Լրահոս
Օրվա լրահոսը

Զելենսկի․ Ուկրաինան Թրամփի ներկայացուցիչների այցի ընթացքում Ռուսաստանի ուղղությամբ օդային հարվածներ չի հասցնի. meduza

Սեպտեմբեր 04,2026 20:56 Share

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է ապահովել «Ռուսաստանի օդային տարածքի բնականոն գործունեությունը»՝ ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա կատարելիք այցի ընթացքում։ Այդ մասին նա հայտնել է երեկոյան տեսաուղերձում։

Զելենսկու խոսքով՝ նախ Քուշներն ու Ուիթքոֆը կայցելեն Մոսկվա, իսկ կիրակի՝ սեպտեմբերի 6-ին, կժամանեն Կիև։

«Ինչպես ամերիկյան կողմի նախորդ դիվանագիտական այցերի ժամանակ, մենք կապահովենք Ռուսաստանի օդային տարածքի բնականոն գործունեությունը, որպեսզի բանակցողները կարողանան անվտանգ ժամանել։ Մենք հոգ ենք տանում հենց նրանց, ոչ թե Ռուսաստանի մասին։ Մեր կողմից օդային հարվածներ չեն լինի»,- հայտարարել է Զելենսկին։

Նա կարծում է, որ ռուսական կողմը նույնպես պետք է բանակցությունների ընթացքում դադարեցնի օդային հարվածները՝ Կիևի և Վաշինգտոնի միջև բանակցությունների ժամանակահատվածում։

Ուիթքոֆն ու Քուշները նախկինում արդեն այցելել են Մոսկվա՝ բանակցությունների համար, սակայն մինչ այժմ ոչ մեկ անգամ չեն եղել Կիևում։

The Kyiv Independent-ի տվյալներով՝ բանակցողները նախատեսում են Ուկրաինայի մայրաքաղաք մեկնել ինքնաթիռով։ Ավելի վաղ աղբյուրները հայտնել էին, որ Ուիթքքոֆի համար գնացքով երթևեկելը «դժվար է»՝ դա նշելով որպես պատճառներից մեկը, թե ինչու ամերիկացի բանակցողները չեն այցելում Ուկրաինա։ Մեծ պատերազմի սկզբից Կիևի օդային տարածքը փակ է, և օտարերկրյա պատվիրակությունները Ուկրաինայի մայրաքաղաք են ժամանում երկաթուղով։

Իսկ bbc.ru-ն հաղորդում է, որ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Կիևի Վլադիմիրսկայա փողոցում գտնվող Ուկրաինայի անվտանգության ծառայության (СБУ) կենտրոնական շենքին։

Նրա խոսքով՝ անօդաչու սարքն ուղղվել էր «անմիջապես այդ շենքում СБУ-ի ղեկավարի աշխատասենյակ»։

Ռուսաստանի զինված ուժերը հարձակումը դեռ չեն մեկնաբանել։

Զելենսկին СБУ-ի ղեկավարին հանձնարարել է այդ հարվածին «հայելային» պատասխան նախապատրաստել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել