«Հստակ ժամկետներ մեզ չեն նշվել, թե երբ հարցը կքննարկվի բոլոր շահագրգիռ կառույցների հետ։ Մեր կողմից ողջամիտ է գնահատվել, որ գոնե օգոստոսի վերջերին կկարողանանք այդ պարզ հարցի վերաբերյալ ունենալ պատասխան։ Այս պահին պատասխան չունենք»,- Aravot.am-ի փաստմանը՝ Ձեր, Ռուբեն Վարդանյանի կնոջ, ՀՀ ԱԳՆ ու Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վերջիններս խոստացել էին մինչև օգոստոսի վերջ տրամադրել պատասխանատու անձի կոնտակտային տվյալներ՝ Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ մարդասիրական հարցերի շուրջ մշտական հաղորդակցության համար և հարցին՝ նորություն կա՞, պատասխանատու անձ նշանակվե՞լ է, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը։
Նա նշեց՝ մեր կողմից բարձրաձայնված որոշ հարցեր գտնվում են բացառապես ՀՀ իշխանության տիրույթում․ «ՀՀ-ն ցանկանում է աջակցել մարդասիրական առաքելությանը՝ այո կամ ոչ, սա բացառապես կախված է ՀՀ իշխանություններից։ Կան հարցեր, որոնք դրական պատասխանի պարագայում կարող են կախված լինել նաև Ադրբեջանի իշխանություններից։ Օրինակ՝ եթե ՀՀ-ն ցանկանում է աջակցել և պաշտոնապես դիմում է Ադրբեջանին, մենք չգիտենք՝ որքան ժամկետներում այդ երկրի իշխանությունները կարձագանքեն, և այստեղ ըմբռնումով ենք վերաբերվում։ Առնվազն այն հարցադրումները, որոնք կախված են ՀՀ կառավարության դիրքորոշումներից, սպասում ենք՝ գոնե 30- օրյա ժամկետում դրա պատասխանները ստանանք»։
Կարդացեք նաև
Մեր մյուս հարցին՝ տեղեկություն ունե՞ք՝ ՀՀ ԱԳՆ-ն, երբ դիմել է Բաքվին երրորդ երկրի կողմից հայ գերիներին այցելության կազմակերպման համար, կա՞ տեղեկություն Բաքվի պատասխանի մասին, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Ես ունեմ այն տեղեկությունները, ինչն այս պահին հասանելի է հանրությանը, այսինքն՝ հստակ արձանագրում, որ ՀՀ-ն դիմել է երրորդ երկրի՝ ՀՀ-ի անունից Բաքվում գտնվող իր քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ ՀՀ-ն կարծես թե միջնորդ երկրի վերաբերյալ ունի իր տեսլականը և այդ երկրի հետ մտել է դիվանագիտական շփումների մեջ։ Մենք չունենք որևէ պաշտոնական պատասխան, որ ՀՀ-ն երրորդ երկրի թեկնածությունն առաջարկել է Ադրբեջանի իշխանություններին։ Դա ոչ հաստատվել է, ոչ հերքվել, սակայն գործընթացը պահանջում է, որ երրորդ երկրի թեկնածությունը ՀՀ-ն դնի Ադրբեջանի իշխանությունների առաջ, և իրենք արդեն քննարկումներ ծավալեն, թե որ երկիրն է, որ երկուստեք ընդունելի թեկնածու է և այդ երկիրը ՀՀ անունից կիրականացնի այդ հյուպատոսական այցելությունները։ Այս մասով հարցերի պատասխանները չեն հստակեցվում»։
Սիրանուշ Սահակյանը վստահեցրեց՝ հյուպատոսական այցելություն կազմակերպելը յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է․ «Ադրբեջանը կարող է իր ճաշակը թելադրել թեկնածու երկրի մասով, սակայն որևէ երկրի առնչությամբ իր համաձայնությունը պիտի տա։ Եթե այդ համաձայնությունը չի տալիս, Ադրբեջանը խախտում է ՀՀ ինքնիշխան իրավունքը, միջամտում է ՀՀ և սեփական քաղաքացի հարթության մեջ, ինչն անթույլատրելի է։ Բայց հյուպատոսական այցելություն ստանալը նաև մարդու իրավունք է։ Երկու պետություններն էլ պարտավոր են ապահովել պայմաններ, որ օտարերկրյա պետությունում անազատության մեջ հայտնված անձն իր երկրի հյուպատոսական անձնակազմի կամ իր երկրի ցուցման միջոցով երրորդ երկրի միջոցով այդ այցելությունները ստանա։ ՄԻԵԴ-ում բարձրաձայնել ենք, որ հայ գերիներին հյուպատոսական այցելությունների իրավունքից ևս զրկել են»։
Սիրանուշ Սահակյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




















































