սա փաստում է, որ Հայաստանն այսօր աշխարհի հետ համահունչ քայլում է և ճիշտ ընկալում համաշխարհային կոնտեքստը»:

Հավելենք, որ «Կենդանի հող» ցուցահանդեսը Գրականության և արվեստի թանգարանում բաց է լինելու մինչև դեկտեմբերի 4-ը, իսկ COP17-ի անցկացման օրերին թանգարանն այցելուների համար գործելու է ընդլայնված գրաֆիկով՝ մինչև ժամը 20:00-ն (սովորական 17:00-ի փոխարեն):

Արգինա Փահլևանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել